Նորագյուղում կկառուցվի Նոր Երևան բիզնես կենտրոն

Պաշտոնական, Օրվա լուր | | June 30, 2010 17:37

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով հունիսի 29-ին պաշտոնական այցով Երևան ժամանեց Մոսկվայի կառավարությունում Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Րեսինի գլխավորած պատվիրակությունը: «Զվարթնոց» օդանավակայանում Վլադիմիր Րեսինին դիմավորեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Վ. Րեսինի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին այցելեց Երևանի քաղաքապետարան:

Կողմերը քննարկեցին Երևանի Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ներդրումային նախագծեր իրականացնելու, ինչպես նաև Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիրներ:

Վլադիմիր Րեսինը, կարևորելով Նորագյուղ թաղամասում նախատեսվող քաղաքաշինական ծրագիրը, նշեց. «Մեր պատվիրակության կազմում է Մոսկվայի գլխավոր ճարտարապետը: Հայերը լավ շինարարներ են. կարծում եմ, որ ձեր մասնագետների հետ միասին մենք կունենանք դրական արդյունք: Ծրագիրը շատ կարևոր է քաղաքի զարգացման համար»:

Երևանի քաղաքապետը կարևորեց այն փաստը, որ Մոսկվայի կառավարությունը և մոսկովյան ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերելՆորագյուղ թաղամասում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրի իրականացման նկատմամբ:

Քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկումից հետո  Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու Վլադիմիր Րեսինը Ծովակալ Իսակովի արձանի մոտից դիտեցին քաղաքաշինության համար նախատեսված տարածքը:

Նորագյուղ թաղամասը գտնվում է  Իսակովի պողոտայի հարևանությամբ: Պասկևիչի բլուրը շրջակա տարածքով, որտեղ նախատեսվում է կառուցապատումը, մոտ 158 հա է:

Հյուրերին տեղում  ներկայացվեցին  Երևանի նոր գործարար-մշակութային կենտրոնի նախագիծն ու մանրակերտը:

Ներկայացնելով նախագծի նպատակը՝  քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ Երևանի այժմյան կենտրոնը գերծանրաբեռնված է, անկախ պետության մայրաքաղաքին բնորոշ բազմաթիվ  գործառույթներ այժմյան  փոքր կենտրոնում այլևս հնարավոր չէ իրականացնել: «Երևանին անհրաժեշտ է նոր կենտրոն, որը նախատեսել ենք կառուցել Նորագյուղ թաղամասում: Այն պայմանականորեն կոչենք Նոր Երևան»,- նշեց Գ. Բեգլարյանը: Այստեղ կլինեն տարբեր` միջազգային, գործարար, դիվանագիտական, մշակութային, կրթական և գործառութային այլ կառույցներ, տեխնապարկեր, գործարար կենտրոններ, ուսանողական շենքեր, բնակելի տներ, բավականին մեծ հանրային նշանակության կանաչ զանգված և այլն: Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ ծրագիրը մի քանի ամիս առաջ ներկայացվել է Մոսկվայի քաղաքապետին, վերջինս Մոսկվա – Երևան համագործակցության շրջանակներում նախագծի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ բնակիչների փոխհատուցումը կատարվելու է բնակարանային տարբերակով. Իսակովի պողոտայի հարևանությամբ արդեն մոտ 2 հա տարածք է առանձնացվել, որտեղ նորագյուղցիների համար առաջիկա երեք տարիներին կկառուցվեն բնակելի շենքեր: Նախ՝ մարդիկ կապահովվեն նոր բնակարաններով, հետո միայն նրանց հին, մեծ մասամբ խարխուլ տները կիրացվեն: «Մինչև բնակիչների համար նոր, հարմարավետ բնակարաններ չունենանք, իրացում չենք սկսի»,- շեշտեց Երևանի քաղաքապետը: Նախկինում իրացման գոտու բնակիչների դժգոհությունները հիմնականում վերաբերում էին համարժեք բնակարաններ չստանալուն, այդ պատճառով էլ, ըստ Գագիկ Բեգլարյանի, որոշվել է բնակիչներին բնակարաններ հատկացնել նույն տարածքում:

Վլադիմիր Րեսինը նշեց, որ «Ծավալային առումով սա կովկասյան տարածաշրջանի առաջին ամենախոշոր գործարար կենտրոնի նախագիծն է: Այստեղ Երևանն առաջինն է»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 2093 անգամ:
Print Friendly

Leave a Reply