Ճակատամարտեր ` «առանց կանոնների»
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | June 29, 2010 13:57
Ի՞նչ է կատարվում այս օրերին Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում. կարելի է ասել` ճակատամարտեր` «առանց կանոնների»: Իսկ հետևանքն այն է, որ անսպասելի բաներ են տեղի ունենում:
Ի դեպ, ամենամեծ անակնկալը գրանցվեց դեռ ստուգատեսը չսկսված, երբ Յոհաննեսբուրգում անցկացվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) համաժողովը: Բոլորի համար անսպասելի այդ կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարեց, որ պատրաստվում է 2011-ին իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:
Նա այդ պաշտոնում է 1998-ից, 75 տարեկան է և իր տարիքի համեմատ այնքան էլ հուսադրող տեսք չունի. անսպասելի էր, որ նա մտադրվել է ընտրապայքարի մասնակցել, հաղթել ու ևս չորս տարի պաշտոնավարել: Ամենայն հավանականությամբ նրա մրցակիցը կլինի ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները նախատեսված են 2011-ի մարտին: Իսկ դրանից երեք ամիս հետո կկայանան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները: Ոմանք այն կարծիքին են, որ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում ընտրվելուն կարող է հավակնել Ասիայի ֆուտբոլի համադաշնության նախագահ Մոհամեդ Բին Համադը: Սակայն թե ով կհաղթի, նույնքան մշուշոտ է, որքան այս առաջնության ելքը:
Բանն այն է, որ արդեն մի շարք անակնկալներ եղել են: Անզիջում մրցամարտերում չեն կարողանում իրենց կարողությունները դրսևորել հաղթողի հավակնորդ համարվող երկրների հավաքականները: Ամենազարմանալին առայժմ այն է, որ խմբային մրցաշարի արգելքը չկարողացավ հաղթահարել նախկինում աշխարհի չեմպիոն դարձած Ֆրանսիայի հավաքականը, որի մարզական շտաբում էր մեր հայրենակից, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Ալեն Պողոսյանը: Եվրոպայի նախկին չեմպիոն
Հունաստանի ընտրանին նույնպես խմբային մրցաշարի ավարտից հետո ուղևորվեց տուն: Բացառիկ բան կատարվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության տարեգրությունում: Առաջին անգամ կազմակերպիչ երկրի հավաքականը չկարողացավ հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը: Եվ Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի ֆուտբոլիստները ստիպված են դառնալ հանդիսականներ: Ընդ որում, այս ստուգատեսի մեկնարկից առաջ սպասվում էր, որ Աֆրիկայում այդ աշխարհամասի երկրների հավաքականները ուշադրության կենտրոնում կլինեն, հրաշքներ կգործեն, բայց մեկը մյուսի ետևից ձախողվեցին, և խմբային մրցաշարի ավարտին պայքարը շարունակելու հնարավորություն ուներ միայն Գանայի ընտրանին: Սակայն այդ անելու համար առաջադրանքն անիրատեսական էր թվում, այն է` վերջին տուրում հաղթել Գերմանիայի ներկայացուցիչներին:Գանայի հավաքականը պարտվեց 0:1 հաշվով, այդուհանդերձ, վաստակած 4 միավորը այդ թիմին հնարավորություն տվեց գնդակների տարբերությամբ շրջանցել նույնքան միավոր ունեցող Ավստրալիայի ներկայացուցիչներին և արժանանալ երկրորդ ուղեգրին: Ի դեպ, եվրոպական ֆուտբոլային խոշոր երկրների` Գերմանիայի, Իսպանիայի հավաքականներն էլ խմբային մրցաշարում չխուսափեցին պարտությունից:
Ինչպես սպասվում էր, փայլուն է հանդես գալիս Դիեգո Մարադոնայի գլխավորած Արգենտինայի հավաքականը, որի խմբի երեք մրցակիցներն էլ լուրջ դիմադրություն ցույց տալ չկարողացան: Առաջինը պայքարը շարունակելու իրավունք արգենտինացիների նման ստացան Հոլանդիայի, Բրազիլիայի ընտրանիները: Ընդհանրապես առաջնությունում լավ տպավորություն են թողնում Լատինական Ամերիկայի երկրների հավաքականները:
Ի դեպ, հիմնախնդիրները շատ են: Փոխադրամիջոցների հարց կա: Միակ ելքն ավտոմեքենաներ վարձակալելն է: Սպիտակամորթները չեն կարող երթևեկել մետրոյով, իսկ փողոցներն էլ անվտանգ չեն: Ամեն քայլափոխի կարող են թալանել և բռնության ենթարկել: Ընդ որում, տուժողների թվում են նաև հավաքականները: Մասնավորապես, չարագործները 2 հազար եվրո են տարել Հունաստանի հավաքականի, 110 հազար դոլար Պարագվայի հավաքականի խաղացողների հյուրանոցային համարներից, թալանվել են լրագրողներ և այլն: Սակայն փողի մասին ավելորդ է, ավելի ճիշտ` ամոթ է խոսել առաջնության օրերին: Թերևս, այդ է պատճառը, որ հարավաֆրիկացի ոստիկանները այնքան էլ մտահոգ չեն հանցագործությունները բացահայտելու խնդրով: Համենայն դեպս, հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ նրանց կատարած քայլերը դեռևս արդյունք չեն տվել:
Բոլորը մտածում են այն մասին, թե որ երկրի հավաքականն ի վերջո չեմպիոն կդառնա: Սակայն դեռ վաղ է ենթադրություններ անելը, քանի որ աշխարհի առաջնությունը վճռական փուլ է թևակոխում, խաղադաշտերում տրվող ճակատամարտերն էլ ավելի են թեժանում: Երբ Աֆրիկայում ձմռանը ֆուտբոլ են խաղում, ամեն ինչ հնարավոր է:






Facebook
Tweet This
Email This Post
