Կբարելավվեն Սևանա լճի ջրահավաք ավազանի էկոհամակարգերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 24, 2010 16:03

Այսօր Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մարզի 2009թ. և 2010թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվությամբ հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը։ Նշելով, որ հաշվետու ժամանակաշրջանում նկատելի տեղաշարժ է արձանագրվել մարզի տնտեսության կայունացման ու զարգացման, համախառն ներքին արդյունքի աճի, բնակչության եկամուտների ավելացման, դպրոցաշինության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, համայնքային զարգացման և կենսագործունեության մյուս ոլորտներում, նա ներկայացրել է նաև առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, պատասխանել կառավարության անդամների հարցերին։

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009թ. աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և հանձնաժողովի նախագահի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը։ Այն նպատակ ունի ապահովելու Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և հարակից այլ հարցերի լուծմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների պարտադիր կատարումը։
Գործադիրը հավանություն է տվել Գեղարքունիքի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին։ Որոշման մեջ ամրագրված են միայն հրատապ լուծում պահանջող հարցերը, որոնց կհաջորդեն զարգացման ծրագրերը։

Կառավարությունն ի գիտություն է ընդունել Գեղարքունիքի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։

Ամփոփելով մարզի հիմնախնդիրներին նվիրված հարցերի քննարկումը, վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել արտագնա նիստի նախօրյակին մարզում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները:

«Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների և բնակչության համար առաջնայինը գործազրկության խնդիրն է, և նրանք այն կարևորում են մարզային մակարդակով, համայնքների և ընտանիքների մակարդակով։ Մարզային խնդիրներից երկրորդ տեղում բնակիչները կարևորում են ճանապարհների, առաջին հերթին` միջհամայնքային ճանապարհների վիճակը և գտնում են, որ դա սոցիալական, տնտեսական զարգացման կարևոր խոչընդոտներից է։ Մարզի առանձնահատկությունն այն է, որ ընտանիքների 28 տոկոսն ունի արտագնա աշխատողներ, և այդ ցուցանիշով մարզը մի քանի անգամ գերազանցում է մնացած մարզերին։ Հետաքրքրական է նաև, որ մարզի բնակիչները կարևորում են Սևանա լճի խնդիրը. այն չորրորդն է հիմնախնդիրների շարքում»,- ասել է Սարգսյանը։

Վարչապետը կարևորել է, որ մարզի  բնակչության 78 տոկոսի կարծիքով կառավարությունը պետք է խստացնի իր մոտեցումները ձկնորսության հետ կապված.    «Ինձ համար, անկեղծ ասած, զարմանալի էր, որովհետև կարծես թե ձկնաբուծությունը, ձկնորսությունը հնարավորություն են տալիս մեղմացնել նաև մարզի սոցիալական խնդիրները։ Բայց ստացվում է, որ բնակչության մեծամասնությունը, այնուամենայնիվ, պահանջում է, որ ավելի խստապահանջ լինենք այս ոլորտում»։

Սարգսյանը թերզարգացած է համարել  մարզի բնակչությանը առավել մտահոգող երկու ոլորտներ առողջապահությունը և  մշակույթը, նշելով, որ այդ ոլորտներում լուրջ անելիք կա:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և նախորդ տարիներին հիմնադրված անտառի խնամքն իրականացնելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 69 մլն 930 հազար դրամ։ Գումարի մի մասն ուղղվելու է նախարարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև գործող «Անտառապատում և անտառվերականգնում» ծրագրի համաֆինանսավորմանը։

Իր որոշմամբ գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է դասական աճուրդով օտարել ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում գտնվող 60 միավոր գույքը, «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմ» և «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ների հաշվեկշիռներում գտնվող մեկական ավտոտրանսպորտային միջոցները։

Կառավարությունը Երևանի որոշ տարածքներում գերակա հանրային շահ ճանաչված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթների իրականացման և պայմանագրերի կնքման լիազորությունները ՀՀ անունից վերապահել է Երևանի քաղաքապետին։ Սահմանվել է, որ նշված շենք-շինությունների վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղվում է պետբյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին։

Գործադիրը  հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են ՀՀ զինված ուժերի զինվորական կարգապահության հասկացությունը, սկզբունքները, զինծառայողների պարտականությունները` կապված զինվորական կարգապահության պահպանման հետ, զինծառայողներին տրվող խրախուսանքի և կարգապահական տույժերի տեսակները, դրանք կիրառելու կարգն ու պայմանները, հրամանատարների իրավունքները դրանց կիրառման գործում, ինչպես նաև զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ։

Կառավարության հավանությունն է ստացել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում ոստիկանությունում կամրապնդվի օրինականությունը, կարգապահական-իրավական քաղաքականությունը կդառնա կանխատեսելի, ոստիկանության ծառայողների նկատմամբ կարգապահական կալանք այլևս չի կիրառվի։

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply