Ինչ է նշանակում երեք նախագահների հայտարարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 30, 2010 16:04

«Անկախին» մեկնաբանելով  նախագահներ Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի հայտարարությունը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ  նրանք կողմերին առաջարկում են բանակցությունները շարունակել այդ շրջանակներում. «բայց պատկերացնել դա ռեալ պոլիտիկ՝ անհնար է»:

Հունիսի 26-ին՝ Կանադայում տեղի ունեցած Մեծ ութնյակի համաժողովում, ԼՂՀ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների նախագահների հայտարարության համաձայն՝ կողմերին առաջարկվում է հետագա կարգավորումը կազմակերպել մի քանի սկզբունքների շուրջ:

«Այդ սկզբունքները ,- ասված է հայտարարության մեջ,- ներառում են Լեռնային Ղարաբաղի շուրջ   տարածքների վերադարձ, ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղին, անվտանգության և ինքնակառավարման ապահովման երաշխիքներ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք, ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»։

Հայտարարության՝ ԱՄՆ նախագահի պաշտոնական կայքում դրված անգլերեն տարբերակում նշված է. «The return of the occupied territories surrounding Nagorno-Karabakh» (Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքների վերադարձ): Իսկ  ՌԴ նախագահի պաշտոնական կայքումում է. «Возвращение территорий вокруг Нагорного Карабаха» (Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ): Ռուսական տարբերակում «occupied» բառն  օգտագործված չէ:

Այս կապակցությամբ  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովն ասաց, որ հարցականներ կան՝ կապված քայլերի հաջորդականության հետ:  «Հայկական կողմը՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, բազմիցս ասել է, որ առանց ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման` մնացած բոլոր խնդիրները ածանցյալ են,- ասել է նա,- ինչ վերաբերվում է օկուպացված տարածքներին, այնտեղ նշված չէ Ադրբեջանի օկուպացված տարածքներ: Եթե նկատի են ունեցել Շահումյանը, Մարտակերտի մի մասը, Մարտունաշենն ու Գետաշենը, դրանք, այո, օկուպացված տարածքներ են, այլ օկուպացված տարածքներ չկան»:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը արագ արձագանքեց  նախագահների հայտարարությունը, որը քաղաքագետ Բոզոյանի գնահատմամբ  տեղին չէր:

«Նման դեպքերում Հայաստանը պետք է մի փոքր ծանրակշռություն դրսևորի, ինչպես Ադրբեջանը, -ասել է նա,- քանի որ արագ արձագանքը չի ենթադրում, որ միջնորդներն անմիջապես սկսելու են քեզ գովել:

Հայլուրին տված հարցազրույցում ասաց ԱԳ նախարարն ասել էր. «Կանադայում Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը՝ հղում կատարելով 2009 թ. հուլիսի 10-ի  Լ’Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ:  Դրանք են.  Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի եւ Արցախի միջև և պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ»:

Իսկանդարյանն ասում է, որ հայտարարության իմաստը երկու տերիտորիաների ճակատագրերը միմյանցից տարանջատելն է. «Այսինքն,  եթե հայկական կողմը համաձայնվում է  այդպիսի որոշմանը, ապա նրանց տրվում է երաշխիքներ, որոնց համատեքստում պարզ է դառնում, որ Ղարաբաղը որոշ ժամանակ հետո կստանա կարգավիճակ»:

Քաղաքագետի կարծիքով՝ դա պրոցես է, որը չի կարելի բնորոշել որպես լավ կամ վատ:

«Մինսկի համանախագահները կողմերի փոխարեն չեն կարող լուծել խնդիրը,- ասում է նա,- նրանք կարող են առաջարկել տարբերակներ, և ահա նրանք առաջարկում են այդ տարբերակը, որին Ադրբեջանն ու Ղարաբաղը հաստատ չեն համաձայնվի, Հայաստանում ինչ-որ տարբերակներ կարելի է քննարկել, բայց չէի ասի, թե դրանից երջանիկ են»:

Այս հայտարարությունում ամենակարևորը  Իսկանադարյանի կարծիքով այն է, որ այլևս լուրջ չի խոսվում այն մասին, թե ԼՂՀ-ն կամ Հայաստանի հետ կապող միջանցքը կարող են ընդգրկվել Ադրբեջանի կազմում: «Իհարկե, կան այնտեղ որոշակի ձևակերպումներ, որոնք արվում են Ադրբեջանի դեմքը փրկելու համար,- ասում է Իսկանդարյանը,-  ինչու՞ եմ ես այդպես վստահ, որովհետև մեր տարածաշրջանում ընտրությունները էտնիզացված են: Այսինքն, տեսականորեն ինձ դժվար է պատկերացնել այդպիսի մի հայի ԼՂՀ-ում, ոը կողմ կքվեարկի Ադրբեջանի կազմ մտնելու համար»:

Բոզոյանի գնահատմամբ՝ հայտարարության դրական կողմն այն է, որ  դրանում կրկին խոսվել է ուժի կիրառման անընդունելիության մասին. «Դա բավականին լուրջ կարող է ազդել Ադրբեջանի վրա»:

Նա համաձայն չէ  մամուլում հնչած այն տեսակետի հետ, թե  հունիսի 18-ի միջադեպի կապակցությամբ միջազգային հանրության տված մեղմ գնահատականը, ինչ-որ առումով խրախուսում էր Ադրբեջանին:

«Կարծում եմ, որ միջնորդներն ուղղակի չեն ուզում սրել իրավիճակը տարածաշրջանում,- ասաց Բոզոյանը,- Նրանք փորձում են հավասարակշռված քաղաքականություն տանել, և դրանով է պայմանավորված նրանց այսպիսի դիրքորոշում ը»:

Հունիսի 18-ին, երբ դրա նախօրեին  Սանկտ Պետերբուրգում ՌԴ  նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը քննարկում էին Ղարաբաղի ճակատագրին վերաբերվող հարցեր,  Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքեր ներթափանցեցին ադրբեջանական զինված խմբավորում, որի արդյունքում զոհվեցին  4 հայ և  առնվազն 1 ադրբեջանցի զինծառայողներ:

Դիտվել է 3263 անգամ:
Print Friendly

Leave a Reply