Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Քուվեյթի ֆինանսների նախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 25, 2010 12:38

Հունիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ Մուհամմադ ալ-Շիմալիին ( Mustafa Jassim Al-Shemali ):

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ եւ արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները: Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից: Նախարար Նալբանդյանը բեկումնային որակեց 2008 թ. նոյեմբերին ՀՀ Նախագահի պետական այցելությունը Քուվեյթ, որից հետո համագործակցության մի շարք ոլորտներում առաջընթաց է արձանագրվում, Քուվեյթում հիմնվել է Հայաստանի դեսպանություն:

Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ Մուհամմադ ալ-Շիմալին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց փոխվարչապետ եւ արտգործնախարար շեյխ Մոհամեդ Սաբահ ալ Սալեմ Ալ Սաբահի ողջույնները, եւ գոհունակությամբ նշեց, որ ՀՀ Նախագահի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:

Քուվեյթի ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ իր երկիրը մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ` նշելով, որ իր այցին հետեւելու են քուվեյթյան բարձրաստիճան պաշտոնյաների այլ այցելություններ:

Կողմերը հանգամանորեն քննարկեցին երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական, կրթության, գիտության եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ողջունում ու աջակցում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում քուվեյթյան ներդրումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց այսօր ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը եւ կարեւորեց մոտ ապագայում տնտեսական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի համաձայնեցումը եւ կնքումը: Երկուստեք նշվեց, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ օդային հաղորդակցության հաստատումը կխթանի տնտեսական փոխգործակցության զարգացումը:

Նախարար Նալբանդյանը խնդրեց իր ողջույնները փոխանցել քուվեյթցի գործընկերոջը եւ վերահաստատեց Երեւան այցելելու նրան ուղղված իր հրավերը:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply