Իսկ դու ցանկանում ե՞ս փոխվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 28, 2010 9:45

Արտավազդը կարդում է Լուսինեի հեռախոսի մեջ պահպանված հաղորդագրությունը

«Բարի երեկո առավոտյան համալսարան գնացող գեղեցկուհուն.  հուսով եմ, որ դա դուք եք»:

Լուսինեն մինչ օրս բջջային հեռախոսի մեջ պահել է ամիսներ առաջ՝ դեկտեմբերյան մի երեկո ստացած այդ հաղորդագրությունը, որը սկիզբ դրեց նրա նոր կյանքին: Նա Գավառի մանկատան սան է, և ինչպես մանկատան յուրաքանչյուր սան, 18 տարեկանը լրանալուն պես պարտավոր էր լքել այն:  Իսկ հաղորդագրության հեղինակը 25-ամյա էջմիածինցի Արտավազդ Նովրուզյանն է, որ նամակը գրելուց որոշ ժամանակ անց ծեծեց «Մեր տունը» հասարակական կազմակերպության դուռը՝ Լուսինեի հետ անձամբ ծանոթանալու և շփվելու համար:

«Մեր տունը» ՀԿ-ն բարեգործական կազմակերպություն է, որտեղ ապրում են հիմնականում Գավառի մանկատնից տեղափոխված 18 տարեկանը լրացած աղջիկներ, ովքեր սովորելու ցանկություն ունեն: ՀԿ-ի ծրագիրը կրթական է. այնտեղ ապրող բոլոր աղջիկներին սովորեցնում են անգլերեն, կրոն, էթիկա,  վարվեցողություն և  ձեռագործ, նաև բոլորը սովորում են Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչ համալսարանում, որտեղ նրանց վարձը զեղչվում է: Իսկ վարձի մնացած մասը հոգում է Հայ օգնության ֆոնդը, ինչպես նաև ամերիկյան «Հայ կրթական հիմնարկությունը»:

ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանն ասում է, որ կազմակերպությունը կրթականից վերաճել է ամուսնականի. հիմնադրման օրից  ամուսնացել են կազմակերպության 5 սաները. արդեն 5 թոռնիկ ունեն,  իսկ օրերս էլ Լուսինեի հարսանիքն է:

Լուսինեն միջահասակ, թխամորթ, աշխույժ ու վստահ արտաքինով աղջիկ է: Նրա ապագա ամուսինը Լուսինեին նկատել է համալսարան  տանող ճանապարհին գտնվող տաքսի ծառայությունում, որի կողքով ամեն օր նա անցել է:

«Արտոյին չնկատել չէր լինի,- պատմում է Լուսինեն,- ամեն օր մինչև տաքսի սերվիզ հասնելը մտածում էի. տեսնես էնտե՞ղ է լինելու: Ու մեկ էլ դուրս էր գալիս ու կանգնում էր էնքան ժամանակ, մինչև որ իր տեսադաշտից էլ չէի երևում: Միշտ շրջվել ու նայել եմ, թե արդյոք նայո՞ւմ է հետևիցս»:

«Մեր տունը» գտնվում է Էջմիածին քաղաքում.  երկհարկանի բարենորոգված, ընդարձակ ու լուսավոր տուն է՝ նախատեսված 12 անձի համար: Այն հիմնադրվել է 2005 թ. որպես  Սպիտակի երկրաշարժից հետո հիմնված «Հայաստանի երեխաների հովանավորման ծրագրի» (CASP) շարունակություն, որը կոչված էր օգնելու ծնողազուրկ երեխաներին ու մանկատներին: Կազմակերպության գործունեությունը հնարավոր է դարձել Ամերիկայի արևելյան թեմի տիկնանց միության ատենապետուհի Ջուլյա Աշեկյանի շնորհիվ, նա է միջոցներ  հայթայթում «Մեր տան» համար: Այժմ այնտեղ ապրում է 8 աղջիկ: Շուտով կազմակերպությունը կհամալրվի նոր աղջիկներով:

«Մեր տունը» հկ-ի նախասրահը

Նախագահ Կարապետյանն ասում է, որ կազմակերպության սան դառնալու համար գլխավոր նախապայմանը մանկատան սանի սովորելու կամ ավելի շուտ` փոխվելու ցանկությունն  է: «Մենք հոգեբանի ու կրոնի դասատուի հետ երեխային ընտրում ենք հարցազրույցի արդյունքում, ինչպես նաև նայում ենք նրա բնութագրական քարտը և հաշվի ենք առնում նրա սովորելու ցանկությունը,- ասում է Կարապետյանը:-  Վերջում ես երեխային հարցնում եմ. «Իսկ դու ցանկանու՞մ ես փոխվել»: Որովհետև մեր ցանկությունը քիչ է, երեխան ինքը պիտի ցանկանա փոխվել ու նոր կյանք սկսել»:

Կարապետյանի խոսքով՝ չափազանց դժվար է 18 տարին լրացած երեխաների հետ աշխատելը, որովհետև այդ տարիքում նրանց բնավորությունն արդեն ձևավորված է, և նրանք այնքան էլ հեշտ չեն հարմարվում կազմակերպությունում գործող կանոնակարգին ու պահանջկոտությանը:

«Նրանց չես էլ կարող մեղադրել,- ասում է Կարապետյանը,- նրանք մանկատանը սովոր են դաստիարակ, տնօրեն հարաբերությանը: Նրանց մեջ մարդկանց նկատմամբ չարություն կա: Իսկ մենք էստեղ նրանց մեջ սերմանում ենք ընտանեկան կյանք մուտք գործելու և հասարակության լիարժեք անդամ լինելու գիտակցությունը»:

Կարապետյանն ասում է, որ դժվարություններ կան: «Օրինակ` անընդհատ պիտի դիտողություն անես` ուտելուց այսպես կեր կամ էս բաժակը էսպես դիր, ոչ թե շպրտիր,- ասում է նա,- կամ նրանց համար անծանոթ է ամուսնու հարազատության հետ որևէ շփում ունենալու մշակույթը, թե ինչպես պետք է վերաբերվել սկեսուրին կամ ամուսնու այս կամ այն բարեկամին»:

Լուսինեն  ասում է, որ իր համար, օրինակ, շատ դժվար է եղել սկզբից կազմակերպությունում ապրելը, հետո հասկացել է, որ խստությունն ու պահանջկոտությունն իրենց օգտին է: «Մանկատանն էլ էին նկատողություն անում, բայց մի անգամ կասեին ու վերջ,- ասում է նա,- չնայած  դա բնական է.  էնտեղ մի քանի հարյուր են, էստեղ` մի քանի հոգի: Էստեղ մի բանը մի հազար անգամ ասում են, հետո ես դրա մեջ հոգատարություն տեսնում: Էստեղ մեզ սովորեցրել են ճաշ պատրաստել կամ տնային գործ անել, իսկ մանկատանը կարող է մեզ խոհանոցում  հանձնարարեին կարտոլ մաքրել»:

«Մեր տան» տարեկան բյուջեն կազմում է մոտ 60 հազար ամերիկյան դոլար: Իսկ սննդի 60 տոկոսը հատկացնում է Էջմիածնի քաղաքապետարանը: «Արդեն չորրորդ տարին է, ինչ մենք զգում ենք քաղաքապետ Գրիգորյանի հատուկ ուշադրությունը, – ասում է կազմակերպության նախագահը,-  ամեն առիթով նկատել է տալիս:  Ամեն հարսանիքին իրենց կողմից ոսկի մատանի, ապրիլի 7 կլինի թե Նոր տարի, միշտ էլ անտարբեր չեն անցնում: Ժամանակ է լինում, որ ուղղակի հանդիպում է աղջիկների հետ, հարցնում է, թե ինչի կարիք ունեն, ասում է, որ ամեն հարցում իրենց թիկունքին կանգնած է»:

Կազմակերպությունում խոհարար կամ մաքրող անձնակազմ չկա: Ամեն ինչ ըստ գրաֆիկի  բաշխված է, և հերթափոխով ամեն գործ արվում է: Ինչպես նաև խնամվում է տնամերձ այգին: Երբ «Անկախի» լրագրողը մտավ կազմակերպություն, կազմակերպության նախկին սան, այժմ արդեն մայր դարձած երկու աղջիկ իրենց «քույրիկների» հետ բակում նստած սուրճ էին խմում:

Կազմակերպության  ամուսնացած սաներն իրենց ապագան գտել են հենց Էջմիածին քաղաքում:  Իսկ ամեն ինչ սկսվում է ինչպես ավանդական հայկական ընտանիքներում. գալիս են աղջկատես, և եթե ամեն ինչ բարեհաջող է, խնամախոսություն, ապա` ամուսնություն:  Հարսանիքն էլ լինում է կազմակերպությունում:

«Նախ` մենք աշխատում ենք մեր աղջիկներին հեռու տեղ չտալ,- ասում է Կարապետյանը,- թեպետ Ֆրանսիայից ու Ամերիկայից էլ ենք ուզող ունեցել, երկու օր առաջ էլ Անապայից էին եկել, թե՝ էկել ենք ձեր տնից աղջիկ տանելու:  Բայց հեռվի ձայնը քաղցր է: Ես ի՞նչ գիտեմ, թե հետո ոնց է դասավորվելու էդ երեխայի ճակատագիրը: Հետո մեր աղջիկներն էլ չեն ուզում հեռու տեղ ամուսնանալ: Ուզում են բոլորը լինեն Էջմիածնում, որ իրար հետ կապ ունենան: Երբ տղան ոտքը դնում է մեր տուն, մենք մեր կապերով ու միջոցներով աշխատում ենք ճշտել, թե ով է նա: Հեռու տեղը ո՞նց ճշտես»:

