Սեւանա լճի ջրում հայտնված 867 հա անտառներ կան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 24, 2010 22:57

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը: Ինչպես նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որոշման նախագծով նախատեսված միջոցառումների ժամանակացույցը նպատակ ունի ապահովելու Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, վերականգնումը:

Ծրագրով նախտեսված է մինչեւ 2029 թվականը Սեւանա լճի ջրի մակարդակը հասցնել մինչեւ 1905 մ-ի: ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը նշեց, որ կարեւոր հիմնախնդիր են լճին հարակից տարածքի շենք-շինությունները, որոնք ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով վտանգված են:

Վերջին տվյալների համաձայն` վտանգված են 1697 շենք-շինություններ, որոնցից պետական գրանցում ունի 481-ը: Այս տվյալները տրամադրվել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, սակայն, ըստ Վ. Մովսիսյանի, դրանք այդքան էլ հավաստի չեն եւ ենթակա են փոփոխման: Կառավարությունը գումար է հատկացրել նոր քարտեզագրում իրականացնելու համար: Վ. Մովսիսյանի խոսքով, սեպտեմբերի սկզբին քարտեզը հստակ կլինի եւ համապատասխան որոշումներ կկայացվեն: Ինչ վերաբերում է անտառներին, Վ. Մովսիսյանը նշեց, որ ջրում հայտնված 867 հա անտառներ կան: «Ոչ մի կերպ չենք կարող մաքրել, անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ, ջրի վրա աշխատող մեխանիզմներ: Մնացած ցամաքային տարածքները, իմ կարծիքով, պետք է պայմանագրային հիմունքներով տրվեն համայնքներին եւ մասնավորներին, որոնք էլ մաքրումը կիրականացնեն»,-ասաց Վ. Մովսիսյանը:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply