Թրջված հայ աստղեր` թաց լուսանկարներ Վարդավառի առթիվ
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | July 6, 2010 14:34
Վարդավառի տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին Սիրահարների այգում կկազմակերպվի լուսանկարների ցուցահանդես: Վարդավառը ցուցահանդեսում կխորհրդանշվի «թրջված» լուսանկարներով. ավելի ճիշտ` կցուցադրվեն թրջված հայ աստղերի լուսանկարներ:
Աստղերին ջրելու, թրջված լուսանկարելու, հետո էլ այդ լուսանկարներով Վարդավառին Սիրահարների այգում ցուցահանդես կազմակերպելու գաղափարը դիզայներ Արա Ասլանյանինն է: Նա արդեն երկրորդ անգամ է այսպիսի ցուցահանդես կազմակերպում և այն ամենամյա դարձնելու մեծ ցանկություն ունի: Արան այս տարի համագործակցում է լուսանկարիչ Առնոս Մարտիրոսյանի հետ, որ լուսանկարների հեղինակն է:
«Ջրային» ֆոտոսեսիային մասնակցելու առաջարկ շատ աստղեր են ստացել, սակայն մասնակցելու քաջություն են հայտնել ոչ բոլորը: Գաղափարը շատ է դուր եկել, օրինակ, Սոֆի Մխեյանին, Արմինկային, Զարուհի Բաբայանին, Արսեն Սաֆարյանին, «Դորիանս» խմբի Գոռին, Նարեկ Բավեյանին, Արսեն Գրիգորյանին` խուճուճին, Ավետ Բարսեղյանին, Արամ MP3-ին, դերասանուհի Անի Բայաթյանին, էլի շատերի, ովքեր պատրաստակամորեն լուսանկարման հրապարակ էին եկել:
«Ուզում եմ տեսնել, թե ինչ էմոցիա կունենամ թրջվելիս,-ասում է Սոֆի Մխեյանը, որ շատ է սիրում լուսանկարվել: Թրջվելուց հետո վստահեցրեց, որ շատ հետաքրքիր զգացողություններ է ունեցել: Ի դեպ, Սոֆին շատ է սիրում նաև Վարդավառը, բաց, ցավոք, վերջին տարիներին նրան չի հաջողվում «խաղալ»: «Սկզբում, երբ սեփական տանն էինք ապրում, խաղում էինք, իսկ երբ տեղափոխվեցինք բնակարան, էլ չի ստացվում»,-ասում է նա: Սոֆին կուզենար, օրինակ, որ իր հարսանիքը լիներ Վարդավառին, և բոլորը մի լավ ջրվեին: «Գժական հարսանիք կլիներ, մնում է երկրորդ կեսին գտնել ու համոզել, որ այդպիսի հարսանիք անի, հյուրերին էլ է պետք համոզել, թե չէ ոչ ոք չի գա»,-ծիծաղում է նա:
Հեռուստահաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը լուսանկարման հրապարակ եկավ կարմիր գլխարկը գլխին, սակայն հանելով այն, մի լավ թափահարեց խուճուճ մազերը և պատրաստվեց սառը ջուր ընդունել: Սակայն Արսենի մազերն այնքան խիտ էին, որ մի քանի դույլ ջուրն էլ չօգնեց. ստիպված նա գլուխը մտցրեց ջրով լի դույլի մեջ և մի քանի վայրկյան պահեց` մազերին թրջված տեսք հաղորդելու համար: Արսենը որոշեց, որ իր թրջված դեմքին վատ չէր լինի նաև ծամոնով փուչիկը և լուսանկարման ամեն փորձի ժամանակ ավելի ու ավելի կատարելագործված փուչիկներ էր անում:
Արսեն Սաֆարյանին նույնպես շատ էր հետաքրքրել թրջված լուսանկարվելու գաղափարը, մանավանդ որ լուսանկարները ցուցադրվելու են Սիրահարների այգում: Իսկ ավելի շատ դուր էր եկել այն, որ այդ ամենը կոմերցիոն բնույթ չէր կրում.
«Վարդավառի տոնը շատ եմ սիրում, սակայն հիմա պատանիներն ու երիտասարդներն այնքան էլ ակտիվ չեն խաղում»,-ասում է Արսենը` հիշելով իր «երիտասարդությունը», երբ իրենք տեղը տեղին էին անցկացնում այդ տոնը: Արսեն Սաֆարյանը նախընտրում է Վարդավառին ոչ թե սիմվոլիկ, այլ ոտքից-գլուխ թրջվելու տարբերակը (այնպես որ եթե այդ օրը պատահաբար հանդիպեք նրան, կարող եք մի լավ ջրել):
Արմինկային միշտ է ջուրը դուր գալիս` հատկապես շոգ եղանակին, այնպես որ նա ջրվելու և թրջված լուսանկարվելու խնդիր չունի: Ինչ վերաբերում է լուսանկարների ցուցահանդեսին, ապա նա համաձայնել է մասնակցել` տեսնելով նախորդ տարվա լուսանկարները:
Լուսանկարվելու ընթացքում, մեկ էլ տեսնում էիր, աստղերի մուսան գալիս էր, և նրանք սկսում էին հետաքրքիր գաղափարներ առաջարկել. օրինակ` Ավետ Բարսեղյանը որոշեց, որ լավ կլինի, եթե ինքը մի փոքրիկ կրակ վառի և վարդի թերթիկները լցնելով կրակի վրա` այրի. դե արի ու էդ ընթացքում Ավետի գլխին ջուր լցրու և թրջված լուսանկարի: Ամեն դեպքում, գործը գլուխ եկավ:
Զարուհի Բաբայանը, լավ թրջվելուց և լուսանկարվելուց հետո, իր զգացողությունները մի բառով արտահայտեց` կայֆ էր: Նա խոստովանեց, որ վերջերս խենթությունների կարիք է զգում: «Հեշտ եմ համաձայնվում ոչ ստանդարտ նախագծերին,-ասում է նա,- կյանքն, առանց այն էլ, շատ անհետաքրքիր է դարձել մարդկանց ծանրաբեռնվածության, լարվածության պատճառով, ուստի պետք է ամենաչնչին բանից անգամ տոն սարքել»: Իսկ Վարդավառի տոնը Զարուհու ընտանիքը շատ բուռն է տոնում. «Ընտանիքով խաղում ենք, լավ ջրում իրար»,-ասում է նա` ավելացնելով, որ երբեք չի զայրանում, բայց զարմանում է այն մարդկանց վրա, ովքեր Վարդավառին չեն ուզում ջրվել:
Հ.Տ. Հայկոյին (նախկին «Հայ տղերք» խմբից) ևս շատ էր դուր եկել ջրային լուսանկարման գաղափարը. նա ուզում էր կողքից տեսնել (այսինքն` լուսանկարով) իր թրջվելու պահը: Հայկոն նախընտրեց ծխախոտով լուսանկարվել, որը նրա թրջված դեմքի հետ հետաքրքիր կոնտրաստ ստեղծեց:
Լուսանկարմանը մասնակցում էին նաև նորահայտ երգիչ-երգչուհիներ. օրինակ` Հայկ Կասպարովը, Ռիփին: Չնայած Հայկը հենց նույն գիշեր մեկնում էր Մոսկվա հյուրախաղերի, համաձայնել էր մասնակցել լուսանկարմանը. «Թրջված մի ֆոտո եմ տեսել «Օդնոկլասնիկում», դուրս շատ է եկել,- ասում է նա,- եթե իմ ֆոտոն էլ հաջող ստացվի, կգցեմ «Օդնոկլասնիկ»»:
Արա Ասլանյանն ասում է, որ ցուցահանդեսի նպատակը ոչ թե աստղերին ջրելն է (որը ևս շատ հետաքրքիր է), այլ ֆոտոցուցահանդեսների թեման ակտիվ պահելը: Լուսանկարները Սիրահարների այգում կլինեն մոտ մեկ շաբաթ` Վարդավառի հաջորդ օրվանից սկսած: Արան նշում է, որ աստղերին «համոզելու» խնդիր չկա. «Հենց տեսնում են նախորդ տարվա լուսանկարները, միանգամից հետաքրքրում է»,-ասում է նա:
