Արաբական Միացյալ Ամիրայություններում միլիոնատերերի թիվը կրճատվել է գրեթե 20 տոկոսով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 28, 2010 15:18

Գլոբալ ֆինանսական ճգնաժամի ազդեցության ներքո 2009 թվականին Արաբական Միացյալ Ամիրայություններում դոլարային միլիոնատերերի թիվը կրճատվել է գրեթե 20 տոկոսով: Այդ մասին, տեղեկատվություն է հրապարակել Ամիրայությունների Emirates Business 24/7 թերթը:

Merill Lynch Global Wealth Management-ի ներկայացուցչության եւ Մերձավոր Արեւելքում Capgemini կոնսալտինգային ընկերության ղեկավար Ամիր Սադրը հրատարակությանն ասել է, որ, իր գրասենյակի գնահատումների համաձայն, ԱՄԱ-ի ավելի քան 12 հազար 600 բնակիչներ անցյալ տարվա վերջին «կորցրել են էլիտային կարգավիճակը» եւ լքել ամենահարուստ ամիրայացիների ցուցակը: Նա նշել է, որ երկրի դոլարային միլիոնատերերի ընդհանուր թիվը 2009 թվականին նվազել է մինչեւ 54 հազար 500 այն դեպքում, երբ 2008 թվականին տեղացի միլիոնատերերի բանակը 67 հազար 100 մարդ էր հաշվում:

Ամիր Սադրը գտնում է, որ Ամիրայություններում դոլարային միլիոնատերերի թվի կրճատումը դուրս է գալիս առավել բարեկեցիկ արաբների բարեկեցության աճի ընդհանուր միտման շրջանակներից, որոնց ընդհանուր թիվն, ըստ նրա գնահատման, կազմում է 400 հազար, որոնց թվաքանակի տարեկան միջին աճն աննշան գերազանցել է 7 տոկոսը: Merill Lynch Global Wealth Management-ի եւ Capgemini կոնսալտինգային ընկերության մերձավորարեւելյան ներկայացուցիչը հատկապես նշել է Սաուդյան Արաբիայի եւ Բահրեյնի հաջողությունները, որտեղ, չնայած աշխարհի ճգնաժամային վիճակին, հարուստների թիվն զգալիորեն մեծացել է:

Ինչպես գրում է Emirates Business 24/7-ը, վկայակոչելով վերլուծաբանների կատարած հաշվարկները, Սաուդյան Արաբիայում դոլարային միլիոնատերերի թիվը 2009 թվականի վերջի դրությամբ աճել է ավելի քան 14 տոկոսով եւ մոտեցել 105 հազարի: Բահրեյնում այդ թիվը մեծացել է ավելի քան 7 տոկոսով` 5 հազարից մինչեւ 5 հազար 400: ԱՄԱ-ում բնակչության թվի նկատմամբ միլիոնատերերի ընդհանուր տոկոսը մնում է բարձր: ԱՄԱ-ի բնակչության մեկ շնչին ավելի շատ միլիոնատերեր են բաժին ընկնում, քան Սաուդյան Արաբիայում, որտեղ բնակիչների թիվը մի քանի անգամ գերազանցում է Ամիրայությունների բնակչության թվաքանակը:

ԱՄԱ-ի հարուստների «աղքատացումը» պայմանավորված է շուկաների կապիտալիզացիայի ընդհանուր անկմամբ եւ անշարժ գույքի ոլորտի բացասական տեղաշարժերով: Հազար բնակչին ընկնող միլիոնատերերի թվով արաբական բոլոր երկրներին գերազանցում է Քուվեյթը: «Ալ Կաբաս» թերթի տեղեկությունների համաձայն` Ամիրայության յուրաքանչյուր հազար բնակչին բաժին է ընկնում 82 միլիոնատեր:

Հրատարակությունը վկայակոչում է Արեւելյան կոնսալտինգային խմբի կատարած հետազոտությունների արդյունքները, որի տվյալների համաձայն, Քուվեյթն աշխարհում չորրորդ տեղն է գրավել բնակչության մեկ շնչին ընկնող միլիոնատերերի թվով` զիջելով միայն Սինգապուրին, Հոնկոնգին եւ Շվեյցարիային:

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply