Որքանո՞վ է առաջադրանքն իրատեսական

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 30, 2010 14:17

Բասկետբոլի Երևանի «Հատիս» կանանց թիմի՝ նախորդ մրցաշրջանում Եվրալիգայում ունեցած մրցելույթները Հայաստանում ոգևորություն էին առաջացրել: Մարզասերները հաճույքով էին հետևում մեր թիմի խաղերին, ուրախանում հաղթանակներով: Սակայն այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչ փողեր են ծախսել այդ ամենը կազմակերպողները. վերջում ակնհայտ էր ֆինանսների պակասը: Եվ միայն պրոֆեսիոնալ մեկ խաղացողի` Մաուրիտա Ռեդի ֆինանսական պահանջները կատարելու  հնարավորություն  չլինելու պատճառով, կարելի է ասել, հայկական թիմը չկարողացավ շարունակել իր հաղթարշավը: Թիմի գրոհները կազմակերպող և եզրափակող այդ պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհու հետ լեզու չգտան, նա հեռացավ և, «Հատիսն» այլևս այնքան էլ վտանգավոր չէ:

Իրոք, այդ խաղացողը թիմի կեսն էր, դեռ ավելին: Այդուհանդերձ, ոմանք, «Հատիսի» վերածնունդը ձեռքբերում են  համարում, մյուսներն էլ` պարզապես բլեֆ: Թերևս պատճառն այն է, որ Հայաստանում բարձրակարգ բասկետբոլ գոյություն չունի, այդ ուղղությամբ հիմնավոր աշխատանքը դեռևս չի ստացվում, և արհեստականորեն ստեղծված մեկ թիմով միջազգային ստուգատեսի մասնակցելը նման է շոուի,  սոսկ արվում է այն նպատակով, որ մարզասերների վրա տպավորություն թողնի:

Եվ ահա, Հայաստանն իրավունք է ստացել բասկետբոլի մեկ այլ խոշորամասշտաբ միջոցառում իրականացնել: Հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երևանի «Միկա» մարզասրահը հյուրընկալելու է Եվրոպայի բասկետբոլի կանանց առաջնության C դիվիզիոնի մասնակիցներին: Այս անգամ ավելի դժվար կլինի փորձությանը դիմանալը: Եվ դրա պատճառը կարելի է կռահել: Եթե Հայաստանում լուրջ թիմեր չկան,  պատշաճ, անխափան առաջնության կազմակերպումը երազանք է  մնում, ապա բնական է, որ ազգային ընտրանու համար խաղացողներ գտնելը դժվար է:

Մասնավորապես, սակավաթիվ թիմերի մասնակցությամբ այս տարվա առաջնությունն արդեն ընդհատվել է: Եվ ինչպես փորձում են պատճառաբանել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, դա արվել է այն նպատակով, որ մեր ընտրանին լավ նախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը: Մինչդեռ, եթե առաջնությունը շարունակվեր, մարզուհիները խաղի փորձ ձեռք կբերեին:

Ինչ վերաբերում է  Եվրոպայի առաջիկա C դիվիզիոնի առաջնությանը, ապա մասնակցելու է 7 թիմ, որոնք տեղաբաշխվելու են երկու ենթախմբերում: Մեր երկրի ներկայացուցիչները A խմբում են և մրցելու են Ջիբրալթարի (հունիսի 28-ին), Մոլդովայի (հունիսի 29-ին), Անդորրայի (հունիսի 30-ին) հավաքականների հետ: Մյուս` B խմբում ընդգրկված են Շոտլանդիայի, Մալթայի, Ուելսի հավաքականները: Ի դեպ, ադրբեջանցիները հրաժարվել են  Երևան ժամանել: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հայտնեց, որ վերջերս Մյունխենում հանդիպել է Ադրբեջանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Նասիբովի հետ, որը ծնվել է Երևանում (1960 թ.), բնակվել Մոսկովյան փողոցի շենքերից մեկում և փայլուն տիրապետում է հայերենին: Նա ասել է՝ ինքն էլ կցանկանար, որ  Ադրբեջանի հավաքականը մասնակցեր առաջնությանը, սակայն որոշ հանգամանքներ խանգարել են: Իսկ մասնակից հավաքականները ժամանելու են մրցավայր հունիսի 27-ին:

Մոտավոր հաշվարկներով ստուգատեսի կազմակերպման համար կպահանջվի ծախսել 50-55 մլն դրամ: Ֆինանսներ է հատկացնելու Հայաստանի կառավարությունը, կան մի շարք հովանավորներ: Իսկ թե որ կազմակերպությունը ինչ ներդրում է ունեցել այդ գործում, ինչպես նշեց Ռոստոմյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կհրապարակի հետագայում: Ինքնին հասկանալի է, որ այսպիսի մեծ ծախսերն ինքնանպատակ չեն: Իսկ արդյունքը գոհացնող կհամարվի, եթե Հայաստանի հավաքականն ուղեգիր նվաճի հաջորդ տարի B դիվիզիոնի առաջնությանը մասնակցելու համար:

Ինչ վերաբերում է, զուգահեռ անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, ապա

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը նույնիսկ հաջողություն համարեց, որ մարզական այդ թեժ օրերին մեր երկրի  մարզասերներին այլընտրանքային «պրոդուկտ է» առաջարկվում:

Տեղեկացվեց, որ տարբեր երկրների խաղացողներն իջևանելու են Երևանի «Շիրակ», իսկ մրցավարները, Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի պատվիրակները` «Էրեբունի» հյուրանոցում: Ընդ որում, բոլոր մասնակիցների սպասարկման, սննդի, գիշերելու խնդիրները պարտավոր են հոգալ կազմակերպիչները:

Ինչ վերաբերում է մերոնց ստանձնած B դիվիզիոն տեղափոխվելու առաջադրանքին, ապա տան պատերը պարտավորեցնում են, սակայն պարզ չէ, թե որքանով է այն իրատեսական: Բանն այն է, որ ազգային հավաքականը հնարավորություն չունի ստուգատեսին մասնակցելու դրսից այստեղ հրավիրված խաղացողներով: Հայաստանի կանանց բասկետբոլի հավաքականի մարզական տնօրեն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանը պարզաբանեց, որ իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ մեր երկրի ընտրանին կարող են համալրել միայն Հայաստանի քաղաքացիները: «Բայց այդ, հիմնախնդիրը լուծվել է: Եթե դրսից  ունեցել ենք խաղացողներ, ապա ժամանակին դիմել են և դարձել Հայաստանի քաղաքացիներ»,- ասաց Դավթյանը: Իրականում Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիան թույլատրում է մեկ արտասահմանցի խաղացողի հանդես գալ որևէ երկրի ազգային հավաքականում: Եվ մեր երկրի հավաքականի պատիվը կպաշտպանի մեկ լեգեոնական`«Հատիսի» սևամորթ բասկետբոլիստուհի Ամանդա Ջեքսոնը:

Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր ԱՄՆ-ից են եկել, ապա բանն այն է, որ այդ մարզուհիները` Քրիստինե Քեփենիկյանը, Արփինե Ամիրխանյանը, ժամանակին ծնվել են Հայաստանում և այստեղից են տեղափոխվել: Հավաքականի պատիվը կպաշտպանեն նաև արտասահմանյան տարբեր թիմերում խաղացած մեր բասկետբոլիստուհիները` Հասմիկ Մամիկոնյանը, Իրինա Գրիգորյանը: Սպասվում էր, որ կխաղան նաև Զարուհի Ալեքսանյանը և Հռիփսիմե Ադամյանը: Սակայն Զարուհին երեխայի է սպասում, իսկ Հռիփսիմեն վնասվածք է ստացել, վիրահատվել և դեռևս չի ապաքինվել:

Հավաքականի ղեկը վստահվել է «Հատիսի» կանաց թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանին: Նա 15 մարզուհիների հետ միասին կանոնավոր պարապմունքներ է անցկացնում «Միկա» մարզասրահում: Առայժմ հավաքականի վերջնական կազմը հայտնի չէ: Ղազանչյանը  հայտնեց, որ խնդիրներ ունի բոլոր օղակներում: Վիճակը բարդանում է այն հանգամանքով, որ չկան բարձրահասակ խաղացողներ: «Մեր թիմի ամենաբարձրահասակ  բասկետբոլիստուհու` Հասմիկ Մամիկոնյանի հասակը 1 մ 88 սմ է»,-սրտնեղեց Ղազանչյանը: Ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա մարզիչը անկեղծորեն խոստովանեց, որ իր կարծիքով խմբում բոլորն էլ ուժեղ են, սակայն նրանց մասին ստույգ տեղեկություններ չունի: «Գիտեմ, որ Մոլդովայի հավաքականում կան բարձրահասակ և փորձառու մարզուհիներ: Մյուս թիմերի կազմերում էլ խաղում են 1 մ 90 սմ-ից բարձր հասակ ունեցողներ, այնպես որ, մեզ համար դժվար կլինի»,- ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Փոխարենն ավելի ինքնավստահ էր Դավթյանը: Նա հայտնեց, որ ամեն բան արվել է, և լավ արդյունք է սպասվում: Սակայն կասկած առաջացնող հանգամանքներ կան: Իրականում հավաքականը սկսել է  մարզվել այս ամսից: Բացի այդ, թիմը խաղային մրցափորձի պակաս ունի, թեև Դավթյանը վստահեցրեց, որ Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը երկու ընկերական խաղ է անցկացրել «Հատիս» և մեկ հանդիպում էլ «Պոլիտեխնիկ»  թիմերի հետ: Իսկ դա  բավարար է այսպիսի լուրջ ստուգատեսին հաջող մասնակցելու համար, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Հաշված օրեր են մնացել առաջին անգամ Հայաստանում, նաև տարածաշրջանում կազմակերպվելիք այս մրցաշարի մեկնարկին: Անկեղծորեն ասած, լավատես լինելու համար հիմքերը քիչ են:

Դիտվել է 1871 անգամ:
Print Friendly

Leave a Reply