Չնայած ծախսերը շատ են, Արան ու Առնոն այս ամենը սեփական միջոցներով են անում. լուսանկարները պետք է մեծ պաստառների վերածվեն ցուցադրվելուց առաջ:
Արան արդեն մտածում է մեկ այլ գաղափարի շուրջ` լուսանկարիչների դիմանկարների ցուցահանդեսի. նա ուզում է, որ ամեն լուսանկարիչ ինքն ընտրի, թե որ լուսանկարչին է ուզում լուսանկարել: Փաստորեն, յուրաքանչյուր լուսանկարիչ հանդես կգա և՛ լուսանկարչի, և լուսանկարվողի դերում:
Առիթից օգտվելով` լուսանկարման ընթացքում հարցուփորձ արեցի նաև թրջված աստղերի ստեղծագործական կյանքից. պարզվեց, որ մեր աստղերը շատ գործնական են ու ամառվա տապին, փոխանակ հանգստանալու մեկնելու, զբաղված են զանազան նոր գաղափարներ ու ծրագրեր կյանքի կոչելով:
Օրինակ` Զարուհի Բաբայանն ամառվա ընթացքում նոր ձայնասկավառակ է թողարկելու` ժողովրդական, պարային ուրախ երգերով: Այդ ամենը դեռ չավարտած` աշխատանքներ է տանում նաև հաջորդ ձայնասկավառակի ուղղությամբ` այս մեկն արդեն ջազային ոճի է:
Արմինկան հունիս-հուլիս ամիսներին մենահամերգներով հանդես է գալու Հայաստանի մի շարք վայրերում: Սեպտեմբերին հյուրախաղերով մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, միայն թե մեկ շաբաթից ոչ ավելի մնալու պայմանով. փոքրիկ Ալեքսը դեռ 11 ամսական է, և Արմինկան չի պատրաստվում նրան երկար ժամանակ մենակ թողնել: Նա աշխատում է նաև նոր ձայնասկավառակի վրա, որը, ըստ
Արմինկայի, լինելու է լրիվ նոր ոճի:
Արսեն Սաֆարյանին արդեն «զզվեցրել են» ֆոնոգրամայով համերգները. նա պատրաստվում է այսուհետ հանդես գալ կենդանի երաժշտությամբ. այդ առթիվ նա արդեն համագործակցում է «Թալիսման» խմբի հետ, գրեթե պատրաստ է նաև երգացանկը` գրված հինգ երաժշտական գործիքի համար: Մինչև աշուն Արսենն այդ խմբի հետ հանդես կգա փոքր ծրագրերով տարբեր ակումբներում, իսկ աշնանը, նախատեսում է մեծ մենահամերգ, որի ժամանակ շատ նոր երգեր կհնչեն:
Երգիչ,հաղորդավար Արսեն Գրիգորյանն էլ նոր երգ ունի, կոչվում է «Դու, դու, դու»: «Երգը փոփ-ռոք ժանրի է, «32 ատամի» Գարիկն է գրել: Հույս ունեմ, որ տեսահոլովակ էլ կլինի»,-ասում է նա:
Սոֆի Մխեյանը պատրաստվում է առաջիկայում մի լավ նախագիծ իրականացնել, որի շրջանակներում նաև հետաքրքիր տեսահոլովակ է լինելու` նվիրված երիտասարդությանը: Ի դեպ, բուն նախագիծն էլ է նվիրված երիտասարդությանը:
Ջրային ֆոտոսեսիայի եկած աստղերն անկեղծ ու բնական էին ամեն առումով` հատկապես թրջվելուց հետո, երբ նրանց դեմքին ու մազերին կոսմետիկայի հետք էլ չէր մնում: Մի խոսքով, ջրային լուսանկարման հրապարակում, որն ի դեպ հենց Սիրահարների այգում էր, աստղերի` «ջրից չոր դուրս գալու» փորձերն ապարդյուն էին անցնում:






Facebook
Tweet This
Email This Post
