ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Սենատի անդամ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 28, 2010 16:40

Հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռումինիայի Սենատի անդամ, Սենատի ֆինանսների եւ էկոնոմիկայի մշտական հանձնաժողովի նախագահ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանին:

Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց նրա դերն ու ներուժը հայ- ռումինական հարաբերությունների զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր, եւ անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու փոխայցելությունները: Նա կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցներում :

Ռումինիայի Սենատի անդամ Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց Ռումինիայի Սենատի ու խորհրդարանի կառուցվածքը, նրանց գործունեությունը: Ինչ վերաբերում է Ռումինիայի հայ համայնքին, Վարուժան Ոսկանյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահին տեղեկացրեց, որ մեր ռումինահայ հայրենակիցները շատ հարգված են, իսկ համայնքը բավականին ազդեցիկ է:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի տնտեսության վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ռումինիայի Սենատի հայազգի անդամի միջոցով Սենատի նախագահին փոխանցեց Հայաստան այցելելու հրավերը:

Դիտվել է 1574 անգամ:
Print Friendly

Leave a Reply