Բողոքի ակցիայի մասնակից Սաբիրաբադի շրջանի բնակիչները ծեծել են ոստիկանապետի տեղակալին
Օրվա լուր | ankakh | June 26, 2010 11:49
Ադրբեջանի կառավարությունը որոշել է Քուռ գետի վարարումների արդյունքում Սաբիրաբադի շրջանում հեղեղումների տակ մնացած 5 գյուղերի բնակչությանը տեղափոխել Զանգանայի դաշտ կոչված տարածք, ինչին բնակչությունը դեմ է: Սաբիրաբադի դպրոցներից մեկում տեղավորված հիշյալ գյուղերի 1000-ից ավելի բնակիչներ երեկ բողոքի ակցիա են անցկացրել կառավարության այդ որոշման դեմ: Նրանք պահանջում են նորոգել ջրհեղեղից վնասված տները եւ վերադարձնել իրենց նախկին բնակավայրեր: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ»-ը հայտնում է, որ ակցիայի ժամանակ չինովնիկները ծեծել են մի կնոջ եւ ֆիզիկապես վիրավորել նրան, ինչի պատճառով, զայրացած ամբոխը ծեծի է ենթարկել քաղաքի փոխոստիկանապետին:
Վիրավոր կնոջը տեղափոխել են Բաքու: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե կառավարությունը չփոխի իրենց այլ բնակավայրեր տեղափոխելու մասին որոշումը, ապա իրենք կգնան Բաքու եւ բողոքի ակցիաները կշարունակեն մայրաքաղաքում: Հիշյալ տարածաշրջանի բնակչությունը համոզված է, որ իրենց աղետի պատճառը Քուռ գետի հունը պարբերաբար մաքրելու հարցում պաշտոնյաների անփույթ, անտարբեր վերաբերմունքն ու պաշտոնեական չարաշահումներն են:
Ադրբեջանի կառավարության որոշմամբ նոր բնակավայրեր պետք է տեղափոխվեն հեղեղումների տակ մնացած Իմիշլիի, Սաբիրաբադի եւ Սաաթլըի շրջանների բնակիչները: «Ազադլըգ»-ն էլ հայտնել է, որ իշխանությունների անտարբերությունից զայրացած ամբոխը բողոքի ակցիան շարունակել է Բաքու-Հորադիզ ճանապարհի Գալագայըն հատվածում: Նրանք փակել են մայրուղին եւ Սաբիրաբադ գնացող ճանապարհը: Ոստիկաններին չի հաջողվել ապաշրջափակել ճանապարհները: Սաբիրաբադի գործադիր իշխանության ղեկավարը ակցիայի մասնակիցներին հավատացրել է, որ կառավարությունը խոստացել է վերանայել նրանց այլ վայրեր տեղափոխելու մասին իր որոշումը եւ հաշվի առնել բնակչության պահանջը, որից հետո միայն բողոքավորները ցրվել են:






Facebook
Tweet This
Email This Post
