Գարեգին Չուքասզյան. «Սա զարթոնք է. հազարավոր մարդիկ զարթնել են թմբիրից և հասկացել, թե ինչ է կատարվում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 25, 2010 17:44

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի շարունակում է պայքարը` վերահաստատելով իր սկզբունքներն ու վճռականությունը` ապազգային ու հակասահմանադրական ձեռնարկման դեմ:

Օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ պայքարում իրենց հաստատակամության ու վճռականության մասին այսօր լրագրողներին հայտնեցին նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի»  նախագահ Գարեգին Չուքասզյանը,  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, տառաստեղծ Ռուբեն Թարումյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը և «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը:

Չուքասզյանը նախաձեռնության դեմ ծավալվող շարժումը զարթոնք անվանեց` վստահեցնելով, որ այն արդեն իր արդյունքները տվել է, քանի որ հազարավոր մարդիկ «զարթնել են թմբիրից և հասկացել, թե ինչ է կատարվում»:

«Սա 88-ից հետո առաջին դեպքն է, երբ միևնույն շարժման մեջ են միավորվում մտավոր բարձր կարողությունների տեր մարդիկ, երիտասարդներ, ովքեր իրենց ուժերով ստեղծում են նոր իրավիճակ, որը կարևոր է քաղաքացիական հասարակության համար»,-ասաց նա:

Չուքասզյանի կարծիքով, հայ ժողովրդի իմունային համակարգը շատ հզոր է, քանի որ հայերն այն բացառիկ ազգերից են, որ հազարավոր տարիներ դիմացել են և ստեղծել անկախ պետություն: Այնուամենայնիվ նրա կարծիքով, գերտերությոնների կողքին դիմակայելու լավագույն ուղեցույցը  ոչ թե նյութական, այլ հոգևոր պետականության և հոգևոր հայրենիքի ամրապնդումն ու հզորացումն է, մինչդեռ այսօրվա շխանություններն ամեն ինչ փորձում են վերածել շուկայի:

Գինոսյանը համոզված է, որ այս ամենը իշխանությունների կողմից ծրագրված հետևողական քաղաքականություն է: Ըստ նրա, լեզվի հարցը ռազմաքաղաքական խնդիր է, և օտարի ներմուծումն այնտեղ` անթույլատրելի

Է:

«Կրթական համակարգը բոստան չէ, որ ով ուզի, մտնի»,-իր միտքն ավելի ավելի պարզ ձևակերպեց բանախոսը:

Օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ պայքարողները չեն ցանկանում, սակայն,  չինական պարիսպ կառուցել` համոզմունք հայտնելով, որ այսօր օտար լեզուների իմացությունն ու խորացումը խիստ կարևոր է, բայց ոչ ազգային արժեքների հաշվին:

Գինոսյանը մեջբերում է Նժդեհի խոսքերը. «Կարելի է ընդունել օտարը, սակայն ազգային մաղի միջով անցկացնելով»:

Իշխանյանն էլ շեշտում է այն, որ իշխանությունները շարժվում են «ինչ ուզենք, կանենք» կարգախոսով` արհամարհելով, անգամ, այս հարցով մտահոգ մի խումբ լուրջ մտավորականների կարծիքը, ովքեր բազմաթիվ փաստարկներով ապացուցում են օրենքում փոփոխություն մտցնելու վտանգը:

«Իշխանություններին մինչև հիմա հաջողվել է ստեղծել թյուրըմբռնում, թե խոսքն ընդամենը մեկ-երկու դպրոցի մասին է,-ասում է Թարումյանը,-սակայն այստեղ կարևոր է նշել այն, որ Հայաստանը կրթության ոլորտում միջազգային կոնվենցիա է ստորագրել, ըստ որի պարտավորվում է լեզուների ուսուցման հարցում խտրականություն չդնել: Եվ եթե որևէ երկիր ցանկանա մեզ մոտ դպրոց հիմնել, մեր իշխանությունները պարտավոր են այդ հնարավորությունը տալ»:

Թարումյանը նաև նշում է, որ այդ նույն կոնվեցիայով խրախուսվում է երկրում միալեզու ուսուցումը:

Դիտվել է 3111 անգամ:
Print Friendly

Leave a Reply