Ադրբեջանի պատվիրակությունն առաջին անգամ անցել է Ղարաբաղի սահմանագծով` հատելով սահմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 3, 2009 14:31
«Մենք այստեղ չենք եկել` քաղաքական եւ պետական հարցեր լուծելու համար, մենք այստեղ ենք, որպեսզի հարթենք մարդկանց փոխհարաբերությունները»– այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:
Ճանաչողական այցով (որը նախաձեռնել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին) Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ ժամանած հասարակական և պետական մի խումբ գործիչների թվում է նաև ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի համանախագահ Միխայիլ Շվիդկոյը:
Առաջին անգամ նրանք անցել են Ղարաբաղի սահմանագծով` հատելով սահմանը: Նախատեսված է ադրբեջանական պատվիրակության այցը նաև Շուշի:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի գլխավորությամբ ԼՂ է ժամանել նաև պատվիրակություն Հայաստանից:
Այցի նպատակը, ինչպես շեշտել են հյուրերը, ԼՂՀ և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորումն է:
Դեսպան Բյուլբյուլօղլին դեռևս 2006 թ.-ի նոյեմբերին հայտարարել էր, որ Ադրբեջանը մինչեւ վերջ կվարի բանակցությունները, բայց եթե դրանք արդյունք չտան, ուժով կվերադարձնի իր հողերը:
«Այժմ կողմերն արդեն գրեթե պայմանավորվում են յոթ շրջանների ազատագրման եւ Ղարաբաղի կարգավիճակի հետագա քննարկման շուրջ: Եթե սա հերթական անգամ տապալվի, կարծում եմ, մենք այլեւս որեւէ բանի չենք սպասելու: Սա իմ անձնական կարծիքն է»,֊- «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել էր ադրբեջանցի դիվանագետը:
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն այս տարվա հունիսին Ծաղկաձորում ընթացած «Հայաստանը հաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային խորհրդաժողովում ասել էր, որ ինքը Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև շփումների վերսկսման չափավոր հույս է կապում երկու երկրների դեսպանների՝ Լեռնային Ղարաբաղ այցի հետ:
«Արմեն Սմբատյանը և Փոլադ Բյուլբյուլօղլուն այս տարի պետք է կրկնեն իրենց համատեղ ուղևորությունը, և դատելով ամենից՝ նրանց կուղեկցի ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան և մշակութային համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն»,- ասել էր նա:
Կազիմիրովը նշել էր, որ այդ այցը կարող է ունենալ լուրջ նշանակություն:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի և և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի գլխավորած հայ և ադրբեջանցի մտավորականների համատեղ պատվիրակությունը 2007թ. ևս այցելել էր Հայաստան, Ադրբեջան և ԼՂՀ:






Facebook
Tweet This
Email This Post
