Պետական կառավարման համակարգի արդիականացումը` առաջնահերթություն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2010 12:50

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական քաղաքականության տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Լուկա Բարբոնեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` մասնակցելու Համաշխարհային բանկի կազմակերպած միգրացիայի և դրամական փոխանցումների խնդիրների թեմաներով համաժողովին։
Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի եռամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան համատեղ, արդյունավետ աշխատանքի համար։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության ընթացքը և հետագա անելիքները։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և ճգնաժամի հետևանքով առաջացած հիմնական մարտահրավերները` մասնավորապես ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորման և հավասար մրցակցային պայմանների ապահովման անհրաժեշտությունը և այդ ուղղություներով ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները։
Կողմերն առաջնահերթ կարևորել են պետական կառավարման համակարգի արդիականացումը, մասնավորապես, հարկային և մաքսային բարեփոխումների իրականացումը։ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական քաղաքականության տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Լուկա Բարբոնեն վերահաստատել է Համաշխարհային բանկի` բարեփոխումների իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը։

Դիտվել է 1984 անգամ:
Print Friendly

Leave a Reply