Վիկը նոր ծրագրեր ունի

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 6, 2010 13:52

Վերջին տարիներին Ավստրալիայում բնակվող WBC, WBA և IBO վարկածներով թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որ միշտ հայկական դրոշի ներքո է հանդես գալիս, իսկ ամենագլխավորը` աշխատում է չկտրվել իր հայրենիքից, կրկին Հայաստանում է:   Ավստրալիայի Պարամատե քաղաքի մարզապալատի ռինգում  ֆիլիպինցի թեթև քաշային բռնցքամարտիկ Էրիկ Բարսելոնային հաղթելուց հետո նա,  իր սովորության համաձայն, եկել է բարեկամների հետ վայելելու ուրախության բերկրանքը: Հանդիպելով Վիկին, մի քանի հարց ուղղեցինք նրան:

– Ձեռքդ վիրակապով է: Ե՞րբ ես այն վնասել:

– Վերջին մրցամարտից առաջ` պարապմունքի ժամանակ եմ վնասվածք ստացել: Չէի ցանկանում, որ մրցակիցս այդ մասին իմանա: Բայց վերջին պարապմունքիս ժամանակ ամեն բան բացահայտվեց: Մրցամարտը չէր կարելի հետաձգել,  բավական երկար ժամանակ նախապատրաստվել էի, քաշ գցել: Զայրացած էի և պատրաստ էի գայլի նման պատառ -պատառ անել հակառակորդիս: Անտեսելով սոսկալի ցավը՝ ռինգ դուրս եկա և ուրախ եմ, որ կարողացա հաղթել:

– Արդեն սովորական է դառնում, որ տարբեր քաշային կարգերի հակառակորդների հետ ես մրցում:

– Ցանկանում եմ որքան հնարավոր է շատ չեմպիոնական գոտիների տիրանալ: Ինչ խոսք, ավելի հեշտ է, երբ նույն քաշային կարգի մրցակիցների հետ ես շարունակ  ուժերդ չափում: Ընդ որում, ֆինանսական առումով էլ ձեռնտու չէ քաշային նոր կարգերում մրցամարտեր անցկացնելը: Բայց հայտնի դառնալուն նպաստում է: 34 տարեկան եմ,  պրոֆեսիոնալ ռինգում 2-3 տարի ևս  մրցելույթներս շարունակելուց հետո, երբ կանցնեմ պրոմոութերական աշխատանքի, ճանաչումը  կարող է շատ օգնել:

– Երկա՞ր կշարունակվի «հանգիստդ»:

– Շունչ առնելու ժամանակ գրեթե չկա: Արդեն սեպտեմբերին մրցելու եմ  53,5 կգ քաշային կարգում WBC-ի և WBA-ի վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ, մեքսիկացի  Ֆերնանդո Մոնթիելի հետ: Պետք է աշխատեմ հաղթել, որպեսզի դառնամ այդ քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն: Սակայն դա այնքան էլ հեշտ չի լինի: Մոնթիելը 7 տարի է, ինչ պահպանում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա մայիսի սկզբին Ճապոնիայում  նոկաուտով հաղթել է այդ երկրի ներկայացուցիչ Խացումի Խացեգավային, որը հեղինակավոր բռնցքամարտիկ է: Ապա, ամենայն հավանականությամբ կմրցեմ Մոնթիելի հայրենակից Ռաֆայել Մարկեսի հետ։

– Ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ հանդիպում անցկացնելու հեռանկար չկա՞:

– 2007-ի հուլիսի 7-ին նրան պարտվելուց հետո շարունակ մարտահրավեր եմ նետում այդ բռնցքամարտիկին, սակայն նա միշտ էլ մի պատճառ գտնում է հանդիպումից խուսափելու համար: Ձանձրացել եմ նրան ձեռնոց նետելուց: Վերջերս էլ առաջարկեցի երկու գոտիները նրա հետ մրցամարտի ժամանակ վիճարկման դնել։ Բայց Դոները կրկին խուսանավեց, այլ մրցակցի հետ ցանկացավ ուժերը չափել: Արդեն չեմ էլ հավատում, որ մեր հանդիպումը ռինգում կարող է կայանալ, և նրանից վրեժս կլուծեմ:

– Միջին քաշային պրոֆեսիոնալ վեց լավագույն բռնցքամարտիկներ, այդ թվում նաև Արթուր Աբրահամը, շրջանաձև մրցակարգով հանդիպումեր են անցկացնում` աշխարհի ուժեղագույնին որոշելու համար: Չի՞ նախատեսվում այդպիսի ստուգատես  թեթև քաշային պոֆեսիոնալ բռնցքամարտիկների մասնակցությամբ:

– Այդ մասին նախնական խոսակցություններ կան, և ես մասնակցելու առաջարկ արդեն ստացել եմ: Իսկ կազմակերպիչը լինելու է «Շոութայմ» հեռուստաընկերությունը:

– Հայաստանում հույսեր են փայփայում, որ Վիկ Դարչինյանը հանդիպում կանցկացնի նաև երևանյան ռինգում: Դա հնարավո՞ր է:

– Իմ մրցակիցները, որպես կանոն, ցանկություն են հայտնում Ամերիկայում կամ էլ իրենց հայրենիքում մրցել: Չպետք է բացառել, որ ես էլ առաջարկեմ գոտիներս Երևանում պաշտպանել:

– Իսկ ի՞նչն է խանգարում հայրենիքում մրցամարտերին նախապատրաստվելու, մարզվելու համար:

– Իմ ընտանիքն Ավստրալիայում է բնակվում: Բացի այդ, այնտեղ պարապելու համար բոլոր պայմանները կան: Հայաստանում ես շատ ընկերներ ունեմ, և դժվար կլինի կենտրոնանալ ու մարզվել: Հայաստանում անցկացրած օրերին ինձ չի հաջողվում ռեժիմ պահպանել, չափավոր սնվել: Այնպես որ քաշի խնդիր էլ  գուցե ունենամ: Բացի այդ, համատեղ պարապմունքներ անցկացնելու համար հեշտ է Մեքսիկայից, Ֆիլիպիններից մրցընկերներ Ավստրալիա հրավիրելը:

Դիտվել է 1747 անգամ:
Print Friendly

Leave a Reply