Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանում է ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ նախագահների հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2010 12:00

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Հայլուր» լրատվական ծրագրի խնդրանքով մեկնաբանել է Կանադայում տեղի ունեցող Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը  ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Նալբանդյանը նշել է.« Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկությունը եւ հետեւողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները եւ առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Կարեւոր է, որ Կանադայում Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը, հղում կատարելով 2009 թ. հուլիսի 10-ի  Լ’Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ:  Դրանք են.  Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի եւ Արցախի միջեւ եւ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ:

Հայտարարության մեջ հիշատակված մադրիդյան առաջարկությունների տարրերը եւս մեկ անգամ հիշեցնում են  Լ’Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան փաստաթղթի հրապարակված դրույթները: Իսկ Հայաստանը ավելի քան երկու տարի առաջ հայտարարել էր, որ ընդունում է, ճանաչում է մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:

Համանախագահ երկրների ղեկավարները փաստում են, որ 2007 թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցություններում կարեւոր քայլ, եւս մեկ հանգրվան է գրանցվել, հատկապես ուղիղ 10 օր առաջ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա:

Գալիք օրերը ցույց կտան, թե արդյոք  Ադրբեջանը պատրաստ է շարժվել այդ ուղիով, թե շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով»:

Դիտվել է 1812 անգամ:
Print Friendly

Leave a Reply