Սեւանա լճի ափամերձ տարածքի ոչ մի շինություն աղբահանության պայմանագիր չի կնքել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 28, 2010 17:26
Սեւանա լճի ափամերձ տարածքի ոչ մի շինություն աղբահանության պայմանագիր չի կնքել: Ինչպես նշեց «Կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի փոխտնօրեն Պարգեւ Սահակյանը, այդ պայմանագիրը կնքվում է 6-12 ամիս ժամանակով, որի դիմաց բնակչությունը ամսական վճարում է 100-150 դրամ, պետական շինությունները մեկ արկղի համար` 2000 դրամ, իսկ խանութները` 1000: Այս տարի լճի ափամերձ շրջանում կա ընդամենը 120 շինություն` անցած տարվա 360-ի փոխարեն:
Նախորդ տարի վերջիններից աղբահանության պայմանագիր էր կնքել 60-ը, իսկ այս տարի` դեռեւս ոչ մեկը: «Դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ տագնապի մեջ են, քանի որ իրենց շինությունները ջրի տակ են հայտնվում: Իսկ անցած տարի պայմանագիր չկնքած շինությունների տերերը իրենց միջոցներով են աղբը թափել»,-ընդգծեց Պ. Սահակյանը:
Սեւանի փոխքաղաքապետ Պապ Պետրոսյանը հայտնեց, որ եթե անցած տարի աղբահանության պայմանագիր չկնքած որոշ շինությունների տերերի հաջողվել է խուսափել տուգանքից, ապա այս տարի այդ հարցում քաղաքապետարանը հետեւողական է լինելու: «Ես կոչ եմ անում անպայման կնքել այդ պայմանագրերը, այլապես քաղաքապետարանը հետեւողական է լինելու: Այն շինությունները, որոնք չունեն աղբահանության պայմանագիր, կտուգանվեն 100-150 հազար դրամ»,-նշեց փոխքաղաքապետը:






Facebook
Tweet This
Email This Post
