Ջազի մրցույթ «Ոսկե ծիրան»-7 փառատոնի շրջանակներում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 25, 2010 14:58

Ձախից աջ՝ Միքայել Ստամբոլցյան, Տաթևիկ Մանուկյան, Վարդան Հակոբյան

Այս տարի  «Ոսկե ծիրան»-7 կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի նաև «Ջազ-կինո» մրցույթ:

«Սա մեկն է այն ծրագրերից, որով մենք փորձում ենք կինոփառատոնը ուղղակի փառատանից վերածել տոնի, որտեղ ոչ միայն կցուցադրվեն ֆիլմեր կամ հնարավորություն կլինի շփվել կինոգործիչների հետ և այլն ,- այսօր լրագրողներին ասաց «Ոսկե Ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը,- մենք փորձում ենք այն վերածել գունեղ ու բացօթյա  տոնի»:

Ջազ փառատոնը կանցկացվի փառատոնի օրերին՝ ամեն օր երեկոյան ժամերին, Ազնավուրի հրապարակում, որտեղ հանդես կգան մեր տեղական համույթները: Դրանք կլինեն մրցույթային կատարումներ, իսկ նրանց կդատի Լևոն Մալխասյանի գլխավորած ժյուրին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 6000 դոլարին համարժեք դրամ:

Փառատոնի տնօրենի օգնական Վարդան Հակոբյանն ասաց, որ ընթացքի մեջ է նաև երկու ծրագրերի կազմակերպչական հարցերը, որից մեկը Սիրահարների այգում բացօթյա դիտումներն են,  իսկ մյուսը՝  Ուլիխանյան ակումբում՝ ակումբային ոճի մեջ կինոդիտումները:

«Սիրահարների այգում մուտքը կլինի ազատ և ցուցադրությունները կլինեն ուշ ժամերի,- ասաց նա,- ծրագիրը կոչվում է  «Երևանյան գիշերները Սիրահարների այգում», իսկ Ուլիխանյան ակումբում կարելի կյլինի ֆիլմի դիտմանը զուգահեռ սուրճ կամ գարեջուր խմել, իսկ ֆիլմի ավարտից հետո քննարկումներ կազմակերպել»:

Այս տարի մաստեր կլաս կտա  ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ Քլեր Դենին և ռուս կինոռեժիսոր Ստանիսլավ Գովոռուխինը: Իսկ Անգելա Ֆելսի հետ կլինի հարց ու պատասխան:

Փառաոտոնում կլինի Կլաուդիո Կարդինալեն, որի հետ կլինի մամուլիս ասուլիս:

Արտամրցութային ծրագրում կներկայացվեն Անրի Վերնոյի, Ատոմ Էգոյանի ,հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպուլոսի, Ֆրիդրիք  Թոր Ֆրիդրիքսոնի, ֆրանսիացի կինոռեժիսոր Քլեր Դընի և թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի ֆիլմերից:

Քլեր Դենին փառատոնի ամբողջ ընթացքում կլինի Հայաստանում:  Իսկ Ֆրիդրիք  Թոր Ֆրիդրիքսոնը գլխավորում է Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին:

Փարաջանովյան «Թալեր» մրցանակ հետմահու կտրվի Անրի Վեռնոյին, որը կհանձնվի նրա որդուն՝ Պատրիկ Մալաքյանին:  «Թալեր» կտրվի  նաև Թեոդորոս Անգելոպուլոսին:

Երբ  1976թ.  Փարաջանովը բանտախցում` կաթի շշերի կափարիչների վրա եղունգով փորագրել էր դրամներ, դրանք անվանել էր թալերներ: Այսօր «Թալերներ»-ը Փարաջանովի թանգարանում են: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակը այդ դրամներից մեկի արծաթյա պատճենն է: «Թալեր» մրցանակ է տրվել Տոնիո Գուերային, Տավիանի եղբայրներին:

Ընդհանուր առմամբ, այս տարի փառատոնի շրջանակներում կցուցադրվի 100-110 ֆիլմ, որոնց ոչ հայկական արտադրության ֆիլմերից յուրաքանչյուրի  վարձակալման համար փառատոնը վճարել է ոչ պակաս, քան 1000 եվրո:

«Երբ փառատոնը երիտասարդ է, դեռ հնարավոր է լինում ֆիլմ գտնել 200-300 եվրոյով,- ասաց փառատոնի Միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը,- ինչքան փառատոնի տարիքը մեծանում է, այնքան ֆիլմերը թանկանում են»:

Ստամբոլցյանն  էլ հավելեց, որ հետխորհրդային պետությունները ֆիլմերը ձեռք են բերում այդ տարածքի համար ֆիլմեր ապահովող ռուսական դիստրիբյուտոր գործակալությունից, որը, բնականաբար, ավելի է թանկացնում արտադրանքի գինը. «եթե մենք կարողանայինք ֆիլմը ձեռք բերել միանգամից եվրոպական արտադրողներից, այն ավելի էժան կլիներ»:

Փառատոնի ծախսած գումարը դեռ հայտնի չէ: «Հսկայական թվեր են ծախսվում ,- ասաց Ստամբոլցյանը,- ոչ մի կինոգործիչ էլ հասարակ կլասով չի ուզում գալ, բոլորը պահանջում են բիզնես կլաս, գումարած ֆիլմերի վարձակալությունը և այլն»:

Մշակույթի նախարարությունը, ամեն տարվա պես, հատկացնում է 50մլն. դրամ գումար:

Դիտվել է 2520 անգամ:
Print Friendly

Leave a Reply