ԼՂ-ի հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ Հայաստանի պատվիրակների նախաձեռնության ներքո ստորագրել են ԵԽԽՎ-ի 56 պատգամավորներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2010 21:51

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կայքէջում հունիսի 23-ին հրապարակվել է ՙԼեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պատասխանատվությամբ ու նպատակի հստակությամբ գործելու անհրաժեշտության մասին՚ գրավոր հռչակագիրը: Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության այս նախաձեռնության

ներքո ստորագրել են Վեհաժողովի 56 պատգամավորներ: Ըստ ՙԱռավոտ՚ օրաթերթի, հիշյալ ստորագրություններից 27-ը ապահովել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՙԺառանգության՚ ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:

Հռչակագրում ասված է.

ՙԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը պետք է շարունակի գործել պատասխանատվությամբ և ուշադրությամբ, գնահատի իր կարողություններն ու նպատակները, երբ գործ ունի հակամարտությունների հարցերի հետ, այդ թվում և՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության: Ցանկացած գործողություն, որը զուրկ է նպատակների նման հստակությունից, կարող է շատ քիչ նպաստ ունենալ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ընդհակառակը՝ այն կարող է ունենալ հակառակ արդյունք և բարդացնել շարունակվող խաղաղարար գործընթացը, որը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ:

Վեհաժողովի ջանքերը նման իրավիճակներում պետք է շարունակեն լինել ներառական և անմիջականորեն շահագրգիռ բոլոր կողմերի համաձայնության հույսով: ԵԽԽՎ նախագահի ջանքերը՝ լայնորեն խորհրդակցել անմիջականորեն շահագրգիռ կողմերի պատվիրակությունների անդամների հետ, պետք է իրականացվեն խնամքով և իմաստությամբ: Ինքնին նման խորհրդակցությունները կարող են հանգեցնել շահագրգիռ պատվիրակությունների միջև փոխըմբռնման և ոչ առճակատման հարաբերությունների բարենպաստ միջավայրի:

ԵԽԽՎ գործողությունները պետք է բոլոր դեպքերում հիասթափեցնեն որևէ կողմի, որը ձգտում է օգտագործել Վեհաժողովն իբրև հարթակ՝ քարոզչական և փոխադարձ մեղադրանքների համար: Վեհաժողովը պետք է նաև հստակ գնահատի իր հնարավորությունները՝ հակամարտության կարգավորման հարցերում: ԵԽԽՎն չունի մեխանիզմներ, գործիքներ կամ փորձառություն՝ անմիջականորեն զբաղվելու հակամարտության կարգավորմամբ: Հապճեպ գործողությունները ԵԽԽՎ կողմից այդ պատճառով անընդունելի են և կարող են լրջորեն վտանգել միջազգային հանրության ջանքերը՝ փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը՚:

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply