ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հանձնման արարողությունը:

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 28, 2010 13:36

ՀՀ Նախագահի 2009թ. մրցանակը շնորհվել է “Ինտել” կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն-տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթին:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնելով մրցանակը` մասնավորապես ասել է.

“Հարգելի´ տեր և տիկին Բարեթներ,

Հարգելի´ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունելու Երևանում «Ինտել» կորպորացիայի երկար տարիների գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ պարոն Քրեյգ Բարեթին և տիկնոջը: Այսօր Երևանում առաջին ան­գամ հենց պարոն Բարեթին ենք շնորհում Տեղեկատ­վա­կան տեխնոլոգիաների ոլոր­տում համաշխարհային ներդրման համար մեր մրցա­նակը:

«Ինտել» կորպորացիան և անձամբ ինքը` պարոն Բարեթը, ներկայացման կարիք չեն զգում: Յուրաքանչյուր մարդ, ում աշխա­տան­քային օրն սկսվում է համակարգիչը միացնելով, քաջատեղյակ է այդ անուններին: Այս մրցանակը Հայաստանի Հանրապե­տու­թյան համեստ ներդրումն է համաշխար­հա­յին մակար­դակով տեղեկատվական տեխ­նոլոգիաների զարգացման գործում: Սրանով մենք պատվում ենք դոկտոր Բարեթին և գնահատում «Ինտել» կորպորացիայի ներ­դրումը բարձր տեխնոլոգիաներն ու գիտե­լիքն աշխարհի բոլոր կողմերը հասցնելու գործում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների տա­րածման կարևորու­թյունն իսկապես շատ մեծ է: Թերևս, ամենակարևոր ձեռքբերում­ներից մեկը տեղեկատվության եւ գիտելիքի մատչելիության ապահովումն է և համընդ­հա­նուր գրագիտության մակար­դակի բարձ­րացումը: Այս երկու բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաները կատա­րում են իսկական հեղափոխություն:

Այս մրցանակի ստեղծման ամենակա­րևոր նպատակը տեղեկատվական տեխնո­լոգիաների հանդեպ Հայաստանի երիտա­սար­դության ուշադրությունը հրավիրելն է: Մենք խրախուսելու ենք նրանց ուսումն ու աշխատանքն այս ոլորտում, որոնելու և գտնելու ենք դրա համար անհրաժեշտ նոր ուղիներ եւ միջոցներ: Այսօր, պարոն Բարեթի ներկայությամբ, մեկ անգամ ևս մեր երիտասարդներին ուղերձ ենք հղում այն մասին, որ ապագան գիտելիքով, բարությամբ ու ստեղծագործելու հմտությամբ օժտված մարդունն է, ով ապավինում է մտքի ուժին ու տիրապետում լուծումներ գտնելու արվեստին:

Մենք ինքնուրույն, վառ, ձեռներեց անհա­տականությունների ժողովուրդ ենք: Դրա շնորհիվ ունենք տեղեկատվական տեխնոլո­գիաների բնագավառի համար ամենա­ան­հրա­ժեշտ կապիտալը` միտքն ու տաղանդը: Իսկ դրանք հրաշքներ են գործում, որովհետև ոչ մի դրամագլուխ կամ հոսքագիծ, կամ հա­մակարգչային ծրագիր չի կարող գերազան­ցել անհատ մարդ արարածի ստեղծագոր­ծական հնարավորությունները: Այս բնագա­վառում մենք ունենք զարգացման անսպառ ներուժ:

Հարգելի´ տիկնայք և պարոնայք,

Ուշագրավ է, որ պարոն Բարեթը չի սահմանափակվել զուտ տեղեկատ­վական տեխնոլոգիաների ոլորտով: Նրա կենսագ­րու­թյունն ուսումնասիրելիս կնկատեք, որ նա հիմնական աշխատանքին զուգահեռ նաև ՄԱԿ-ի Տեղեկատվական և հեռահաղոր­դակցության տեխնոլոգիաների համաշխար­հային դաշինքի նախագահն է եղել: Միևնույն ժամանակ, աշխուժորեն ներգրավվել է իր հարա­զատ երկրի` Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք ազգային ծրագրերի իրականացման գործում, աշխատել է ԱՄՆ-ի Նախագահին առընթեր խորհրդատ­վական մարմինների կազմում: Պարոն Բարեթին ներկայացնելիս մարդիկ հաճախ են նրան բնորոշում որպես աշխարհում ուսման բա­րե­լավման առաջավոր պաշտպան` մարդ, ով միշտ կարողացել է առաջ նայել ու պնդել, որ ապագան գիտելիքինն է:

