Տեղի կունենա «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելումը Հայաստանում» թեմայով համաժողովը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 28, 2010 11:02

Հունիսի 28-ին և 29-ին տեղի կունենա «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելումը Հայաստանում»  թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպել է Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ)` ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ:

Համաժողովը մեկնարկում է ՀԱՆ-ի կողմից իրականացվող «Անհասության ռետինոպաթիայի ակնային զննումների և բուժման ծրագրի»  հիմնական փուլը, որի ժամանակ ծրագիրը կսկսի գործարկվել նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի Երևանի մի շարք բաժանմունքներում:

Այդ կապակցությամբ ԱՄՆ-ից և այլ երկրներից Հայաստան է ժամանելու մանկական ակնաբույժների և ցանցաթաղանթի միջազգային ճանաչում ունեցող մասնագետների ներկայացուցչական պատվիրակություն: Ծրագրում առանցքային դեր ունեն Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Աչքի կենտրոնի տնօրեն Թոմաս Լին, Նյու Յորքի Կենտրոնական հիվանդանոցի գլխավոր ակնաբույժ Փոլ Չանը, Կալիֆոռնիա նահանգի Անահեյմ քաղաքից անվանի մանկական նեոնատոլոգ Պատրիկ Վուոլշը, Ավստրալիայից հայտնի ակնաբույժ Ջեյմս Սմիթը և այլոք:

Հայաստանը վերջին տարիներին առնչվում է անհասության ռետինոպաթիայի  (ԱՌ) խնդրին, որի վկայությունն են հայ նեոնատոլոգների և ակնաբույժների աշխատանքում ավելի ու ավելի հաճախ հանդիպող դեպքերը: Ըստ որոշ հաշվարկների և հայ նեոնատոլոգների գնահատականների` Հայաստանում տարեկան ծնվում է 500-600 երեխա, որոնք պատկանում են ԱՌ ռիսկի խմբին: Մինչդեռ մինչև օրս ԱՌ ակնային զննումների և վաղ հայտնաբերման ու բուժման գործելակարգերի բացակայության պատճառով Հայաստանում անհաս երեխաների մոտ տեսողական խնդիրները հայտնաբերվում են ավելի ուշ տարիքում, երբ բուժումն արդեն  պակաս արդյունավետ է: Բացի այդ, բուժումը կազմակերպելու համար ԱՌ ունեցող երեխաները ստիպված են մեկնել արտերկիր: Արդյունքում` այս երեխաներից շատ քչերն են կարողանում բուժում ստանալ, իսկ մեծամասնությունը բուժում չստանալու պատճառով կուրանում է և դառնում մանկուց հաշմանդամ:

Համաժողովի զեկույցներն ու քննարկումները վերաբերում են ԱՌ պատմությանը, դրա տնտեսական ազդեցությանը հասարակության վրա, հիվանդության ախտորոշման և բուժման առանձնահատկություններին: Միջոցառման անքակտելի մասն են կազմում մասնագիտական վերապատրաստումները` անհաս երեխաների ակնային զննման, ռետինոպաթիայի ախտորոշման, լազերային բուժման իրականացման  և նորագույն սարքավորման օգտագործման հարցում: Առաջին անգամ Հայաստանում օգտագործելով ՀԱՆ-ի կողմից ձեռք բերված RetCam (հատուկ ռետինալ ֆոտոխցիկներ) սարքավորման պատկերները և հեռաբժշկությունը` ամերիկացի և հայ մասնագետները կկարողանան հաստատել երկարաժամկետ համագործակցություն, ինչը թույլ կտա ապահովել ծրագրի բարձր որակը դրա իրականացման բոլոր փուլերում:

Դիտվել է 1301 անգամ:
Print Friendly

Leave a Reply