Անօրգազմիա. կանանց սեռական հաճույքը զոհ է գնում տղամարդկանց բարքերին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 4, 2009 11:52

Անօրգազմիա35-ամյա կինը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, կյանքում երբեք օրգազմ չի ապրել:
Առաջին անգամ սկսել է հանդիպել տղայի հետ 25 տարեկանում, հենց այդ ժամանակ էլ ունեցել է առաջին սեռական փորձը, ու այն դուրը չի եկել:
Ամուսնությունը նույնպես օրգազմ չի պարգևել, չնայած ամուսինը շատ ուշադիր էր ու աշխատում էր անել ամեն ինչ կնոջը հաճույք պատճառելու համար: «Շատ լավ մարդ ա, բայց սենց ապրել էլ չեմ կարա»,- խոստովանում է նա։ Ասում է, որ հաճախ ստիպված է լինում ամուսնուն չնեղացնելու համար կեղծել, թե հասել է օրգազմի, սակայն ամուսինն այդ զգում է, և վեճ է բացվում: Նա ուզում է բաժանվել և կյանքի ամբողջ իմաստը տեսնում է աշխատանքի, ընկերուհիների հետ շփման ու սերիալ նայելու մեջ: Այսուհանդերձ, սեռական հաճույքը չի լքում նրան, միայն թե այն առանց օրգազմի է` «անօրգազմիա» է։

Մասնագետների խոսքերով` անօրգազմիան երկրորդ ամենատարածված կանացի սեռական խնդիրն է վագինիզմից հետո (այս մասին` մեր հաջորդ համարում):
Անօրգազմիան կնոջ օրգազմի մշտական կամ պարբերական բնույթ ունեցող խանգարումն է: Տարբերում են օրգազմի առաջնային և երկրորդային խանգարումներ: Առաջնային անօրգազմիա ունեցող կինը երբևէ օրգազմ չի ապրել, իսկ երկրորդային անօրգազմիա ունեցողը նախկինում առանց որևէ դժվարության հասնում էր օրգազմի, բայց ժամանակի ընթացքում ինչ-որ պատճառով կորցրել է այդ ունակությունը:
Հայաստանում անօրգազմիայի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։
Բժշկական գիտությունների թեկնածու, բժշկական համալսարանի սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանի խոսքերով` առաջին կլինիկական հիվանդանոցի սեքսապաթոլոգիայի բաժին դիմող կանանց 54%-ն ունի անoրգազմիա:
«Անօրգազմիայով տառապող կանայք ունեն սեռական ցանկություն, հետաքրքրված են տղամարդկանցով և սեռական կյանքով, ընդունակ են էրոտիկ հաճույք զգալու,- ասում է Շահրամանյանը,- սիրախաղի ժամանակ նրանք ի վիճակի են գրգռվելու, նրանց հեշտոցը խոնավանում է՝ իբրև սեռական գրգռմանը տրվող պատասխան ռեակցիա: Այլ խոսքով` սեռական ցիկլի սկզբնական երկու փուլերը՝ ցանկությունը և գրգռումը, խանգարված չեն, և միակ գանգատը հեշտանքի հասնելու դժվարությունը կամ անկարողությունն է»:
Ռուսաստանում անցկացրած հետազոտությունները հայտնաբերել են, որ 3 տարուց ոչ պակաս սեռական կյանքով ապրող կանանց 17%-ը երբեք օրգազմ չի զգացել: Նույն տոկոսն է ստացել նաև ամերիկյան մասնագետ Քինսին 5 տարուց ոչ պակաս սեռական կյանքով ապրող ամերիկուհիների հետազոտման արդյունքում: ԱՄՆ-ի կանանց 30%-ն անօրգազմիա ունի: Ըստ ֆրանսիացի գինեկոլոգ Միշել Վուլֆրումի՝ ֆրանսիացի կանանց 40%-ն անօրգազմիա ունի:
Ի տարբերություն տղամարդկանց, որոնց մեծ մտահոգություն են պատճառում պոտենցիայի հետ կապված խնդիրները, շատ կանայք անտարբեր են оրգազմի բացակայության նկատմամբ: Շատերը նույնիսկ կարծում են, որ կնոջ համար օրգազմ ապրելը բոլորովին էլ պարտադիր չէ, քանի որ հղիանալ ու երեխա ունենալ կարելի է և առանց օրգազմի:
Մասնագետներն ասում են, որ օրգազմ չստանալը խիստ բացասական ազդեցություն է ունենում կնոջ նյարդային համակարգի և ողջ օրգանիզմի վրա, կարող է նևրոզների, սեռական սառնության, բազմաթիվ հիվանդությունների, ուռուցքների առաջացման և այլ առողջական խնդիրների պատճառ դառնալ:
Կանանց օրգազմի խանգարումները հազվադեպ են լինում հիվանդությունների (ծլիկի բնածին անոմալիաների, շաքարային դիաբետի և այլն) կամ դեղերի (օրինակ, հակադեպրեսանտների կամ ճնշման դեղերի) կողմնակի ազդեցության հետևանք և հիմնականում ունեն զուտ հոգեբանական արմատներ:
Անօրգազմիայի պատճառներից են սեռական դաստիարակության կոպիտ սխալները, ինչպես եղել է 35-ամյա կնոջ դեպքում։ Նրան մեծացրել են նահապետական տատն ու պապը, որոնց համար սեռական կյանքի և սեռական դաստիարակության հետ կապված ամեն ինչը համարվում էր կեղտոտ ու անվայել: «Սեռական օրգաններին դիպչելն արգելված էր, նույնիսկ լողանալու ժամանակ», – պատմում է նա:
«Այս կնոջ անօրգազմիայի հիմքում ընկած է դեզինֆորմացիան ու սխալ սեռական դաստիարակությունը,-ասում է բժիշկ Շահրամանյանը: Նման դեպքեր Հայաստանում, ցավոք, շատ հաճախ են հանդիպում: Բայց ես խորհուրդ կտայի չշտապել քանդել այս ընտանիքը, չէ՞ որ քանդելը շատ հեշտ է, դժվարը պահպանելն ու կատարելագործելն է: Ես համոզված եմ, որ այս զույգին կարելի է օգնել»:
Սեռական դաստիարակության սխալները կարող են կապված լինել նաև ընտանիքում մայր-հայր հարաբերությունների հետ: «Եթե կինն ամուսնալուծված է լինում, նա իր կյանքի բացասական փորձը փոխանցում է աղջկան` անընդհատ պնդելով, որ բոլոր տղամարդիկ վատն են, փորձում են կանանց շահագործել միայն մի նպատակով, որ բավարարեն իրենց ցանկությունները… Ժամանակի ընթացքում երեխայի մոտ ձևավորվում է կարծրատիպ, ըստ որի` բոլոր տղամարդիկ վատն են, որ սեռական ոլորտը կեղտոտ է։ Այսպիսի կանայք սկսում են խուսափել տղամարդկանց հետ շփումից, իսկ հետագայում նրանց վախն ու լարվածությունը խանգարում են օրգազմ ապրել»,- ասում է Շահրամանյանը:
Կանանց անօրգազմիայի պատճառ կարող է լինել նաև այն, որ շատ տղամարդիկ հոգում են միայն իրենց հաճույքի մասին և նույնիսկ չեն էլ աշխատում բավարարել կանանց: Կնոջ օրգազմին կարող է խանգարել նաև տղամարդու կոպիտ վերաբերմունքը:
«Կինը մեքենա չէ, նա պիտի հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ լինի սեռական հարաբերությանը, հակառակ դեպքում սեռական ակտը նրա համար կլինի տհաճ եւ ցավոտ,-ասում է Շահրամանյանը:- Տղամարդը պետք է անպայման նախապատրաստի կնոջը, հատկապես եթե դա կնոջ առաջին փորձն է: Նա չպետք է շտապի, շարժումները պետք է բավական դանդաղ, բայց վստահ լինեն: Ցանկացած կնոջը հաճելի է իմանալ, որ իր տղամարդու համար նա սիրելի ու ցանկալի է, այդ պատճառով տղամարդու կողմից փաղաքշանքներն ու հաճոյախոսությունները երբեք ավելորդ չեն լինի»:
Անօրգազմիայի առաջացման մեջ մեծ դեր կարող են խաղալ նաև կենցաղային պայմանները, օրինակ, փոքր տան մեջ ապրելը, վախը, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել, լսել… Եթե կինը չի կարողանում լիցքաթափվել, կենտրոնանալ ու վստահել իր տղամարդուն, ապա նա մեծ հավանականությամբ չի կարողանա օրգազմ ապրել:
«Բազմաթիվ կանայք այստեղ իրենց խնդիրները գաղտնի են պահում, քանի որ ընդունված չէ սեռական խնդիրների մասին խոսել,- ասում է Շահրամանյանը: Ոմանք էլ բժշկին դիմելու փոխարեն դիմում են «կախարդներին» ու բախտագուշակներին»:
Երբեմն կանայք դիմում են ոչ կոմպետենտ բժիշկների, որոնց մասնագիտությունը սեռական ոլորտը չէ, և չբուժվելով` կորցնում են հավատը բժիշկների նկատմամբ:
Շահրամանյանն ասում է, որ կանանց օրգազմի խանգարումները բուժվում են մեծ արդյունավետությամբ, նույնիսկ երբ խանգարման հիմքում ընկած են խորը հոգեբանական խնդիրներ:
Սեքսապաթոլոգը բուժման ընթացքում կարող է ընդգրկել զուգընկերոջը կամ զուգընկերուհուն` զրուցելով նրանց հետ և բուժում նշանակելով՝ ինչպես հոգեթերապևտիկ, այնպես էլ` դեղորայքային: «Հաճախ պետք է լինում, որ մարդիկ փոխեն իրենց մոտեցումները, անկողնային պահվածքը»,-ասում է Շահրամանյանը:
«Բուժումը հաճախ նպատակաուղղված է լինում անհիմն վախերի ու սխալ պատկերացումների վերացմանը: Այն պետք է օգնի կնոջը բարձրացնելու իր հաստատակամությունը (պնդելու իր ցանկությունները) և սեռական նախաձեռնությունը: Կնոջ մեջ պետք է ամրացնել այն համոզմունքը, որ նա անկողնում պետք է իրեն ազատ զգա և լիովին վայելի օրգազմ ապրելու հաճույքը, իսկ ինչ-որ խնդիրներ ունենալիս անկաշկանդ խոսի դրանց մասին իր ամուսնու հետ»:

Դիտվել է 12168 անգամ:
Print Friendly

Leave a Reply