ՈՒՄՎ-ն ընդունեց ԼՂՀ վերաբերյալ բանաձև

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 30, 2010 17:20

Երևանում գումարված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի հունիսի 30-ի նիստում միաձայն ընդունվեց հայկական պատվիրակության նախաձեռնությամբ ներկայացված և քննարկումների ընթացքում մի շարք պատվիրակությունների առաջարկությունների հիման վրա լրամշակված    «Տարածաշրջանում քրիստոնեական հոգևոր արժեքների և մշակութային հուշարձանների պահպանման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար» բանաձևի նախագիծը:

«Վեհաժողովը դատապարտում է հայկական քրիստոնեական արժեքների` եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, տապանաքարերի, պատմամշակութային հուշարձանների և այլ սրբությունների, որտեղ էլ որ դրանք գտնվեն, ոչնչացման ու պղծման ցանկացած գործողություն» ,-ասված է, մասնավորապես, ընդունված բանաձևում:  ՈՒՄՎ-ի պատվիրակները նաև հրավիրում են Համաշխարհային մշակութային ժառանգության և բնության պահպանության մասին կոնվենցիան ստորագրած երկրների իշխանությունների ուշադրությունը քրիստոնեական հոգևոր արժեքների և մշակույթի ոչնչացման համար պատասխանատվության վրա:

Բանաձևում նաև դատապարտվում են ռազմական սպառնալիքի վտանգը և հնչող ռազմատենչ հայտարարությունները` ղարաբաղյան խնդիրը ուժային ճանապարհով լուծելու մտադրության մասին, ինչպես նաև հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերը: ՈՒՄՎ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմամբ:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1711 անգամ:
Print Friendly

Leave a Reply