Սա է մեր ժամանակների գործարարի իմ տեսլականը: Ես ուզում եմ, որ Հայաստանի գործարարները խորհեն այս օրինակի շուրջ: Իմ ցանկությունն է, որ այսպիսին լինեն նաեւ մեր երկրի բոլոր ձեռներեցները: Խոսքս բնավ զուտ բարեգործության մասին չէ: Խոսքս ընդհանուր առմամբ հասարակության առջև պատասխանատ­վու­թյուն ստանձնելու, եր­կա­րաժամկետ հանրային լուրջ վնասի վտան­գի առաջ կանգ­նելու դեպքում, կարճա­ժամկետ ու անցողիկ շահույթից հրաժար­վելու անհրաժեշտու­թյան մասին է: Խոսքս մեծ դրամի գայթակղություններին` ագա­հությանն ու մեծա­մտու­թյանը չտրվելու մասին է: Ուրախ եմ ասելու, որ Հայաստա­նում կան այսպիսի գործարարներ, և նրանք քիչ չեն: Իհարկե, մասշտաբը նկատի չունեմ, այլ` զուտ մոտեցումը:

Ես շնորհակալություն եմ հայտնում «Սի­նոփսիս» ընկերության Հայաստանի մասնա­ճյուղին և նրա գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին. այս մրցանակի մտահղաց­ման առաջին իսկ վայրկյանից «Սինոփսիսը» և անձամբ պարոն Գոլդմանն աշխուժորեն ներգրավվեցին այն իրականություն դարձնե­լու ուղղությամբ տարվող աշխատանք­ներին: Շնորհակալություն եմ հայտնում նաև մրցա­նա­կաբաշխության կոմիտեի համանախա­գահներին, խորհրդատվական և գործադիր խորհուրդների ու ընտրող հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց լուման ներդրեցին այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

Հարգելի´ տեր և տիկին Բարեթներ,

Ուրախ եմ, որ դուք Երևանում եք: Հուսով եմ` այս օրերի ընթացքում դուք կկարողանաք ծանոթանալ Հայաստանին, մեր պատմությանը, մշակույթին եւ սիրել Հայաստանն ու հայ ժողովրդին: Իսկ մենք մշտապես սպասում ենք մեր բարեկամներին և պատրաստ ենք նրանց փոխանցել մեր սերը, հարգանքն ու ջերմությունը: Պարոն Բարեթ եւ տիկին Բարեթ, շատ ուրախ եմ այսօրվա համար եւ շատ շնորհակալ եմ ձեզ”:

Քրեյգ Բարեթը, Հայաստանի Հանրապետության Նախագահ կողմից ստանալով մրցանակը, ասել է. “Ինձ համար շատ հաճելի է այստեղ գտնվել եւ ներկայացնել արդյունաբերության մեր բոլոր ռահվիրաներին ու ջատագովներին, ովքեր ի սպաս են դնում հրաշալի տեխնոլոգիաներ: Հաճելի է Հայաստանում գտնվել` դառնալով Ձեր մրցանակի առաջին կրողը: Ես այստեղ եմ ոչ թե որպես անհատ, այլ` ներկայացնում եմ հազարավոր մարդկանց, ովքեր տասնամյակների ընթացքում մեծ նպաստն են բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացի հարցում եւ հասցրել են դրանք ներկայիս վիճակին”:

Քրեյգ Բարեթի խոսքով, տարիների ընթացքում մեծանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը կյանքի բոլոր ասպարեզներում, մասնավորապես` այն խթանում է տնտեսական զարգացումը, մեծապես ազդում է կրթական, առողջապական ոլորտների վրա: Տեղեկատվական տեխնոլոգիաները նաեւ տարեցտարի ավելի մեծ դեր են խաղում ժամանակակակից կառավարման համակարգերի արդյունավետության եւ հրապարակայնության ապահովման գործում:

Մրցանակի հանձնման արարողությունից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Քրեյգ Բարեթի հետ, այնուհետեւ տեր եւ տիկին Բարեթների պատվին տրվել է ճաշ:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է եւ շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի եւ միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե եւ ադամանդե մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից:

Մրցանակաբաշխության ֆինանսավորումը կատարվում է “Հայաստան” համահայկական հիմնադրամի, “Սինոփսիս Արմենիա” ՓԲԸ-ի եւ հովանավորի միջեւ կնքված համագործակցության հուշագրի համաձայն:

2009թ-ի ֆինանսավորումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` “Հայաստան” համահայկական հիմնադրամի միջոցով:

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply