Ինքնախաբեությունը`որպես մտածելակերպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 26, 2010 21:35
Պաշտոնական Բաքուն կրկին հայտնվել է ծանր կացության մեջ, ինչն իր արտահայտությունն է ստանում նրա կողմից վերջին շրջանում պարբերաբար արվող անհավասարակշիռ հայտարարություններում… Մեկ նա իրեն իրավունք է վերապահում խոսել Թուրքիայի անունից, մեկ հարևան Իրանին խորհուրդ է տալիս ադրբեջանական զինուժին տարածք տրամադրել Հայաստանին հարվածելու համար, մեկ հանդես է գալիս Միացյալ Նահանգների նախագահին ուղղված հակահայկական հորդորներով, մեկ իր 90-ամյա պատմությունը պեղելով` փորձում աշխարհին ներկայանալ զոհի կարգավիճակով և այդպես շարունակ… Այնինչ, հակառակ Բաքվի կողմից թափվող քարոզչական բոլոր ջանքերի, պատմական իրողությունները շարունակում են իրենց օրինաչափ ընթացքը…
Եվ ահա, մինչ Ադրբեջանը տարված ինքնախաբեության տանող այս քարոզչությամբ, փորձում է գրավել աշխարհի ուշադրությունը, նավթից հետո նրա երկրորդ հպարտությունը հանդիսացող բանակը շարունակում է առաջնային գծում կատարել իր <<Սև գործը>>…
Ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 1088 անգամ, որի ընթացքում կիրառված տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 7500 փամփուշտ: Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի տվյալների, կրակի դադարեցման ռեժիմի խախտման ինտենսիվությունն առավել նկատելի է եղել մարտ ամսում: Այդ ընթացքում արձանագրված 454 խախտման արդյունքում գրանցվել է 2872 կրակոց:
Բնականաբար հակառակորդի այսօրինակ պահվածքին` անհրաժեշտության դեպքում ղարաբաղյան զինուժը տալիս է համարժեք պատասխան, ինչը ենթադրում է կրակային խոցման հավելյալ խտություն: Ամենապարզ հաշվարկներով, եթե անցած եռամսյակում երկու կողմից արձանագրված կրակոցների ընդհանուր քանակը բաժանում ենք ըստ օրերի, ապա ստացվում է, որ աստծո յուրաքանչյուր օր առաջնագծում արձակվել է շուրջ 150 փամփուշտ: Իսկ եթե ընդունենք, որ նշված փամփուշտների թեկուզ չնչին մասը նպատակաուղղված է կոնկրետ թիրախի, ապա զոհերի բացառման հավանականությունը, եթե ոչ ամեն օր, ապա ժամանակ առ ժամանակ հավասարվում է զրոյի…
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին






Facebook
Tweet This
Email This Post
