Պետբյուջեից 8 միլիոն դրամ են հափշտակել` իբրև հղիության նպաստ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 30, 2010 11:23

ՀՔԾ-ում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների  կոմիտեի Նաիրիի տարածքային  հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի աշխատակցի  կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու,  խարդախությամբ պետական բյուջեից խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ  ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների  կոմիտեի Նաիրիի տարածքային  հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ Հ. Արիստակեսյանը,  նույն հարկային տեսչությունում  հաշվառված  «Սերգոյաններ», «Համլետ-Նարինե»  ՍՊ ընկերությունների տնօրենների, ինչպես նաեւ «Լիլիթ Խաչատրյան»  անհատ ձեռնարկատիրոջ հետ  նախնական համաձայնության գալով,   տարբեր ժամանակահատվածներում ձեւականորեն աշխատանքի է ձեւակերպել թվով 4 հղի կանանց: Այնուհետեւ հարկային տեսչություն կեղծ  տեղեկություններ է  ներկայացրել, թե իբր  վերջիններս  աշխատել են   հիշյալ ընկերություններում եւ ամսական ստացել բարձր աշխատավարձ: Հ. Արիստակեսյանը  ընկերությունների տնօրենների  անունից  կազմել եւ հարկային տեսչություն է ներկայացրել  կեղծ տեղեկանքներ, թե գործատուների կողմից  հիշյալ կանանց որպես հղիության նպաստ վճարվել են գումարներ, ինչը փոխհատուցելու համար դիմել է սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ ներկայացելով պահանջվող փաստաթղթերը, իսկ հետագայում ամբողջությամբ ստացել և հափշտակել է պետբյուջեից փոխհատուցված գումարները:

Բացի այդ` պարզվել է, որ Հ. Արիստակեսյանը, փաստացի իրականացնելով 2007թ. հոկտեմբեր ամսին հիմնադրված  «Թեհմինե Հովհաննիսյան»  Ա/Ձ հաշվապահությունը, 2008թ. հունվար ամսին նշված անհատ ձեռներեցի անունից  ոչ ճիշտ հաշվետվություն է  ներկայացրել, թե իբր ձեռնարկության տարեկան շրջանառությունը  կազմել է 12 միլիոն դրամ, մինչդեռ իրականում ձեռնարկության տարեկան շրջանառությունը  կազմել է 7 միլիոն դրամ: Արդյունքում պետբյուջեից որպես փոխհատուցում ավել է վճարվել 1.918.900  դրամ, որը կրկին  հափշտակվել է Հ. Արիստակեսյանի կողմից:
Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետբյուջեից որպես հղիության նպաստ հափշտակված ընդհանուր գումարով  8.050.000 դրամը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Հ. Արիստակեսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կ.  Սերգոյանին, Մ. Բադալյանին եւ Լ.Խաչատրյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:  Քրեական գործն, ինչպես հաղորդում է գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը,   ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր  իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply