Վարչապետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 29, 2010 17:32

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանին։ Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարի նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է. «Մեր կոալիցիոն գործընկերը որոշում է կայացրել կատարել կադրային փոփոխություն և հաշվի են առել պարոն Մնացականյանի դիմումը աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Եվ ըստ մեր կոալիցիոն համաձայնագրի, մենք ընդունել ենք այդ առաջարկը»։

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ցուցաբերած վստահության համար և խոստացել է անել առավելագույնը նախարարության ծրագրերով նախատեսված պարտավորություններն ու գործառույթները բարձր մակարդակով կատարելու։
Վարչապետ Սարգսյանը նախարարության աշխատակիցների ուշադրությունը հրավիրել է մի քանի խնդիրների վրա, որոնք տարվա ընթացքում պետք է իրականացվեն։

«Կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ սկսել ենք մի լուրջ գործընթաց, որը նախարարությունից պահանջելու է մեծ ջանքեր` մասնագիտական ջանքեր։ Բնականաբար, բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, միջազգային կառույցները այս հարցում մեզ օժանդակելու են։ Աշխատանքների մյուս կարևոր ուղղությունը մեր սոցիալական ծառայություններն են, հատկապես սոցիալական նպաստները։ Մենք ձեզ հետ միասին կայացրել ենք կարևոր որոշում, 2010 թվականի չորրորդ եռամսյակից ավելացնելու ենք սոցիալական նպաստները։ Դրանց արդյունավետությունն այս պահի դրությամբ մեզ համար չափազանց կարևոր է»,- նշել է Տիգրան Սարգսյանը։

Վարչապետն անդրադարձել է Վերահսկիչ պալատի կողմից մարզերում կատարված ստուգումներին, այն հարցին, թե արդյոք սոցիալական նպաստները ծառայում են իրենց նպատակին, ընտրված թիրախային ընտանիքներն արդյո՞ք համապատասխանում են սահմանված չափանշներին և արդյո՞ք նպատակային են այդ միջոցներն օգտագործվում։ Ստուգումների արդյունքում Վերահսկիչ պալատի պալատի կողմից բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ. տրվել են կեղծ տեղեկանքներ, կեղծվել են փաստաթղթեր, իրողությունը թաքցվել է։ «Դրա արդյունքում նպաստներ ստացել են այն ընտանիքները, ովքեր այդ ցանկերում չպետք է լինեին։ Նախարարության և նորանշանակ նախարարի առջև հիմա հստակ խնդիր է դրվում, որպեսզի աշխատանքներն այդ առումով բարելավվեն և մեր սոցիալական ծրագրերի արդյունավետությունը բարձրացվի։ Սա նաև հանրապետության նախագահի սկզբունքային դիրքորոշումն է, և մենք չենք կարող հանդուրժել, որ ֆինանսական միջոցները փոշիացվեն և չհասնեն իսկապես կարիքավոր ընտանիքներին», – ասել է գործադիրի ղեկավարը` համոզմունք հայտնելով, որ Արթուր Գրիգորյանի` Վերահսկիչ պալատում աշխատանքի փորձը կօգնի լուծել նաև այդ խնդիրները։

Դիտվել է 1602 անգամ:
Print Friendly

Leave a Reply