Քլինթոնի երևանյան այցով հայ-թուրքական հարաբերությունները կրկին գալիս են օրակարգ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 1, 2010 11:10

ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ ԱՄՆ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի Երևան այցի ժամանակ կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունները:

Գորդոնը մամուլի ասուլի էր հրավիրել Քլինթոնի Կենտրոնական Եվրոպա և Կովկաս այցելության մասին:

Լրագրողի հարցին ի պատասխան, Գորդոնն ասել է, որ ինքը վստահ է` հայ-թուրքական հարաբերությունները կլինեն Քլինթոնի երևանյան այցի օրակարգում:

Գորդոնը նշել է, որ անցյալ հոկտեմբերին Թուրքիայի ու Հայաստանի կողմից ստորագրված արձանագրությունները դեռևս չեն վավերացվել, և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գարնանը հայտարարել էր, որ ինքն առկախում է արձանագրությունների վավերացումը մինչև թուրքական կողմի մոտ բավարար քաղաքական կամքի ձևավորումը:

Գորդոնը նշել է, որ այցը հնարավորություն կլինի Քլինթոնի համար` խոսելու նախագահ Սարգսյանի և հայերի հետ և պարզելու, թե ինչպես են նրանք տեսնում իրավիճակը:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ արձանագրությունների վավերացումից ու Թուրքիայի հետ բաց սահմանից կշահեն և’ Հայաստանը, և’ Թուրքիան»,-ասել է Գորդոնը:

2009 թ. հոկտեմբերին Երևանի և Անկարայի կողմից ստորագրված արձանագրությունները  նպատակ ունեն` կարգավորելու երկու երկրների միջև հարաբերությունները և վերաբացելու սահմանը, որը Թուրքիան փակել է 1993 թվականին` կապված ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի հետ` որպես աջակցություն և հավատարմության նշան Ադրբեջանին:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply