«Փեթակ»` հայկական երգեր Դերսիմից` հայերի ու զազաների մատուցմամբ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 29, 2010 17:20

«Փեթակ»` հայկական երգեր Դերսիմից». այսպիսին է  զազա երգիչների  և «Ակունք»  ազգագրական համույթի համատեղ թողարկած   ձայնասկավառակի խորագիրը: Օրերս Երևանում տեղի ունեցավ Հայաստանում ձայնագրված և Թուրքիայում արտադրված ձայնասկավառակի շնորհանդեսը:

Շնորհանդեսին նվիրված համերգը, որը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյան համերգասրահում,  լեցուն դահլիճն ընդունեց մեծ ցնծությամբ, անգամ ոմանք ուս ուսի տված քոչարի էին պարում: Հայկական ազգային պարը բեմից «Ակունքի» հետ պարեց նաև զազա դուդուկահար Զաֆեր Քյուչուքը: Իսկ երբ Լևենթ Գյունեշը, ում տատիկը ծագումով հայ է, հայերեն սկսեց երգել «Բաղնիքը ցուրտ է, պապան կմրսի…», դահլիճը պարզապես թնդաց ծափահարություններից:

Ձախից` Զաֆեր Քյուչուք, Միքայել Ասլան, Լևենթ Գյունեշ

Ժամանակին Արևմտյան Հայաստանում  ապրած ու այժմ այնտեղից անհետացած հայկական ավանդական ընտանիքի պատկերով ձայնասկավառակը պարունակում է 12 երգ, որոնք զազա երգիչները հավաքել են Թուրքիայի տարածքում. սրանք հայկական ժողովրդական երգեր են, որոնք թուրքիայում ապրող ժողովուրդների հիշողությունում մնացել են անգամ Արևմտյան Հայաստանի հայաթափումից 95 տարի անց:

Ձայնասկավառակի անվանումը խորհրդանշական է. փեթակ բառը և՛ հայերեն, և՛ զազաների լեզվով նույն իմաստն ունի ու խորհրդանշում է, թե ինչպես են երգիչները ծվեն-ծվեն հավաքել հայկական ժողովրդական երգերը:

«Դեռ մանուկ հասակես մեր գիւղերուն անունները կը կրկնեի ներքին շշուկով մը` Նորշին, Բոբիկ, Աղուեսի, Սորբիյան և այլն: Բայց և այնպես իմ մայրենի լեզվով (զազայերեն) չէի կրնար իմաստավորել զանոնք: Հետո մայրիկիս կը հարցնեի, իսկ ան շուտով խույս կուտար  հարցումես` ըսելով, թե «այդ անունները հայերուն օրեն մնացեր  են տղաս, ինչ գիտնամ»: Մեր գյուղերուն անունները կնքող հայերն այլևս չիկային: Կարծես գետինը ճեղքված, հողն իրենց կուլ տված էր»,- երգերը հավաքած զազա երգիչ Միքայել Ասլանի այս բնաբանով է սկավառակը ներկայացվել հանրությանը:

Ակունք համույթը և Զաֆեր Քյուչուքը /սպիտակ վերնաշապիկով/ քոչարի են պարում

Երգիչը, հավատացած, որ տիեզերքում արձագանքված ոչ մի ձայն չի կորչում, Բրյուսելում հանդիպում է Հովսեփ Հայրենիին, որից հետո սկսում է աշխատել  Դերսիմի «Հայկական ժողովրդական երգերը»  նախագծի վրա` 4 տարվա ընթացքում հավաքելով ու  մոռացությունից փրկելով  Դերսիմի հայկական ժողովրդական 100-ից ավելի  երգ,  որոնցից այս սկավառակում ներկայացված են միայն 12-ը:

«Մենք այս նախագիծը ցանկանում ենք կյանքի կոչել` մեր խիղճը մի քիչ հանգստացնելու, ինքներս մեզ հետ թեկուզ մի փոքր առերեսվելու համար: Այս տարածքներում մեզ մնացած ժառանգության մեջ հայերի դերը մեծ է: Պետությունը ինչքան էլ շրջանի գյուղերի անունները փոխի, միևնույն է, մենք ներկայումս էլ այդ գյուղերը հին անուններով ենք կոչում, և այդ անունների մեծ մասը հայկական է: Մենք վկան ենք այս հիշողության. նրանց գյուղերի, համատեղ սրբավայրերի, ավերված եկեղեցիների պատերի, գերեզմանաքարերի և հիմա էլ երգերի վկան ենք: Եվ այս վկայությունը պետք է ակնհայտ դարձնենք, բարձրաձայնենք: Եթե կարողանանք սա բարձրաձայնել, միգուցե ոմանք էլ նույնը կանեն Տրապիզոնում, Էրզրումում»,- դեռ անցած տարի ասել է Միքայել Ասլանը թուրքական «Թիրոժ» ամսագրին տված հարցազրույցում /www.noravank.am/:

հանդիսատեսը ծափահարում է հայ և զազա երգիչներին

2009-ին մշակույթի նախարարության ժողստեղծագործության և արհեստագործության կենտրոնի ղեկավար Տիգրան Հակոբյանի միջնորդությամբ սկսվում է Միքայել Ասլանի երգչախմբի (Միքայել Ասլան, Լևենթ Գյունեշ, Զաֆեր Քյուչուք) և «Ակունք»  ազգագրական համույթի համագործակցությունը:

«Ակունք»  ազգագրական համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանն իրենց համագործակցությունը բեղմնավոր է համարում: Նա պատմում է, որ 1 շաբաթ համատեղ տքնաջան աշխատանքի արդյունքում է ստեղծվել ձայնասկավառակը, սակայն համագործակցությունն այսքանով չի ավարտվել: Անցած տարի «Ակունքը»  մասնակցել է նաև Դերսիմում տեղի ունեցած երաժշտական փառատոնին, որտեղ շատ լավ ընդունելություն է գտել:  Ալավերդյանը պատմում է, որ անգամ փառատոնի ժամանակ Միքայել Ասլանի երգչախումբն իրեն հատկացված  20 րոպեն զիջել է «Ակունքին», որպեսզի վերջինս ավելի լավ կարողանա ներկայացնել զազաներին հայկական ազգագրական երգն ու պարը: «Ասլանն այդ ժամանակ ելույթ ունեցավ ու նշեց, որ հայերին այս հող ու ջրից օտարել են գենոցիդի միջոցով, հիմա նրանք ձեզ են բերել իրենց երաժշտությունը»,- ասում է Ալավերդյանը:

Անդրադառնալով հետագա համագործակցության հեռանկարին` Ալավերդյանն ասում է, որ առայժմ ծրագրեր չկան, սակայն մինչ այժմ համագործակցությունը եղել է նպատակային. «Եթե մշակույթով կարելի է աշխարհը գրավել, փափկացնել կոշտ սրտերը և աշխարհը դարձնել ավելի հումանիստական, ապա մեր համագործակցությունը եղել է նպատակային»:

Տիգրան Հակոբյանը, անդրադառնալով հայ և զազա երաժիշտների համագործակցությանը, նշում է, որ նպատակը միայն մշակութային կապեր ստեղծելն է, և չարժե դրա մեջ ազգագրական, ծագումնաբանական սկիզբ փնտրել: «Մի հավատացեք այն լրագրողներին, ովքեր այս համագործակցությունը այլ կերպ են մեկնաբանում: Նպատակն է մշակույթը դարձնել ժողովրդական դիվանագիտության առարկա»,- ասում է Հակոբյանը` սա համարելով նոր էջ հայ և հարևան ժողովուրդների բարեկամության մեջ:

Երգերը ներկայացնելիս Հակոբյանը նշում է, որ զազա երգիչների ներկայացրածն այն երգերն են, որոնք XIX դարի վերջին մեր նախնիները ստիպված այլ լեզվով  են երգել, քանի որ արգելվել են հայերեն երգերը:

Ու չնայած Հակոբյանի պնդումներին, թե համագործակցությունը որևէ ազգագրական, ծագումնաբանական հիմք չունի, նա նշում է, որ Թուրքիայում ապրող ժողովուրդների մեջ կարելի է գտնել հին հայի իսկական տեսակը, որը մենք փնտրում ենք:

«Փեթակ» ձայնասկավառակի շնորհանդեսին նվիրված համերգային միջոցառումից հետո զազա երգիչները խոստացել էին իրենց տպավորությունները հայտնել «Անկախի» լրագրողին, սակայն համերգի ավարտից հետո  Տիգրան Հակոբյանը շտապ երգիչների հետ հեռացավ համերգասրահից` պատճառաբանելով, որ նրանք հոգնած են: Հակոբյանի խոսքով` ինքը` որպես միջոցառման կազմակերպիչ,  դեմ է, որ զազա երգիչները որևէ լրագրողի հանդիպեն. լրագրողներն  այս ամենը այլ կերպ են մեկնաբանում:

Դերսիմը հայոց պատմական Ծոփք նահանգի մաս է կազմում և գտնվում է Վանա լճից հյուսիսարևմուտք: Շրջանը երեք կողմից շրջապատված է Եփրատ գետով:

Հայկական բազմաթիվ աղբյուրների համաձայն` Դերսիմի հյուսիսում` պատմական Եկեղյաց գավառում էին գտնվում հայոց հեթանոսական աստվածների` Արամազդի, Անահիտի ու Միհրի մեհյանները:

Դերսիմը քեմալական իշխանության օրոք վերանվանվել է Թունչելի:

1915-ի ցեղասպանության ժամանակ 20-40 հազար հայ ապաստան է գտել Դերսիմում, որտեղի բնակիչներն անմիջականորեն ջարդի մասնակից չեն եղել: Այստեղ ապաստանած հայերի մի ստվար մասը, սակայն, զոհվեց 1938-ին Դերսիմում թուրքական իշխանությունների կազմակերպած կոտորածների ժամանակ:

Դերսիմցիներն իրենց համարում են առանձին ժողովուրդ: Կրոնով ալևիներ են, իրենց լեզուն անվանում են զազայերեն: Ըստ որոշ ազգագրագետների` զազաները քրդական ցեղ են, որոնց մեջ նաև հոսում է հայկական արյուն, լեզուն էլ քրդերենն է: Գիտական մեկ այլ վարկածի համաձայն էլ զազաները կրոնափոխ եղած և իրենց արմատները մոռացած հայեր են: Զազաների լեզվում բազմաթիվ են հայկական բառերը, որոնց մի մասը նույն իմաստն ունի, ինչ հայերենում:

Դիտվել է 3651 անգամ:
Print Friendly

Leave a Reply