Բանկային Ճգնաժամ. և՛ տոկոսներն են բարձր, և՛ վարկեր չեն տալիս

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 4, 2009 12:09
Գիշյան

Ստեփան Գիշյան

Համակարգիչներ վաճառող խանութը Մերիին (ազգանունը չուզեց ասել) համակարգիչ ապառիկ վաճառելու համար 80% կանխավճար ուզեց: «Մոտ 320000 դրամի սահմաններում համակարգիչ էի ուզում: Խանութն ասեց` բանկը 80% կանխավճար ա ուզում: Էդ նույնն ա, որ ապառիկ չեն տալիս: Ո՞վ 20%-ի համար էդքան թուղթ ու թամասա կհավաքի»,-ասում է Մերին:
Սա ընդամենը մի պարզ դեպք է հայաստանյան ներկա իրականությունից, երբ բանկերը տարեսկզբից տրամադրվող գրեթե բոլոր վարկատեսակներում ոչ միայն 1-2% բարձրացրին միջինացված տոկոսադրույքները` հասցնելով այն 22-24%-ի, այլև գործնականում դադարեցրին վարկավորումը:

ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի բաժինն «Անկախ»-ին հայտնեց, որ «Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ առևտրային բանկերի քաղաքականությունը դարձել է զգուշավոր, որն իր հերթին հանգեցրել է վարկավորման տոկոսադրույքների բարձրացմանը և վարկավորման պայմանների խստացմանը: Ներկա ճգնաժամային պայմաններում աշխարհի բոլոր երկրներում բանկերը որդեգրում են նման վարքագիծ»:
1998թ. ընդունված Քաղաքացիական օրենսգրքով սահմանված է, որ բանկի տոկոսադրույքը չի կարող գերազանցել ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
Այժմ ԿԲ-ն բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանել է 12%, հետևաբար, բանկերի սահմանած տոկոսները չեն կարող գերազանցել 24%-ը:

«Եթե այդ սահմանափակումը չլիներ, այժմ բանկերի առաջարկած տոկոսն անհամեմատ ավելի մեծ կլիներ»,-ասում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
Ըստ Գիշյանի` իրենց բանկը երբեք չի դադարեցրել վարկեր տալը: Տարեսկզբից մինչև հիմա «Ակբա» բանկը 84մլրդ. դրամի վարկեր է տրամադրել: «Մենք պարզապես ավելի զգույշ ենք դարձել և կշռում ենք մեր ռիսկերը,-ասում է Գիշյանը,-հաճախորդներ կան, հիմնականում քաղաքացիներ, որոնք չեն կարող ֆինանսական վերլուծություն անել: Բանկը պահանջվող փաստաթղթերից հայտնի ինֆորմացիայի շրջանակներում փորձում է հասկանալ՝ ի վիճակի՞ է արդյոք վարկառուն մարել վարկը, թե՞ ոչ։ Եթե մենք գտնում ենք, որ կարող է, տրամադրում ենք»:

Տնտեսագիտական համալսարանի Կառավարման ամբիոնի դասախոս Ռուբեն Հայրապետյանի կարծիքով մոտ 6 ամսվա ընթացքում բանկերը ստիպված կվերսկսեն լայնամասշտաբ վարկավորումը. «Վարկի տրամադրումը բանկի գործառույթն է: Եթե շատ սպասեն, տապալվելու են: Իրենց ներքին ռեսուրսների հաշվին կարող են որոշ ժամանակ արհեստականորեն ձգել, բայց դա անիմաստ է»,-ասում է նա:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի ՀՆԱ-ն հունվար-մայիսին նվազել է 15,7 տոկոսով։ Անկում է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։
Իսկ ճգնաժամի պայմաններում շուկայական մեխանիզմները բերում են տոկոսադրույքների բարձրացմանը:

Բանկի առաջարկած տոկոսադրույքը ներկայացնում է բանկի շահույթը` հաշվի առած գնաճի տեմպը։ Քանի որ գնաճը մեծանում է, բանկի տոկոսադրույքն էլ աճում է:
Տոկոսադրույքի բարձրացման չափի վրա մեծապես ազդում են վարկ տալու ռիսկի և վարկը վերադարձնելու կանխատեսելիության գործոնները, հետևաբար, բանկերը դժվարությամբ են տալիս կամ չեն տալիս վարկեր:
«Բանկերն իրենք էլ երաշխիք չունեն, թե դրամի հետ ինչ կկատարվի, օրինակ, 3 ամիս հետո` դոլարի փոխարժեքի խնդիրների հետ կապված, դրա համար էլ նեղացնում են վարկ տրամադրելու շրջանակները»,-ասում է տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը:

Ճգնաժամի պայմաններում աշխարհում նույնպես վարկային պատկերը փոխվում է: ԱՄՆ-ում այժմ տարբեր բանկերում հիպոթեքային վարկավորումը 4-5% է` նախկին 1.5-2%-ի փոխարեն: Վարկերն էլ քիչ են տալիս, հաճախ նույնիսկ չեն էլ տրամադրում: Ինչպես վաճառքի դրված ապրանք կա, բայց երբ ուզում ես գնել, ասում են` չի վաճառվում, այդպես էլ բանկերը փողը «չեն վաճառում»։
Ըստ Գիշյանի` բանկերը վարկեր չեն տրամադրում ոչ թե այն պատճառով, որ մարդկանց չեն ուզում օգնել, այլ հակառակը` նրանց շահերից ելնելով. «Բանկը լավություն չի անի, եթե վարկ տրամադրի մի քաղաքացու, ով չի կարողանալու մարել այն: Որովհետև վարկը չմարելու դեպքում քաղաքացին կորցնելու է գրավ դրած գույքը` մեքենա, տուն կամ այլ անշարժ գույք, և հայտնվելու է ծանր կացության մեջ»:
Արևմտյան երկրներում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում Կենտրոնական բանկերը փողի գինը էժանացրին` իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքը փողի այն գինն է, որով ԿԲ-ն փող է տրամադրում մասնավոր բանկերին:

ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը (ԱՄՆ ԿԲ-ն է) 2007թվից, երբ արդեն նախանշվում էր ճգնաժամը, ռեպո տոկոսադրույքը մոտ 5-6% չափից սկսեց նվազեցնել: Այժմ ԱՄն-ում, ինչպես նաև աշխարհի զարգացած երկրներում, այդ տոկոսադրույքը տատանվում է 0.25-1%-ի շրջանակներում:

2008-ի դեկտեմբերից ՀՀ ԿԲ-ն նույնպես աստիճանաբար սկսեց իջեցնել ռեպո տոկոսադրույքը` (դեկտեմբերին` 7.75%) հունիսի 9-ի ԿԲ խորհրդի նիստի որոշմամբ սահմանելով այն 6%:
Ռեպո տոկոսադրույքի իջեցման նպատակը փողի զանգվածը շուկայում մեծացնելն է: Դա արվում է կանգնած տնտեսությունը խթանելու համար, որպեսզի փող մտնելով այն աշխատի: Ռեպո տոկոսադրույքի իջեցումը ենթադրում է, որ մասնավոր բանկերն էլ պիտի իջեցնեն տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, սակայն Հայաստանում բանկերը տոկոսադրույթները դեռ չեն իջեցնում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունն «Անկախ»-ին հայտնեց, որ առևտրային բանկերի տոկոսադրույքների վրա ռեպոյի ազդեցությունը միանգամից չի լինի. «Դրամավարկային քաղաքականության փոխանցման ուղին պահանջում է որոշակի ժամանակահատված»:

Ըստ Գիշյանի` այդ ժամանակահատվածը մի քանի ամիս դեռ կտևի, և մինչև տարեվերջ բանկերը տոկոսադրույքները կիջեցնեն:
«Խնդիրն այն է, որ Հայաստանում այդ տոկոսադրույքը չունի այն գործիքի նշանակությունը, ինչի համար այն աշխատում է աշխարհում,- ասում է Թևանյանը,- բանկերը շրջանառու միջոցների պակաս չունեն, որպեսզի դիմեն ԿԲ-ին ու փող ստանան: Իրենց պետք չէ ո՛չ էժան, ո՛չ էլ թանկ փող: Իրենք վարկ ուզողի խնդիր ունեն։ Տնտեսական անկման հետևանքով սպառման ծավալի անկում կա, հետևապես խնդիր կա հարկային բեռի թեթևացման, այլ ոչ թե շրջանառու միջոցի տրամադրման, ընդ որում էն տոկոսով, որը բիզնեսին ձեռք չի տալիս»:

«Մենք շատ ենք ուզում վարկ տալ,-ասում է Գիշյանը,-բայց չենք կարողանում տալ այն ծավալով, ինչի հնարավորությունն ունենք: Այն պատճառով, որ նախ ծավալային առումով պակասել է վարկի պահանջարկը, հետո պակասել է վճարունակ պահանջարկը: Այսինքն, պակասել է իրականանալի ծրագրեր ներկայացնող վարկառուների թիվը»։

Ընդհանրապես ճգնաժամի ժամանակ վարկ տալու ռիսկը բարձրանում է, և բանկերը ստիպված են բարձրացնել տոկոսները, բայց տնտեսությունը զարգացնելու համար ցածր տոկոսադրույքներ են պետք։ Այդ հակասությունների մեջ շուկան է որոշում տոկոսադրույքի չափը: Սակայն Հայրապետյանի խոսքով` Հայաստանում գինը չի գոյանում առաջարկի ու պահանջարկի պարզ հարաբերակցությունից, քանի որ տնտեսությունը մոնոպոլիզացված է, և մի քանի հոգի են որոշում գները: «Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը Հայաստանում տնտեսագիտական տեսանկյունից ճիշտ չի իրականացվում,-ասում է Հայրապետյանը,-և չի իրականացվի այնքան ժամանակ, քանի դեռ այն ուղղված է ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ ծառայում է կոնկրետ մարդկանց շահերին»:

Դիտվել է 5043 անգամ:
Print Friendly

Leave a Reply