ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ղեկավարները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 26, 2010 23:52

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները այսօր` Կանադայում` Մեծ ութնյակի համաժողովի շրջանակներում, հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ. հաղորդում է RIA Novosti-ն:

Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման ու Նիկոլաս Սարկոզին կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին` ակտիվացնել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքը` սկսելու կազմել խաղաղության պայմանագիրը:

«Ներկա պահին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին անհրաժեշտ է` անել ևս մեկ քայլ` ավարտելու Հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքը, որպեսզի կարելի լինի անցնել Խաղաղության պայմանագրի նախագծի մշակմանը»:

Երեք ղեկավարները ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդ կողմ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են:

Նախագահները կարգադրել են միջնորդներին` շարունակելու Հայաստանին ու Ադրբեջանին ապահովել ակտիվ աջակցություն` հաղթահարելու Ալմա-Աթայում ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում երկկողմ հանդիպում կազմակերպելու նախապատրաստման խոչընդոտները:

Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները «որպես առաջընթաց քայլ դիտում են այն փաստը, որ հետագա կարգավորումը պետք է հիմնվի մի շարք սկզբունքների վրա, որոնց թվում` մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձ, ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղին, անվտանգության և ինքնակառավարման ապահովման երաշխիքներ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք» սկզբունքները:

Այս սկզբունքների կողքին են դասվել նաև Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը` «սեփական բնակչության նկատմամբ պարտադիր իրավական կամարտահայտման ուժ ունենալու, բոլոր ներքին ու տեղահանված անձանց ու փախստականների` նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքի, խաղաղարար գործողություններ ներառող անվտանգության միջազգային երաշխավորման միջոցով». հաղորդում է vesti.ru-ն:

Դիտվել է 2139 անգամ:
Print Friendly

Leave a Reply