Վարչապետը շնորհավորել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին ՀՀ նախագահի մրցանակ ստանալու առթիվ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 29, 2010 19:26

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթին։
Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհավորել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակ ստանալու առթիվ։
Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է արվել «World Ahead» ծրագրի շրջանակներում ծավալված համագործակցության ընթացքին։ Ծրագրով նախատեսվում է դպրոցների համակարգչային հագեցվածության ապահովում և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի իրականացում։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է «Ինտել» կորպորացիայի հետ համատեղ գիտահետազոտական կենտրոնի ստեղծման կարևորությունը, ինչը ողջունել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահը։
Խոսելով «Արմթեք-2009» համաժողովի շրջանակներում Սիլիկոնային հովիտ կատարած այցի մասին` կառավարության ղեկավարն անդրադարձել է վենչուրային հիմնադրամների գործունեությանը և կարևորել «Ինտել» կորպորացիայի փորձի կիրառումը Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման գործում։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՀ կառավարության հավանությանն արժանացած էլեկտրոնային հասարակության հայեցակարգի վերաբերյալ։ Վարչապետը տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ գործող Էլեկտրոնային կառավարման խորհրդին կից գործում է Խորհրդատու մարմին և հրավիրել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահին` մասնակցելու դրա աշխատանքներին։

Դիտվել է 2354 անգամ:
Print Friendly

Leave a Reply