Մանվել Սարգսյանի գրքի շնորհանդեսը ՌԱՀՀԿ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 24, 2010 17:19

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ Կենտրոնի ավագ փորձագետ Մանվել Սարգսյանի հեղինակած` “Լեռնային Ղարաբաղ. Պատերազմ եւ քաղաքականություն (1990-93թթ.)” գրքի շնորհանդեսը: Հրավիրված էին քաղաքագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, մտավորականության եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ եւ Սարգսյանի նոր ուսումնասիրությունը ներկայացրեց ՌԱՀՀԿ տնօրեն Կարապետ Կալենչյանը:

Այնուհետեւ հեղինակը հակիրճ շարադրեց այն դրդապատճառները, որոնք մղեցին անդրադառնալ ռազմական ակտիվ գործողությունների ու դրանց նախորդող ժամանակաշրջանում Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող ոչ դյուրին քաղաքական գործընթացներին: “Ներկա պահի ներքաղաքական կյանքի մի շարք ապակառուցողական երեւույթների արմատները թաքնված են Հայաստանի նորագույն պատմության` սույն գրքում հետազոտվող ժամանակահատվածում”,- համոզմունք հայտնեց Սարգսյանը` համառոտակի բնութագրելով քաղաքական եւ ռազմական համակարգերի կայացման ժամանակաշրջաններն ու դրանց ուղեկցած կարեւորագույն իրադարձությունները: Մասնավորապես նկարագրվեց 1991-ին ԼՂում առաջին ընտրված իշխանությունների ճակատագիրը եւ այն ազդեցությունը, որ այդ իշխանությունն ունեցավ ՀՀում քաղաքական փոխակերպումների վրա: Փորձագետն իր խոսքում նաեւ գնահատական տվեց ԼՂում ռազմական դիմակայության հաջողության եւ Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակի պատճառներին:

Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին Սարգսյանի նոր աշխատությունը` նշելով, որ այն արցախյան պատերազմի ժամանակաշրջանի քաղաքական գործընթացների, ինչպեսեւ 1990-93թթ. ԼՂՀում եւ ՀՀում պետականության կայացման շրջափուլերի անաչառ ու հետահայաց վերլուծության լուրջ փորձ է: Դրվատելի համարվեց, որ գրքում առանձին հավելվածով ներկայացված է նաեւ վերոնշյալ ժամանակահատվածի ռազմաքաղաքական ու դիվանագիտական անցքերի ժամանակագրությունը, որն “ինքնին հավաստի փաստական նյութ է ե°ւ թեմայով հետաքրքրվող մասնագետների, ե°ւ ընթերցող լայն շրջանակների համար”: Շնորհանդեսի մասնակիցների կարծիքով` գրքի գլխավոր արժանիքներից մեկը թեմայի ճշմարտացի լուսաբանումն է` անկողմնակալ եզրահանգումներով: Ուշագրավ աշխատության համար ներկաները շնորհակալություն հայտնեցին “Լեռնային Ղարաբաղ. Պատերազմ եւ քաղաքականություն (1990-93թթ.)” գրքի հեղինակին` նրան մաղթելով ստեղծագործական խիզախումներ եւ նոր մեծարժեք վերլուծություններ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանըª արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելովª Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշª ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:


Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply