Արարատում բացվեց փախստականների սոցիալական տուն. 105 իրաքահայ արդեն տեղավորվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 3, 2009 16:30

unhcr_logoԻրաքից Հայաստան գաղթած 1000 իրաքահայերից 105-ն արդեն տեղավորվել են Արարատ մարզի Դարբնիկ գյուղի նորակառույց Սոցիալական տանը: Մոտ 100-ն էլ սպասում են իրենց հերթին:

ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակն այսօր ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ու փախստականներին հրավիրել էր Դարբնիկ` մասնակցելու Սոցիալական տան բացման պաշտոնական արարողությանը, որի ժամանակ նաև ծառատուն արեցին:

ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան Իրաքի ընտանիքներին երջանիկ և ուրախ կյանք մաղթեց նոր միջավայրում:

«Անշուշտ, շենքը կառուցվում է քարից, բայց տան և համայնքի կառուցման գործում հոգի է դրված, և համայնքի հետ սերտ կապն է, որ դարձնում է այս գեղեցիկ տուֆի շենքը երջանիկ մի կառույց` Իրաքից գաղթած ընտանիքների համար»,-ասաց Հալեպոտան:

Դարբնիկ գյուղի նախկին գյուղատնտեսական քոլեջի շենքը 2008 թ. ՀՀ Միգրացիոն գործակալություն կողմից տրամադրվել էր ՄԱԿ ՓԳՀ-ին: Մոտ մեկ տարում քոլեջը վերածվեց 46 սոցիալական բնակարանով և 1 սոցիալական սենյակով շենքի:

Սոցիալական տան կառուցմանն իրենց ներդրումն են ունեցել ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Դեսպանատունը, Արարատի մարզի տեղական իշխանությունները:

«Մեր պարտականությունն է անել այնպես, որ իրենց տներից զրկված այս մարդիկ, որ ապաստանել են հայրենիքում, ավելի լավ կյանքի փնտրտուքով չլքեն իրենց պատմական հայրենիքը,-այսօր ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը,- Մենք պետք է այնպես անենք, որ այս մարդիկ կարողանան հաղթահարել բնակարանի, կրթություն ստանալու և եկամուտ վաստակելու խոչընդոտները»:

Առաքելություն Հայաստան բարեգործական հկ-ն և Առողջության ու կրթության հայկական կենտրոնը կաջակցեն փախստականներին`դժվարությունները հաղթահարելու և հասարակության լիիրավ անդամ դառնալու գործում:

Դիտվել է 5032 անգամ:
Print Friendly

Leave a Reply