Իսպանիան ստուգում է շվեյցարական բանկերում իր քաղաքացիների 3 հազար հաշիվներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2010 13:08

Իսպանիայի ֆինանսների նախարարությունն ստուգում է շվեյցարական բանկերում իսպանացիների 3 հազար հաշիվներ` պարզելու համար, թե եղել են արդյոք հարկերի վճարումից խուսափելու դեպքեր: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է երկրի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էլենա Սալգադոն ազգային հեռուստատեսությանը տված հացազրույցում:

«Ֆինանսների նախարարությունը միշտ էլ ակտիվ է եղել խարդախության դեմ մղվող պայքարում: Վերջին տարիներին մենք ավելի քան 35 մլրդ եվրո ենք վերադարձրել գանձարան շնորհիվ ձեռնարկված կանխիչ միջոցների եւ ֆինանսական խարդախության դեմ պայքարի: Այժմ մենք պարզապես ուժեղացնում ենք այդ պայքարը»,- նշել է նախարարը:

Սալգադոյի խոսքով` տնտեսական ճգնաժամի պայմաններում բոլորը պետք է գիտենան, որ կառավարությունը մտադիր չէ թուլացնել խարդախության դեմ մղվող պայքարը: «Չէ որ նա, ով խարդախություն է անում, խաբում է մեզ բոլորիս»,- հավելել է Սալգադոն: Նա նշել է, որ բոլոր այդ հաշիվների պահառուներն արդեն ծանուցագրեր են ստացել ֆինանսների նախարարությունից եւ պարտավոր են մոտ ժամանակներս «պարզել հարաբերությունները» հարկային ծառայության հետ:

Իսպանիայի մի շարք ԶԼՄ-ների տվյալներով` այդ 3 հազար հաշիվների ստուգումը կարող է հարկերի եւ տուգանքների տեսքով գանձարանին բերել 6-ից մինչեւ 8 մլրդ եվրո:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply