ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը Ջերմուկում ծանոթացավ առողջարանային-հյուրանոցային համալիրի շինաշխատանքների ընթացքին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 24, 2010 22:04

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ջերմուկում ծանոթացավ կառուցվող առողջարանային-հյուրանոցային համալիրի շինարարակական աշխատանքների ընթացքին: Այն կառուցվում է Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Սարգսյանի եւ Աշոտ Արսենյանի նախաձեռնությամբ: Ինչպես լրագրողների հետ կարճատեւ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ս. Սարգսյանը, համալիրի շինաշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտից եւ կավարտվեն 2012 թվականի վերջին: Այն լինելու է 4 հարկանի եւ ունենալու է հանգստի 160 սենյակ:

«Համալիրը կլինի համապատասխան միջազգային բարձրակարգ չափանիշներին: Կարծում եմ, այն լուրջ խթան կհանդիսանա Ջերմուկում զբոսաշրջության զարգացման համար»,- ասաց Ս. Սարգսյանը: Ըստ նրա, համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը կազմում է 15 մլն դոլար, իսկ առողջարանի գնային քաղաքականությունն իրականացվելու է համապատասխան հայաստանյան շուկայի չափանիշների: «Հանգստանալու գները բարձր չեն լինի: Աստիճանաբար մեր երկրում զարգանում են զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչն իր հետ կբերի նաեւ գների նվազման»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Նրա կարծիքով, Ջերմուկում այսօր կա նման համալիրի անհրաժեշտություն: «Հինգ-յոթ տարի առաջ Ջերմուկում առողջարաններն աշխատում էին տարեկան մի քանի ամիս, իսկ «Արմենիա» առողջարանային համալիրն ապացուցեց, որ ենթակառուցվածքների եւ սպասարկման բարձր մակարդակ ապահովելու դեպքում այստեղ առողջարաններն իրենց գործունեությունը կարող են ծավալել շուրջ տարին: Նաեւ պետական աջակցությամբ քաղաքում այսօր զարգանում են առոջարանային ենթակառուցվածքները, ինչը նաեւ ակտիվություն է մտցնում զբոսաշրջության զարգացման հարցում»,- ասաց նա:

Դիտվել է 2441 անգամ:
Print Friendly

Leave a Reply