8.8% տնտեսական աճ. իրականությո՞ւն, թե՞ գնաճ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 25, 2010 9:33

Տիգրան Դավթյան, ֆինանսների նախարար

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակեց առաջին հինգ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, համաձայն որոնց` ՀՆԱ-ն աճել է 8.8%-ով և կազմել է  մոտ 1 տրլն դրամ:

Հիմնվելով այս ցուցանիշների վրա՝ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը մտնում է վերականգնողական փուլ, և դա արդեն աճի միտում է: «Աճ է արձանագրվել  տնտեսության բոլոր ճյուղերում,- ասաց նախարարը,- և եթե  նախորդ ամիսներին մենք կարող էինք խոսել աճի ընդամենը որոշակի դինամիկայի մասին, ապա այսօր վստահ ասում ենք, որ աճն ունի կայուն ուղեգիծ, և լուրջ ակնկալիքներ ունենք, որ մինչև տարեվերջ տնտեսության աճը կկազմի շատ ավելի, քան կանխատեսել էինք»:

Այս տարվա բյուջեում 2010 թ. համար կանխատեսված է 1.2% աճ: Ֆինանսների նախարարի գնահատականով՝ սա շատ զգուշավոր կանխատեսում էր: Այժմ, համադրելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և  Համաշխարհային բանկի (ՀԲ) գնահատականները, կարելի է ասել, որ մինչև տարեվերջ աճի ցուցանիշը կտատանվի 5-10%-ի սահմաններում:

Ֆինանսների նախարարը հատկապես կարևորեց արդյունաբերության ոլորտում արձանագրված  12.1%  և արտահանման ծավալների  64.5% աճը: Շինարարությունը աճել է 12.5%-ով,  էլեկտրաէներգիայի արտադրությունը` 14. 6,  գյուղատնտեսությունը` 0.9, ծառայությունների ոլորտը` 6. 8 և մանրածախ առևտուրը` 1.3%-ով: Բայց սա առաջին հինգ ամիսների ցուցանիշն է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ:

«Ցանկացած երկրի համար 64.5% թիվը հսկայական ցուցանիշ է,- ասաց Դավթյանը,- եթե դա լիներ ուրիշ տարիներին, արդյունքն անասելի մեծ թիվ կլիներ, սակայն մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ նախորդ տարվա ցուցանիշները չափազանց փոքր էին՝ հասկանալի պատճառներով, ըստ այդմ՝ նախորդ տարվա ունեցած բազայի համեմատությամբ է, որ ստացվել է այդպիսի աճ»:

Ընթացիկ տարվա 8.8% աճը արձանագրվել է 2009 թ. այն բազայի նկատմամբ, որը  2008 թ. նույն հատվածի նկատմամբ  արձանագրել էր 15.7% անկում:

«7օր» էլեկտրոնային պարբերականի խմբագիր, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն ասում է, որ ՀՆԱ աճը պայմանավորված է ինֆլյացիայով, և 8.8%ը ոչ  թե իրական, այլ անվանական աճ է: «Եթե հաշվի առնենեք, որ սպառողական գների ինդեքսը կազմել է 7.6% կամ, ուրիշ կերպ ասած, գնաճը նախորդ տարվա 5 ամիսների նկատմամբ կազմել է 7.6%, ապա այն խժռել է ՀՆԱ աճը,- ասաց նա.- այսինքն` գնաճն է պատճառը, որ ՀՆԱ ցուցանիշները աճ են արձանագրում»:

Թևանյանն ասում է, որ ՀՆԱ աճի պարագայում պետք է արձանագրվի գործազրկության նվազեցում, որովհետև  գնաճը ինքնին նշանակում է, որ մարդկանց գնողունակությունը բարձրացել է:  «Գնաճը  մարդկանց գնողունակության բարձրացման հետևանք է,- ասում է նա,- բայց երբ միաժամանակ կա գնաճ և գործազրկություն, դա արդեն նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը դուրս չի եկել ճգնաժամից»:

Գործազրկությունն առաջին հինգ ամիսների կտրվածքով աճել է 1.2%-ով: Իսկ, օրինակ, մայիսին, ապրիլի համեմատությամբ, արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 6.3% անկում, մանրածախ առևտրաշրջանառությունը նվազել է 2.4, ծառայությունների ծավալը` 0.8,  էլ.էներգիայի արտադրությունը՝ 7. 9%-ով: Արտահանումն էլ նվազել է 18.7%-ով, ներմուծումը`  4.5%-ով:

Անդրանիկ Թևանյան տնտեսագետ

«Գները մեզանում աճում են ոչ թե պայմանավորված տնտեսության աճով, այլ միանգամայն ուրիշ բաղադրիչների «շնորհիվ»,- ասում է Թևանյանը:- Այդ բաղադրիչներից գլխավորը տնտեսության մենաշնորհային վիճակն է, դրամի արժեզրկումն է դոլարի համեմատ և դրսից ուղարկվող տրանսֆերտների տեղաշարժը»:

Ֆինանսների նախարարը տնտեսության  աճը պայմանավորում է նաև համաշխարհային տնտեսության  զարգացմամբ. «Չնայած համաշխարհային տնտեսությունը միատարր չէ, և այն, թե ինչպես է զարգանում տնտեսությունը Միացյալ նահանգներում, համեմատել չի  լինի Եվրազոնայի հետ, որը դրական անվանել չի կարելի, սակայն միանշանակ է այդ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա՝ դրական առումով»:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը վարկային ռեսուրսների կարիք չի զգում:  «Բյուջեի կատարողականը կապահովվի այն միջոցների հաշվին, ինչի հաշվին որ նախատեսված է եղել,- ասաց նա,- բացի այդ, մենք ունենք հարկերի լրացուցիչ հավաքված ծավալներ` մոտ 11.5 մլրդ դրամ,  իսկ մինչև կիսամյակի վերջն ակնկալվում է ևս 35 մլրդ, և այս թվերը ցուց են տալիս, որ վիճակագրական ցուցանիշները արտացոլում են իրականությունը»:

Դավթյանն ասաց, որ բացի հարկային հավաքված գումարներից, գանձապետական հաշվի վրա 153 մլրդ դրամ ռեսուրս կա. «Սա հսկայական գումար է  և լուրջ երաշխիք, որպեսզի մենք վստահ զգանք»: Իսկ բյուջեում նախատեսված ՀՆԱ նկատմամբ 6%  դեֆիցիտը, նախարարի գնահատմամբ, մինչև տարեվերջ ավելի փոքր թիվ կկազմի:

Ֆինանսների նախարարը դիմեց Հայաստանի այն խոշոր ընկերություններին, ովքեր դեռ չեն հրապարակել իրենց հաշվետվությունները: «!ոսքը վերաբերում  է մոտ 500 ընկերությունների, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 4 մլրդ դրամը,- ասաց նա,- եթե մինչև հուլիսի 1-ը նրանք չանցնեն աուդիտ, ապա կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Դեռ ժամանակ կա, թեպետև նրանց մեծ մասն արդեն կատարել է օրենքի պահանջը»:

Դիտվել է 1936 անգամ:
Print Friendly

Leave a Reply