Չարաբաստիկ օրենքի նախագիծն ընդունվեց. դրա դեմ պայքարողները չեն զիջում դիրքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | June 24, 2010 17:00
Հունիսի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու օրացույցով Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակման օրն էր` Սրբոց Թարգմանչացն մերոց` Սահակայ եւ Մեսրովբայ:
Այս նվիրական օրը մեր հայրենի կառավարությունը և Ազգային ժողովը յուրովի նշեցին. մեր խորհրդարանը 71 կողմ, 13 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած ««Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը դեմ է, առաջին հերթին, մեսրոպյան ազգապահպան գործին և մեծ հարված կարող է հասցնել մեր ազգային հիմնասյուներին:
Օրինագծին դեմ են քվեարկել այդ պահին ԱԺ-ում ներկա գտնվող «ՀՅԴ» և «Ժառանգություն» կուսակցությունների 11 պատգամավորները: Մյուս երկու դեմ քվեարկածներն անկախ պատգամավորներ Տիգրան Թորոսյանն ու Վիկտոր Դալլաքյանն են եղել: Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա ԱԺ-ի աշնանային նստաշրջանի քառօրյայում:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության անդամներ, բազմաթիվ մտավորականներ, հասարակական- քաղաքական գործիչներ ու պարզապես քաղաքացիներ կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ` հուսալով ազդել Աժ-ում մեծամասնություն կազմող և քվեարկության ելքը որոշող հանրապետական պատգամավորների որոշման վրա: Ապարդյուն, քվեարկությունը կայացավ, և օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց. ակցիայի մասնակիցների վանկարկումներն ու բողոքի ձայները ոչինչ չփոխեցին: Փոխարենը փոխվեցին վանկարկումները` «71 դավաճան», «Ապազգային ժողով», «Հակահայ ժողով», «Խարդախարան, ոչ թե խորհրդարան»:
Մարդկանց զայրացրել էին ոչ միայն քվեարկության արդյունքները, այլև այն, որ օրենքի նախագծին դեմ արտահայտվող «ՀՅԴ» և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներից շատ-շատերը չէին մասնակցել քվեարկությանը` նիստերի դահլիճում չլինելու պատճառով:
Պատգամավոր Վարդան Խաչատրյանը, մոտենալով հավաքվածներին, փորձեց արդարանալ, որ ինքն ընդամենը երեք րոպեով է ուշացել, սակայն քվեարկությունն արդեն տեղի էր ունեցել: «Բա էս օրով կարելի է՞ ուշանալ»,- իր զայրույթը չզսպեց մասնակիցներից մեկը: Խաչատրյանն էլ պատասխանեց. «Ի՞նչ տարբերություն, 13, թե՞ 14 դեմ, հատկապես, եթե գիտենք, որ մեր ձայները ոչինչ են»:
«Սա աբսուրդ է, երբ քո սեփական երկրում ստիպված ես պայքարել լեզուն պահելու համար»,-ասաց մասնակիցներից մեկը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կոչ արեց բոլոր մասնակիցներին միանալ իրենց և շարունակել պայքարը. «Մենք հայտարարություններ կանենք, կկազմակերպենք հավաքներ և ցույց կտանք այն ճանապարհները, որոնցով պետք է պայքարել այս սրբապիղծ օրինագծի դեմ»,-հայտարարեց նախաձեռնող խմբի անդամներից մեկը:
Նախաձեռնող խմբի երիտասարդ անդամներն այս հարցում մի բանաձև ունեն. «Օրենքը չի ընդունվելու, ընդունվելու դեպքում` չի գործելու, գործելու դեպքում` դպրոցներ չեն բացվելու, բացվելու դեպքում` փակվելու են»:
Դեռ քննարկման ժամանակ օրենքի նախագծին դեմ արտահայտվող պատգամավորներին Աշոտյանը խորհուրդ էր տվել առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել, իսկ մինչև երկրորդ ընթերցում ներկայացնել առաջարկներ, որոնք կարող են փոփոխություններ մտցնել օրենքի նախագծում: Սակայն դեմ արտահայտվողները դեմ են ոչ միայն առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելու և հետո փոփոխություններ անելու, այլև ընդհանրապես օրենքի նախագիծն ԱԺ մտցնելու գաղափարին:
Ինչևէ, օրենքի նախագիծը կյանքի կոչելու դեմ պայքարել խոստանում են նաև ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները. միայն թե արդեն պարզ է, որ այդ պայքարը պետք է ծավալել ոչ թե քվեարկության ժամանակ, այլ մինչ այդ:






Facebook
Tweet This
Email This Post
