Երևանի 44 մանկապարտեզներում ջեռուցման համակարգեր են ներդրվում

Պաշտոնական, Օրվա լուր | | June 30, 2010 11:32

Երևանի քաղաքապետարանում երեկ  հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը վարում էր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Օրակարգում համաքաղաքային ծրագրերի ընթացքի հետ կապված խնդիրների քննարկումն էր:

Զեկուցվեց, որ 2010թ. նախատեսված քաղաքապետարանի տարեկան ծրագրերն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Վարչական բոլոր շրջաններում ընթացքի մեջ են փողոցների ասֆալտապատման, կանաչապատման, բակերի բարեկարգման աշխատանքները: Երևանի քաղաքապետի խոսքով՝ երևանցիների աշխույժ ժամանցը կազմակերպելու համար մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում պետք է ստեղծվեն հանրային կենտրոններ, որտեղ բնակիչները հնարավորություն կունենան անցկացնելու հանգիստն ու ազատ ժամանակը:

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվեց «Երևաննախագիծ»  ինստիտուտի հետ համատեղ մշակել շրջաններում հասարակական կենտրոնների  նախագծերը: Համալիր ծրագրի համաձայն՝ յուրաքանչյուր համայնք կունենա հանգստի իր կենտրոնը:

Զեկուցվեց, որ ասֆալտապատման այս տարվա քաղաքային ծրագրով արդեն ասֆալտապատվել է  245 հազար քմ ճանապարհ: Աշխատանքների ավելի քան 30 տոկոսը կատարված է: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ մայրաքաղաքի նախադպրոցական 44 հաստատություններում ընթանում են  ջեռուցման համակարգերի ներդրման աշխատանքները: Այս տարվա ձմեռը  Երևանի բոլոր մանկապարտեզները կդիմավորեն տաք սենյակներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 5830 անգամ:
Print Friendly

Leave a Reply