«Տղամարդկանց ու կանանց միջև լիակատար հավասարություն լինել չի կարող. կան հոգեբանական, սոցիալական բազմաթիվ խնդիրներ». Լորետո Ֆելտրեր

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | June 29, 2010 16:41

Կանանց իրավունքների պաշտպանության և իրավահավասարության խնդիրներն առկա են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Սակայն Հայաստանն այդ հիմնախնդիրների լուծման ճանապարհին դեռևս առաջին քայլերն է անում:

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման մասնակիցների բարձրացրած հիմնական խնդիրները վերաբերում էին Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտի անկատարությանը, հասարակության իրազեկման ցածր մակարդակին, պետության դերի անլիարժեքությանը:

Քննարկմանը մասնակցում էին ոչ միայն տեղական ՀԿ-ների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, այլև Իսպանիայի Օմբուդսմանի կանանց հիմնահարցերով մասնագիտացված խորհրդականներ Ռոսիո Մոնտեռոսոն և Լորետո Ֆելտրերը:

Վերջինս նշեց, որ չնայած Իսպանիայում կնոջ իրավահավասարության և գենդերային բռնության դեմ պայքարը սկսվել է շատ վաղուց, այնուամենայնիվ, իրենց մոտ ևս այդ խնդիրները լիարժեք լուծված չեն:

«Չպետք է խաբենք ինքներս մեզ,-ասաց ֆելտրերը,-որովհետև եթե հանվեն բոլոր սոցիալական արգելքները, տղամարդկանց ու կանանց միջև լիակատար հավասարություն էլի չի կարող լինել. կան հոգեբանական, սոցիալական բազմաթիվ խնդիրներ»:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ-ի «Ընդդեմ գենդերային բռնության» Հարավային Կովկասում ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան հայտնեց, որ առաջին անգամ Հայաստանում իրականացվել է համահանրապետական հարցում` ընտանեկան բռնությունների վերաբերյալ, որի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 12-ին: Ծրագրի շրջանակներում իրականացվում է նաև «Տղամարդիկ ընդդեմ բռնության»  քարոզարշավը, այլ կերպ ասած սա քարոզարշավ է` «տղամարդը` տղամարդու լեզվով» մեխանիզմով:

«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Վարդանյանն էլ ներկայացրեց հետաքրքիր վիճակագրական տվյալներ. օրինակ. Հայաստանի 10 կանանցից 6-ը կարծում են, որ լավ կինը միշտ ենթարկվում է իր ամուսնուն` անգամ համաձայն չլինելու դեպքում: 10 կանանցից 4-ն են միայն  համաձայնել, որ կինը պետք է ընտրի իր ընկերներին, նույնիսկ եթե ամուսինը նրանց չի հավանում: Գրեթե բոլոր կանայք համաձայնել են, որ ամուսինը երբեք չպետք է հարվածի կնոջը: Հայաստանում կանանց մոտ 12%-ը ենթարկվել է ծանր ֆիզիկական ճնշման. 10 միջադեպերից 9-ը տեղի են ունեցել ամուսինների պատճառով, իսկ 10-ից մեկի ժամանակ սկեսուրներն են ֆիզիկական ուժ գործադրել: Բռնության ենթարկված կանանց միայն մեկ երրորդն է լքել իր զուգընկերոջը` բռնանալու կամ սպառնալու պատճառով: Բռնության ենթարկված կանանց միայն 6%-ն է դիմել ոստիկանություն:

Գենդերային բռնության դեմ պայքարում իրավապահ և արդարադատության մարմինների կարողությունների զարգացման խնդիրների մասին խոսեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի ներկայացուցիչ Վահան Ասատրյանը, ում խոսքով, ոստիկանության աշխատակիցների իրազեկման մակարդակը գենդերային խնդիրների վերաբերյալ շատ ցածր է:

«Տեղեկացվածությունը մի փոքր բարձր է սեռական բռնությունների առումով»,-ասաց նա,-սակայն բռնության այլ ձևեր նրանցից շատերը նորմալ են համարում նաև իրենց աշխատանքում»:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով, սեռական բռնության դեմ պայքարի ամենալուրջ խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ միայն բռնաբարությունն են ընկալում ` որպես սեռական բռնություն, սակայն եթե մեկը երթուղային տրանսպորտում սեռական բնույթի գործողություններ է կատարում, դա համարվում է անդաստիարակություն:

Աղաբեկյանը լուրջ խնդիր է համարում նաև բռնության ենթարկված կանանց կողմից պետական կառույցներին` մասնավորապես ոստիկանությանը չվստահելու փաստը, որն իր հիմնավորումներն ունի. օրինակ, ըստ նրա, ոստիկանության աշխատակիցը բռնաբարված կնոջն առաջարկել է 1000-2000 դրամ`բողոքը ետ վերցնելու համար կամ այն դեպքերում, երբ «կորուստն այնքան էլ մեծ չէ»`այսինքն, եթե կինը կույս չի եղել, բողոք չներկայացնել. հակառակ դեպքում կարելի էր մտահոգվել և լուրջ միջոցների դիմել:

Քննարկման ընթացքում բարձրացան հարցեր նաև կնոջ աշխատանքային իրավունքների պաշտպանության, կանանց իրավունքների ոլորոտում համապատասխան մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև կանանց քաղաքական իրավունքների (ցածր ներգրավվածությունը ՏԻՄ ընտրովի մարմիններում, ԱԺ-ում և այլն) վերաբերյալ:

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ջեմմա Հասրաթյանի խոսքով, Հայաստանը, ըստ ստանձնած միջազգային պարտավորությունների, մինչև 2020 թվականը պետք է Ազգային Ժողովում ապահովի երկու սեռերի 40-ը 60-ի տոկոսային հարաբերակցություն, մինչդեռ այսօր կանայք ԱԺ-ում կազմում են ընդամենը 9 տոկոս:

Հասրաթյանը, սակայն, համոզված է, որ եթե անգամ ԱԺ ներկայացվի այդպիսի օրինագիծ, այն չի ընդունվի, քանի որ բոլոր տղամարդիկ դեմ կարտահայտվեն` հաջորդ ընտրություններում իրենց տեղերը չզիջելու համար:

Նրա կարծիքով, խնդիրը պետք է կարգավորվի միջազգային կառույցների կողմից` այդ  կոնվենցիաները խախտելու դեպքում Հայաստանի վրա պատժամիջոցներ կիրառելու սկզբունքով:

Դիտվել է 3907 անգամ:
Print Friendly

Leave a Reply