8 խորհուրդ ամռանը լավ ինքնազգացողություն ունենալու համար

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 26, 2010 10:08

Ամառն իր հետ մի շարք դրական զգացումներ է բերում, բայց շոգը շատերի համար իսկական փորձություն է: Ամռանը հաճախանում են թունավորումներն ու մարսողական խնդիրները, իսկ շոգ եղանակին շատերն իրենց վատ են զգում, թուլանում են… Եթե ուզում եք ամռանը միշտ լավ ինքնազգացողություն և բարձր տրամադրություն ունենալ, հետևեք հետևյալ ութ խորհուրդներին:

1. Շատ մի կերեք: Շատ ուտելը ստիպում է մեր օրգանիզմին ավելի շատ էներգիա ծախսել ավելորդ կերակուրը մարսելու համար` ավելի կարևոր պրոցեսներին էներգիա տրամադրելու փոխարեն: Բացի այդ, շատ ուտելը մեծացնում է ավելորդ քաշ ունենալու հավանականությունը, իսկ ավելորդ քաշը, ինչպես հայտնի է, շատ հաճախ վատ զգալու և առողջական խնդիրներ ունենալու նախադրյալ է դառնում: Այդ իսկ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը ուտել միայն առողջ սնունդ` քաղցը հագեցնելու և օրգանիզմին անհրաժեշտ էներգիա ապահովելու համար:

2. Խուսափեք «արագ սննդից» (fast food), ինչպես նաև յուղոտ և ծանր ճաշատեսակներից: Եթե ուզում եք ամառվա ընթացքում միշտ լավ ինքնազգացողություն և լավ տրամադրություն ունենալ, կերեք թեթև, ճիշտ հաշվեկշռված սնունդ: Ձեր առօրյա ճաշացանկը պետք է կազմված լինի 14-15% պրոտեիններից ( ձուկ, թռչնամիս, կաթնամթերք և այլն), 10-11% ճարպերից (ցանկալի են բուսական յուղերը, ոչ թե կենդանականը, քանի որ բուսականներն ավելի հեշտ են մարսվում և ավելի օգտակար են մեր օրգանիզմին) և մեծ քանակությամբ հանքային նյութերով, վիտամիններով և այլ օգտակար բաղադրիչներով հարուստ կարբոհիդրատներից (բանջարեղեն, մակարոնեղեն, մի քիչ հացաբուլկեղեն):

3. Շատ հեղուկ խմեք: Ամռանը մեր օրգանիզմին երկու անգամ ավելի շատ հեղուկ է հարկավոր, քան ձմռանը: Հեղուկների մեծ քանակությունն առավել կարևոր է այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են սպորտով, հաճախ են ֆիզիկական վարժություններ անում և ընդհանրապես ֆիզիկապես ակտիվ են: Մեր օրգանիզմին ամռանը հարկավոր է միջինը  2,5-3,5 լիտր ջուր (կամ էլ 30 մլլ մարմնի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց): Բայց հիշեք, որ մեր օրգանիզմը հեղուկ է ստանում նաև մրգերից և բանջարեղեններից: Ուստի աշխատեք չափից շատ ջուր չխմել, հակառակ դեպքում կսկսեք ուժեղ քրտնել և օրվա ընթացքում տհաճ ծանրություն կզգաք ձեր մարմնում:

4. Ամռանն անհրաժեշտ է ուտել  օրական հինգ անգամ՝  փոքր չափաբաժիններով: Եթե սովոր եք ուտել օրը երեք անգամ, նոր սովորություն ձեռք բերեք թեթևակի ուտել նախաճաշի և ճաշի, ինչպես նաև ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում:Նախապատվությունը տվեք մրգերին, բանջարեղենին և կաթնամթերքին, քանի որ դրանք օգտակար են, թեթև, հեշտ են մարսվում և չեն ծանրաբեռնում ձեր մարսողական համակարգը:

5. Շաբաթվա մեջ մի օր կերեք միայն թարմ մրգեր և բանջարեղեն: Դա ձեր օրգանիզմի համար «հանգստի օր» կլինի, որի ընթացքում ձեր օրգանիզմը կհանգստանա, կմաքրվի և կվերականգնվի: Ընտրեք այնպիսի օր, երբ ստիպված չեք շատ էներգիա ծախսել (օրինակ` հանգստյան օրերին, եթե ամբողջ օրվա ընթացքում տանն եք լինելու):

6. Ամռանն աշխատեք խուսափել ալկոհոլային խմիչքներից: Ալկոհոլր ջրազրկում է օրգանիզմը, իսկ շոգ եղանակին դա բավական վտանգավոր է: Բացի այդ, ալկոհոլը կարող է ուժեղ քրտնարտադրության պատճառ դառնալ, որը նույնպես մեծ բեռ է օրգանիզմի համար: Բայց եթե շատ եք ուզում խմել, կարելի է խմել կարմիր գինի` օրական 200-250 մլ ոչ ավելի:

7. Կերեք միայն թարմ մթերք: Այս խորհուրդը շատ կարևոր է, քանի որ ամռան շոգին մթերքն ավելի շուտ է փչանում, քան ձմռանը: Պետք է շատ զգույշ լինել, քանի որ ամռանը մեծ է թունավորվելու հավանականությունը: Երբ մթերք եք գնում, անպայման ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին:

8. Եվ, վերջապես, մի մոռացեք տարրական հիգիենայի մասին. շոգին մանրէներն ավելի արագ են բազմանում, ուստի հնարավորինս հաճախ և մանավանդ հաց ուտելուց առաջ միշտ լվացեք ձեռքերը:

Դիտվել է 2664 անգամ:
Print Friendly

Leave a Reply