Նախագահն ասում է, որ կարգի համաձայն, մինչև ապագա փեսացուն չի այցելում կազմակերպություն և չի ասում իր նպատակների մասին, իրենք թույլ չեն տալիս աղջկան շփվել տղայի հետ: «Բայց դե պիտի շփվեն էլ, չէ՞, հո աղջիկը ապրանք չի, որ տեսնեն ու տանեն տուն,- ասում է Կարապետյանը,- էստեղ շփվում են, խոսում, եթե աղջիկը համաձայնվում է, ամուսնանում են»:

Եվ երբ 25-ամյա Արտավազդ Նովրուզյանը, դասերից հետո հետևելով Լուսինեին, պարզում է, որ նա մանկատան սան է, բոլորովին էլ հետ չի կանգնում իր նպատակներից, թեպետև նրա հետ անձամբ չէր շփվել: «Երբ նամակիս պատասխանեց, սկսեցինք հեռախոսով շփվել,- ասում է Արտավազդը,- բայց հետո ես եկա կազմակերպություն, որպեսզի նրա հետ անձամբ ծանոթանամ»:

Բայց ինչպե՞ս կարող է երիտասարդն առանց աղջկան ճանաչելու, միայն հեռախոսով խոսելով, ցանկանա ամուսնանալ նրա հետ: «Իսկ ես էս դուռը չծեծեցի, թե ուզում եմ ամուսնանալ,- պատասխանում է Արտավազդը,- ես ասացի, որ ուզում եմ Լուսինեի հետ շփվել»: Նրանք շփվում ու ավելի մոտիկից միմյանց հետ ծանոթանում են  կազմակերպությունում, հետո հասկանում են, որ միմյանց համար են ստեղծված:

Արտավազդն ասում է, որ իր համար կողակցին ընտրելու հարցում երբեք դեր չի խաղացել աղջկա ծնողների ով լինելը կամ նրանց ունեցվածքը: «Ինչքան ինձ հիշում եմ, իմ համար միշտ կարևորը եղել է ինքը՝ աղջիկը, մնացածը երկրորդական հարցեր են,- ասում է Արտավազդը,- ես հենց սկզբից էլ արտաքինից հավանեցի նրան, հետո էլ խոսելուց ու շփվելուց հասկացա, որ հենց նա է, ում ես ուզում եմ: Ամենաշատը նրա մեջ գնահատեցի էն, որ հասկացա` սիրված եմ, ու  զգացմունքներս փոխադարձ են»:

Լուսինեն ու Արտավազդը սիրագորով հայցքով նայում էին միմյանց, իսկ սենյակից դուրս գալիս Լուսինեն մեղմ համբուրեց ապագա ամուսնու այտը:

Արտավազդի ընտանիքը, ինչպես ասում են, «վերջին ընտանիքներից» չէ, ու նրա ծնողներին այնքան էլ հեշտ չի լինում համոզել, որ իրենց ապագա հարսը մանկատան սան է:

«Մերոնք շատ ծանր տարան ու ասում էին` բայց ինչի՞ հենց մենք,- պատմում է Արտավազդը,- բայց ամեն ինչ տղայից է կախված: Եթե ուզես,  կարող ես այնպես անել, որ ընտրյալիդ քո ընտանիքն ընդունի: Ես շատ բաներ եմ արել դրա համար: Օրինակ` Լուսոյի անունից բարևներ էի տանում մերոնց, նա իսկի տեղյակ էլ չի եղել: Ինքը բնավորությամբ էնքան լավն էր, որ ես գիտեի` եթե մերոնք տեսնեին, հնարավոր չէ, որ չհավանեին»:

Լուսինեի համար  անակնկալ է եղել այն ջերմությունը, որով նրան ընդունել է Արտավազդի ընտանիքը: «Ինձ էնպես ընդունեցին, ասես ես հազար տարի իրենց ճանաչում էի,- ասում է Լուսինեն,- հետո ինձ պատմեցին, որ Արտոն ինձ միշտ ներկայացրել ու պատմել է իմ մասին»:

Լուսինեին Արտավազդի մեջ հատկապես գրավել է նրա բարությունը, որը նա տեսել է Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի մեջ: «Տղամարդու իմ  իդեալը մեր մանկատան տնօրենն էր,- ասում է Լուսինեն,- ես չեմ պատկերացնում մի երեխա, որ նրան չսիրի: Նա շատ բարի ու հոգատար է եղել երեխաների նկատմաբ, ու ես ուզում էի, որ նրա նման մեկը լինի իմ կողքին, երբ մեծանամ. բարի, կամեցող, մաքրասեր, ու որ վրայից անուշ հոտ գա: Արտոն ինձ տվեց էն սերը, որ ես իմ կյանքում չեմ տեսել»:

Երիտասարդ զույգն ամուսնական ճանապարհորդությունն անցկացնելու է Անթալիայում: «Արտոն հարցրեց` ինքնաթիռ նստել ե՞ս. ասի` չէ, ասաց` դե ուրեմն կնստես: Գնում ենք Անթալիա»,- ասաց Լուսինեն:

Դիտվել է 1816 անգամ:
Print Friendly

Leave a Reply