ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Հայաստանի կողմից պարտավորությունները չկատարելու մասին գրավոր հռչակագիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2010 19:38

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պաշտոնական կայքէջում հունիսի 25-ին տեղադրվել է մի շարք երկրների 20 պատվիրակների ստորագրած ՙՀայաստանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները՚ գրավոր հռչակագիրը:

Փաստաթղթում, մասնավորապես, ասված է, որ Հայաստանը չի կատարել Վեհաժողովի 2008 թ.-ի թ.1609 բանաձևում ամրագրված մի շարք պարտավորություններ, այդ թվում` որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ 10 անձանց սպանության համար, ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են մնալ անազատության մեջ, իշխանությունները հրաժարվում են քննել 2008 թ.-ի մարտյան իրադարձություններում բանակի ՙանօրինական՚ ներգրավման հանգամանքները:

Հեղինակները նաև մտահոգություն են հայտնում ընդդիմության երեք ակտիվիստների նկատմամբ նոր հետապնդումների առնչությամբ` նշելով, մասնավորապես, ՙՀայկական ժամանակ՚ թերթի թղթակից Անի Գևորգյանի դեմ հարուցված գործը: Փաստաթղթում հիշատակված է նաև Չարենցավանի ոստիկանությունում Վահան Խալաֆյանի սպանության փաստը:

Հռչակագրի հեղինակները կոչ են անում Հայաստանի իշխանություններին բացահայտել և պատասխանատվության ենթարկել 10 անձանց սպանության համար մեղավորներին, ազատ արձակել ՙքաղաքական շարժառիթներով՚ դատապարտված բանտարկյալներին և թափանցիկ ու արժանահավատ հետաքննություն անցկացնել մարտի 1-2-ի դեպքերում բանակի ներգրավման առնչությամբ:

Փաստաթուղթը ստորագրողների թվում են ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի ՙԺառանգություն՚ խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից` Մոլդովայի, Ուկրաինայի, Էստոնիայի, Լիտվայի պատվիրակները:

Նշենք, որ նույն օրը ԵԽԽՎի Բյուրոյի նիստում հետաձգվել է Լեռնային Ղարաբաղի խնդրով Վեհաժողովի ենթահանձնաժողովի վերականգնման հարցի քննարկումը: Բյուրոն, հավանաբար, այս հարցով որոշում կկայացնի սեպտեմբերի 7-ին Հռոմում կայանալիք իր նիստում: Այս մասին Ստրասբուրգից հայտնել է ԵԽԽՎում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Դիտվել է 1583 անգամ:
Print Friendly

Leave a Reply