Բորիս Ակունինի նոր Ժանրը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 4, 2009 10:41

ԱկունինԱկունին Ժամանակակից ռուսաստանցի խոշոր արձակագիր, Էռաստ Ֆանդորինի ու նրա թոռան՝ մագիստր Նիկոլասի մասին ռետրո-դետեկտիվի նշանավոր շարքի հեղինակը շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին նոր, անակնկալ երկերով: 2005-ին նրա սկսած «Ժանրեր» նախագիծը վերջերս համալրվեց գրողի մեկ այլ, թերևս, ամենաարտասովոր երկով՝ «Քվեսթ» վեպ-խաղով:
Սպառելով դետեկտիվի բոլոր հնարավորությունները՝ Ակունինը որոշեց դուրս գալ դրա սահմաններից ու փորձել իրեն գրականության այլ, ամենատարբեր մարզերում: Նախագծի վեպերն ինքնատիպ անվանումներ չունեն, այլ վերնագրված են ըստ ներկայացվող ժանրերի՝ «Մանկական գիրք», «Լրտեսական վեպ», «Ֆանտաստիկա», «Վեպ-կինո»…
«Մանկական գիրքը», օրինակ, երեխաների ու դեռահասների համար գրականության հրաշալի օրինակ է, որը հետաքրքրաշարժությամբ չի զիջում այնպիսի դասականների գործերին, ինչպիսիք են Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» կամ Լագինի «Ծերունի Խոտաբիչը»: «Լրտեսական վեպը» գրված է Յուլիան Սեմյոնովի, Ջոն Լե Կարրեի ու նույնիսկ Յան Ֆլեմինգի «Բոնդիական»-ի լավագույն ավանդույթների ոգով: «Ֆանտաստիկա»-ն, չնայած հապճեպ ավարտին, պատիվ կբերեր ուզածդ խոշոր ռուսաստանցի ֆանտաստ գրողի: Բորիս Ակունինը համոզիչ կերպով ապացուցեց իր ընթերցողներին ու նախևառաջ ինքն իրեն, որ փայլուն տիրապետում է ժամանակակից գրականության գրեթե բոլոր ժանրերի տեխնիկային:
Սակայն այսքանը ռուսաստանցի արձակագրին քիչ թվաց, և լույս աշխարհ եկավ թերևս իր տեսակի մեջ առաջին ստեղծագործությունը՝ «Քվեսթ» վեպը: Այն (quest` «Որոնումներ») կառուցված է համակարգչային խաղի սկզբունքով, որտեղ որոշակի աստիճանում հերոսը տրամաբանության, հնարամտության և ստացած տեղեկատվության հիման վրա պետք է մի քանի տարբերակներից ընտրություն կատարի: Սխալ որոշման հետևանքով նա նորից հայտնվում է խաղի սկզբում, ճիշտ ընտրությունը հնարավորություն է տալիս մեկ աստիճան վեր բարձրանալ: Ավելին՝ նախքան գրքային տարբերակի լույս ընծայումը, վեպը հասանելի էր համացանցում էլեկտրոնային ձևով:
Վեպի առաջին մասն ազատ մուտք ուներ, հաջորդ մակարդակ անցնելու համար պետք էր SMS-ով կամ վարկային քարտով 75 ռուբլի փոխանցել: Դրանից հետո տեսականորեն հնարավոր էր շարունակել «Քվեսթ»-ն անվճար ընթերցել, եթե յուրաքանչյուր փուլում ընտրվում էր ճիշտ տարբերակ՝ հաջորդ մակարդակ անցնելու համար: Սխալ պատասխանը պատժվում էր` սկզբնական աստիճան հետ գլորվելով, և ընթերցանությունը շարունակելու համար պահանջվում էր նոր փոխանցում: Հանելուկներն, ի դեպ, բավական պարզ էին, և հնարամիտ ընթերցողը կարող էր վճարել ընդամենը մեկ անգամ:
Ներկայումս «Քվեսթ»-ի մուտքն ազատ է, անվճար բոլոր ցանկացողների համար հետևյալ հասցեով՝  http://www.elkniga.ru/akunin/:
Խաղից զատ վեպի էլեկտրոնային տարբերակն առաջարկում է նոր հնարավորություններ, որոնք անմատչելի են գրքային ձևին: Բազմաթիվ բառեր ու արտահայտություններ ընդգծված են և, ինչպես ընդունված է ինտերնետի կայքերում, համարվում են հղումներ: Եթե, ասենք, հերոսուհին հիշեցնում է Մերի Փիքֆորդին, կարելի է սեղմելուց հետո նայելով հիանալ համակարգչի էկրանին հայտնված նշանավոր դերասանուհու լուսանկարով: Եթե ընթերցողի համար քիչ է ճապոնական բաղնիքի նկարագրությունը, նա կարող է հղում անելով ուսումնասիրել, թե այն ինչպիսին է իրականում:
Հեղինակի համոզմամբ՝ գրականության ապագան հենց նման ինտերակտիվությունն ու վիզուալացումն է: Հետագա վեպերը, ամենայն հավանականությամբ, հագեցած կլինեն ոչ միայն պատկերազարդումներով, այլև ձայնային ու, թերևս, նույնիսկ հոտառական ուղեկցությամբ՝ երկի մթնոլորտն ավելի լավ հաղորդելու համար:
Գրքի իրադարձությունները ծավալվում են անցյալ դարի 20-ական թվականների վերջում և սկսվում այն բանից, որ գլխավոր հերոսը՝ ամերիկացի դեղագործ Գալթոն Նորդը (ազգանունից դատելով՝ Էռաստ Ֆանդորինի հեռավոր ազգականը՝ ֆոն Դոռն գերմանական տոհմի սերունդ), ամերիկացի մուլտիմիլիոնատեր Ռոթվելլերից (անթաքույց ակնարկ Ռոքֆելլերին) արտասովոր հանձնարարություն է ստանում: Նա պետք է մեկնի Խորհրդային Ռուսաստան՝ խոչընդոտելու բոլշևիկ գիտնականների «հանճարեղության ոգեթուրմի» առանձնացման աշխատանքը, որը նրանք առևանգում են մահացած նշանավոր անձանց ուղեղներից՝ սկսած Լենինից ու վերջացրած ԱՄՆ-ի 27-րդ նախագահ Թաֆթով ու Կարլ-Ֆրիդրիխ Բենցով՝ նշանավոր ավտոկոնցեռնի հիմնադիրով:
Խստապահանջ ընթերցողն այստեղ, թերևս, ուսերը կթոթվի ու կփակի գիրքը՝ հոգոց հանելով. «Էս ի՜նչ անհեթեթություն է»: Ու իրավացի կլինի, սակայն, մասամբ, քանի որ խոսքը ոչ այնքան գրական ստեղծագործության մասին է, որքան վեպի ու համակարգչային խաղի համաձուլվածքի: Ու ինչպես որ մենք նման խաղերից առանձնակի խորություն ու ճշմարտանմանություն չենք ակնկալում, այնպես էլ չարժե դրանք «Քվեսթ»-ից սպասել: Պատումը յուրաքանչյուր մակարդակի հետ դառնում է էլ ավելի ֆանտաստիկ և ոչ ճշմարտանման, թեպետ հեղինակը՝ մասնագիտությամբ պատմաբան, վարպետորեն վերստեղծում է ժամանակի պատմական շունչն ամենայն մանրամասնությամբ: Ընթերցողին սպասում են անակնկալներ ու դեպքերի գլխապտույտ շրջադարձեր վեպի հենց սկզբից և միանգամայն անակնկալ հանգուցալուծում:
Սակայն, ինչպես պարզվեց, սա էլ դեռ ամենը չէ: Երբ, ի վերջո, լույս աշխարհ եկավ գրքի թղթային տարբերակը, ընթերցողները զարմանքով հայտնաբերեցին, որ «Քվեսթ»-ն ավելի խոշոր գրքի ընդամենը մի մասն է, և այն հնարավոր է ամբողջությամբ գնահատել՝ ընթերցելով լրացուցիչ «Քվեսթի գաղտնաբառերը», որի գործողությունները ծավալվում են 1812 թ. Հայրենական պատերազմի ժամանակ: Վեպի գլխավոր հերոսը մեկ այլ գիտնական է՝ Էռաստ Պետրովիչի նախապապը՝ Սամսոն Ֆանդորինը, որի նպատակն է ամեն գնով կասեցնել Ռուսաստանի վրա Նապոլեոնի արշավանքը:
«Գաղտնաբառերը», ըստ էության, դասական ձևով գրված առանձին վեպ է: Բայց, այնուամենայնիվ, այն ավելի լավ է կարդալ «Քվեսթ»-ից հետո՝ հընթացս բացահայտելով խնդրի ծածկագրերը, որոնց վրա գլուխ էր կոտրում Գալթոն Նորդն առաջին մասում:
Կարելի է հաստատել, որ Բորիս Ակունինի՝ նոր ժանր ստեղծելու փորձը «կուտ չի գնացել»: Արդյոք այն կունենա՞ շարունակություն, և ապագայի գրականությունն ամբողջությամբ կդառնա՞ ինտերակտիվ, ինչպես կանխատեսում է հեղինակը:

Դիտվել է 1754 անգամ:
Print Friendly

Leave a Reply