Միկրոէլեկտրոնիկայի հայրը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 5, 2010 10:01

1992-ին ԱՄՆ նախագահի թեկնածու  Հենրի Ռոսս Պերրոն Էդուարդ Քյոնջյանի մասին ասել է.«Նա Ամերիկայում հայտնվեց առանց  գրոշի, չիմանալով անգլերեն, սակայն  դարձավ երկրի ականավոր  գիտնականներից ու գյուտարարներից մեկը»: Մինչդեռ  կյանքը Միացյալ Նահանգներում հետաքրքիր ու զարմանալի կենսագրության ընդամենը մի հատվածն է  մի մարդու, ով Լենինգրադի բլոկադայում կենդանի թաղվել  է, ապա փախել է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) ու նացիստական ճամբարի հետապնդումներից: Ապշում ես, թե որքան բան կարող է ամփոփել մեկ մարդկային կյանքը:

Սկիզբը

Էդուարդ Քյոնջյանը ծնվել է Թիֆլիսում, բժիշկների ընտանիքում: Հայրը՝ Մկրտիչը, Էրզրումի փախստականներից էր, իսկ մայրը` Թիֆլիսի հարուստ Սալինյան տոհմից: Էդուարդը սովորել է հայկական դպրոցում և առանձնապես աչքի չի ընկել: Սակայն միշտ հետաքրքրվել է զանազան սարքերով: Իսկ իր սիրելի քեռուն՝ Համազասպ Համբարձումյանին (Վիկտոր Համբարձումյանի հորը) հաճախ էր այցելում նաև այն պատճառով, որ  նա հարուստ գրադարան ուներ, որից Էդուարդը երբեմն օգտվում էր:  Երբ 1922-ին քաղաքում ռադիոկայան հայտնվեց, Էդուարդն իսկույն դետեկտորային ռադիոընդունիչ հավաքեց, և  ուրախությանը չափ չկար, երբ հաղորդումներ էր որսում: Մասնագիտության ընտրությունն արդեն կանխորոշված էր:

Թիֆլիսի պոլիտեխնիկականում  մեկ տարի սովորելուց հետո որոշեց տեղափոխվել Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտ: Մայրը դեմ էր որդու որոշմանը և նույնիսկ գումար չտվեց ճանապարհի համար: Սակայն դա էլ Էդուարդին հետ չպահեց: 1928-ի ամռանը երիտասարդը մի կերպ հասավ Լենինգրադ: Ինստիտուտում  սովորելուն զուգահեռ աշխատում էր կենտրոնական ռադիոլաբորատորիայում, և ռադիոկապի վերաբերյալ 2 նյութ տպագրեց: Ավարտելուց հետո   ներգրավվեց  արշավախմբի կազմում՝   ուսումնասիրելու Անդրբևեռաշրջանում  ռադիոալիքների անցանելիությունը: Ճանապարհին մի պահ վարորդին խնդրեց  հատել ֆիննական սահմանը, որպեսզի սարքավորման դիրքը փոխի: Վարորդը, որ  ՆԳԺՀ-ի  գործակալ էր, գիտնականի վրա ուղղեց ատրճանակը և սպառնաց ազատազրկումով:  Քյոնջյանը վերադարձից հետո անախորժություններից խուսախելու նպատակով դիմեց իր պրոֆեսորին՝ կոնտր-ադմիրալ Բերգին: Վերջինս Էդուարդին թաքցրեց կապի ինստիտուտում՝ հանձնարարելով շատ կարևոր և գաղտնի աշխատանք:

Քյոնջյանի լարված աշխատանքը պսակվեց «Ռադիոընդունիչներում ձայնի ավտոմատ կարգավորումը» մենագրությամբ, որը տպագրվեց 1935-ին. նա թեկնածուական թեզ պաշտպանեց: Չնայած դրան` նա շարունակում էր ապրել յոթսենյականոց բնակարանի միջանցքում, 23 հարևանների հետ: Երբ սենյակներից մեկն ազատվեց, Քյոնջյանը դիմեց համապատասխան մարմիններին՝ այն ստանալու ակնկալիքով. նույն սենյակի համար դիմեց նաև մի միլիցիոներ, որն  արդեն այդ բնակարանում մի սենյակ ուներ: Դատարանում, երբ քննվում էր գործը, Քյոնջյանը խորամանկորեն մեջբերում անելով Ստալինի այն խոսքից, որ ուշադրության պետք է արժանացնել երիտասարդ գիտնականներին, ստիպեց վեճն իր օգտին լուծել: Հետո նա ամուսնացավ Վերգինե Մհերյանի հետ. նրա հետ ծանոթացել էր Ռոստովում` Թիֆլիսի ճանապարհին, ուր վերադառնում էր Լենինգրադ տեղափոխվելուց 8 տարի անց:

1930-ականները Քյոնջյանի համար վախի տարիներ էին.  ՆԳԺԿ-ն հետևում էր նրան: Ինչ-որ ժամանակ Քյոնջյանն աշխատեց Լենինգրադի մերձակայքում գտնվող գիտահետազոտական ինստիտուտում: Սակայն շուտով նրանց գլխին էլ սուր ճոճվեց. ընտանիքը տեղափոխվեց քաղաք. 14 ամիս տնային կալանքի տակ էին, առանց ապրուստի: Ստիպված էին տան կահ-կարասին վաճառել՝ հացի խնդիրը լուծելու համար: Այս ժամանակ էր, որ ծնվեց նրանց որդին:  Եվ անհայտ էր, թե ինչով կավարտվեր այս ամենը, եթե ՆԳԺԿ-ի ղեկավար Եժովին չփոխարիներ Բերիան: Նրա օրոք նախկինում հեղինակազրկված շատ գիտնականներ վերականգնվեցին, չնայած նրանց արգելված էր երկրի պաշտպանական կառույցներում աշխատել: Քյոնջյանն անցավ դասախոսական գործունեության:

Գիտնականի հանդեպ հետաքրքրությունը չմարեց: Հիվանդությունից դեռևս լիարժեք չապաքինված Վերգինեին օգնելու նպատակով տնային աշխատող էին վարձել, որը, ինչպես պարզվեց, ՆԳԺԿ-ին հաղորդագրություններ էր ուղարկում Քյոնջյանների տան անցուդարձի մասին: Վախը հետզհետե խորանում էր: Նրա գործընկերոջը հրավիրում են Երևան՝ ռադիոկայանում տեղակայված նոր սարքավորումը գործարկելու համար. աշխատանքի ժամանակ բռնակը կոտրվում է, և  նա քթի տակ փնթփնթում է, թե «Էս ի՞նչ աղբ են արտադրում մեր գործարանները»: Հաջորդ իսկ օրն այդ աշխատակիցն անհետացել էր:

Տարիներ անց ինչ-որ մեկը զանգահարում է Քյոնջյանին ու մաքուր հայերենով տեսակցություն խնդրում: Հանդիպման ժամանակ Քյոնջյանը խիստ զարմանում է` ճանաչելով անհետացած գործընկերոջը: Վերջինս պատմում է, որ բանտախցում  մի հայ բանաստեղծ է եղել, ում շնորհիվ էլ հայերեն է սովորել:

Քյոնջյանների ընտանիքն ԱՄՆ-ում

«Մահը»

1941-ի ամռանը Վերգինեն որդու հետ մեկնեց Անապա: Քյոնջյանը նրանց ավելի ուշ պետք է միանար: Սակայն վերահաս պատերազմը խափանեց նրանց ծրագրերը. շրջափակված Լենինգրադում սկսեց գործել մթերքի քարտային սիստեմը: Հոկտեմբերին այդ օրապահիկն էլ կտրեցին. Քյոնջյանը գոյատևում էր բանվորի օրապահիկով, որ ստանում էր օրական 12 ժամ խլացուցչի վրա աշխատելով (դա ստեղծված էր թշնամական ռադիոկայանների հեռարձակմանը խանգարող համակարգի հիման վրա, որը մշակել էր Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտը): Համալսարանում դասընթացները շարունակվում էին, սակայն երբեմն հենց լսարանում դասախոսներ և ուսանողներ էին մահանում: Նա նույնպես ծանր հիվանդացավ: Բուժումն ապարդյուն էր: Զգալով, որ վերջը մոտ է, խնդրում է տեղյակ պահել իր բարեկամ Կլարա Հոլմկվիստին: Վերջինս անմիջապես  արձագանքում է, սակայն երբ գալիս էլեկտրատեխնիկական ինստիտուտ, նրան հայտնում են, որ Քյոնջյանն արդեն  մահացել է, ու նրան թաղել են տնից ոչ հեռու: Տան ճանապարհին Կլարան հանկարծ նկատում է ձյան տակից դուրս ցցված ձեռք, որի մատները կարծես շարժվում են: Կլարան վազում է որդու հետևից. նրանք միասին ձյան տակից,  ի զարմանս իրենց, հանում են Քյոնջյանին և բերում տուն: Օրեր անց նա բացեց աչքերը: Երբ մարտի սկզբին եկավ ինստիտուտ, բոլորը զարմանքից ապշեցին՝ տեսնելով հարություն առած Քյոնջյանին: Շուտով նրա անունը նույնպես հայտնվեց տարհանվածների ցուցակի մեջ: Նա ապրանքատար վագոնով հասավ Լադոգա, ապա Մինվոդի,  ուր հոսպիտալում նրան գտավ կինը, իսկ 1942-ին քաղաքը գրավեցին գերմանացիները:

Կյանք՝ մահից հետո

1943-ին գերմանացիները նահանջելուց առաջ շատ-շատերի հետ Քյոնջյաններին նույնպես նստեցրին  գնացք և Գերմանիա տարան, ուր նրանք աշխատանքի ճամբար ընկան: Վառելու համար բերված գրքերի մեջ Քյոնջյանն իր գիրքը տեսավ, ու երբ պարետն իմացավ այդ մասին, հայտարարեց, որ չի թողնի նման մասնագետին ընկնել կոմունիստների ձեռքը, և կվերացնի Քյոնջյանի ընտանիքը, եթե սովետական զորքերը շրջապատեն ճամբարը:

Նրանց հաջողվեց փախչել ու  գնացք նստել, որտեղ հանդիպեցին հայերի, ովքեր ուղևորվում էին Շվարցվալդ: Նրանք գերազանց գիտեին, թե վերադարձի դեպքում հայրենիքում իրենց ինչ է սպասում: Քյոնջյանը դիմեց ամերիկյան հյուպատոսին` խնդրելով օգնել ԱՄՆ հասնել: !նդրանքը մերժվեց՝ վկայակոչելով արևմտյան ղեկավարների ու Ստալինի կնքած Յալթայի պայմանագիրը, որի համաձայն` սովետական քաղաքացիները պետք է վերադարձվեն հայրենիք: Որոշ ժամանակ անց նա կրկին դիմեց հյուպատոսին, այս անգամ նրան թույլատրեցին, սակայն նախազգուշացրին, որ լեզուն չիմանալու և հարազատներ չունենալու պարագայում ԱՄՆ-ում հեշտ չի լինի:

Քյոնջյանն ԱՄՆ ժամանեց 1947-ի փետրվարին: Նավահանգստում նրանց դիմավորեց մի կին և ուղեկցեց հյուրանոց, 2 ամսով սենյակ վարձեց ու 50 դոլար տվեց՝ նախնական ծախսերի համար: Սկզբում Էդուարդ Քյոնջյանն աշխատանքի անցավ ավտոլվացման կետում, ապա որպես գծագրող աշխատեց Westinghouse-ում: Երբ սկսեց բավականաչափ բացատրվել անգլերենով, նրան գիտաշխատողի աշխատանք առաջարկեցին Պիտսբուրգի նույն աշխատանոցում: Վերգինեն չցանկացավ Նյու Յորք տեղափոխվել: Քյոնջյանը դիմեց RCA ընկերության գիտական աշխատանքի ղեկավար Զվորիկինին, ում հետ դեռևս Լենինգրադից էր ծանոթ: Սակայն վերջինս, պատճառաբանելով  Քյոնջյանի անգլերենի չիմացությունն ու տարիքը, մերժեց: Որոշ ժամանակ անց Քյոնջյանը կրկին այցելեց Զվորիկինին, իր գրքերն էլ տարավ: Դրանք տեսնելով` Զվորիկինն իսկույն հասկացավ, որ թերագնահատել է գիտնականին: Պարզվեց, որ հենց  այդ ընկերությունում  տրանզիստորների մշակման ժամանակ Քյոնջյանի գրքերով են առաջնորդվում:

Առաջընթաց

Քյոնջյանի գործունեության մեջ շրջադարձային էր նորաբաց General Electric-ի էլեկտրոնիկայի լաբորատորիայի հրավերը: Նա ընդգրկվել էր Ռիչարդ Շիի գլխավորած սխեմատեխնիկների խմբում: 1954-ին նա ստեղծեց աշխարհում առաջին փոքրածավալ ռադիոհաղորդիչը՝ ծխախոտի տուփի չափ, որը սնվում էր արեգակնային էներգիայով. հետագայում այն գնահատվեց որպես  ԱՄՆ-ի գլխավոր ձեռքբերումներից մեկը: Ընդամենը 4 տարում նա դարձավ 19 գյուտի հեղինակ ու համահեղինակ: Դրանցից է մշտական լարվածության ջերմակայուն աղբյուրների  սխեման, տեսակետ, որն այսօր էլ կիրառվում է ողջ աշխարհում: !ումբը, որի կազմում աշխատում էր Քյոնջյանը, շուտով ցրվեց, և նա աշխատանքի անցավ American Bosch Arma կազմակերպությունում որպես «Ատլաս» հրթիռի կողային համակարգիչների մշակման գծով առաջատար ինժեներ:

1959-ին նա մշակեց ինտեգրալի սխեմայի նախատիպը, որն իրենից համակարգչային կուտակիչ  էր ներկայացնում: «Արման» կիսահաղորդչային տեխնոլոգիաներ չուներ: Քյոնջյանը դիմեց  Texas ֆիրմային իր մշակմանն արժանի տեսք տալու խնդրանքով. այդպես ծնվեց  լրատվական համակարգի նախատիպը:

Այդ տարի էլ ավարտվեց «Արմա»-ի հետ պայմանագրի ժամկետը: Ավելի ուշ նա տեղափոխվեց Grumman Aerospace ընկերություն: Սա «Ապոլլոն» ծրագրի համար լուսնի մոդուլներ  ստեղծելու պայմանագիր էր շահել, և Քյոնջյանը էլեկտրոնային մանրամասերի  առկա  ու հնարավոր խափանումների ուսումնասիրման լաբորատորիայի ղեկավարն էր: Դրանցից մեկը «Ապոլլոն-II»-ի համար ստեղծված համակցված մոդուլն էր, որը 1969-ի հուլիսի 20-ին վայրէջք կատարեց Լուսնի վրա: Այդ աշխատանքների արդյունքներն ամփոփող  գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև ռուսերեն, որի տիտղոսաթերթին նշված չէ խմբագիր Քյոնջյանի ազգանունը, քանի որ  նա համարվում էր !ՍՀՄ-ի դավաճան:

Էդուարդ Քյոնջյանը սահմանել է Քյոնջյան դրամաշնորհ՝ միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում կատարվող հետազոտությունների համար:

1999-ին լրացավ նրա 90 տարին: Այդ կապակցությամբ նրան շնորհավորեց նախագահ Քլինթոնը, իսկ մեկ ամիս անց նա կնքեց իր մահկանացուն: Էդուարդ Քյոնջյանի դագաղի կողքին երկու դրոշ էր փողփողում. մեկը` ԱՄՆ-ի, մյուսը՝ Հայաստանի անկախ Հանրապետության:

«Ереван»

մարտ, 2010թ.

Դիտվել է 2030 անգամ:
Print Friendly

Leave a Reply