Քաղաքագետները մեկնաբանում են ադրբեջանական դիվերսիայի դրդապատճառները

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 24, 2010 11:52

ԼՂ-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած զինված միջադեպից հետո օրեր են անցել, սակայն թեման շարունակում է մնալ քաղաքագիտական ու հասարակական շրջանակների քննարկման առարկան:

ԼՂ-Ադրբեջան շփման գծում հունիսի 18-19-ին տեղի ունեցած  միջադեպն, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, նպատակ ունի  և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս ստեղծել տագնապային իրավիճակ ու  տպավորություն, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները լուրջ են:

Մինասյանն ասում է, որ ադրբեջանական կողմը հույս ուներ, որ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում ռուսական կողմը կփորձի ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, ինչը, սակայն, տեղի չունեցավ Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպման ժամանակ:

«Ռազմական գործողությունները նաև բանակցություններից  հիասթափության նշան են, բացի այդ, ադրբեջանական ղեկավարությունը երկրի ներսում պետք է ցույց տա իր վարած կոշտ քաղաքականության ինչ-ինչ արտահայտություններ»,- ասում է Մինասյանը, որ ադրբեջանական կողմի քայլը բացատրում է պետերբուրգյան եռակողմ հանդիպման արդյունքներով:

Նրա խոսքով`իր համար ոչ հաճելի հանդիպումից հետո Ադրբեջանը դիվերսիոն ակցիայով փորձեց հիշեցնել միջազգային հանրությանը, որ հարցի լուծման ռազմական տարբերակը գոյություն ունի, ռազմական վտանգը Ադրբեջանի շանտաժային քաղաքականության մաս է կազմում: Սակայն, ըստ նրա, ռազմական ակցիան չէր բխում Ադրբեջանի շահերից. եթե դա  հետախուզական ակցիա էր, ապա ձախողված, քանի որ այս դեպքում նպատակը պետք է լիներ տեղեկություն ստանալը, ոչ թե մարտի մեջ մտնելը: Եթե  օպերացիայի նպատակն էր որևէ հենակետ գրավելը, ապա նորից ձախողել են, քանի որ ադրբեջանցիները նահանջել են`  զոհ տալով:

«Հատուկ նշանակության նման ջոկատները կազմված են սպաներից և ենթասպաներից, և սպանված ադրբեջանցին ենթասպա է,  մինչդեռ հայկական կողմում նրանց դիմագրավել են շարքային սահմանապահ զինծառայողները,- ասում է Մինասյանը:- Ուշագրավ է, որ  չնայած ադրբեջանական կողմից հարձակվել է հատուկ նշանակության ջոկատը, սակայն արդյունքի չի հասել»:

Մինասյանը նաև կասկածամտությամբ է վերաբերվում ադրբեջանական զոհերի շրջանառվող  թվին. «Նման բախումների ժամանակ, որպես կանոն, զոհվածներին և վիրավորներին տանում են: Ուստի քիչ է հավանական, որ ադրբեջանական կողմը միայն մեկ զոհ է ունեցել, մանավանդ որ ադրբեջանական կողմը լռություն էր պահպանում այս հարցի շուրջ և 1 օր հետո միայն սկսեց արձագանքել հայկական կողմի տեղեկատվական հոսքին»: Մինասյանի կանխատեսմամբ` առաջիկայում ադրբեջանական կողմը կշարունակի պարբերաբար դիվերսիոն գործողություններ կատարել:

Քաղաքագետը կարևորում է նաև Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը. պետերբուրգյան  հանդիպումով վերջակետ դրվեց  Թուրքիայի` ԼՂ հարցի կարգավորման գործընթացում ներգրավվելու փորձերին:

«Այս եռակողմ հանդիպմամբ բանակցային գործընթացը վերադարձավ նույն իրավիճակին, ինչ որ կար գոնե 6 ամիս առաջ: Ամենակարևոր արդյունքն այն է, որ բանակցային գործընթացի ձևաչափն է պահպանվել. Ռուսաստանը շարունակում  է առաջնային դեր խաղալ բանակցային գործընթացում, և ռուս-թուրքական հարաբերություններն էլ որևէ կերպ չանդրադարձան ԼՂ  հարցի կարգավորման գործընթացի վրա»,- ասում է Մինասյանը:

Քաղաքագետ Լևոն  Շիրինյանի կարծիքով` ԼՂ-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած  միջադեպից հետո  ՀՀ արտաքին գործերի  և սփյուռքի նախարարություններն իրենց գործում թերացել են. «Հիմա Սփյուռքը պիտի եռար, տեղեկատվական հոսքերը շրջեին ողջ աշխարհում ու ի ցույց դնեին Ադրբեջանի իրական դեմքը»:

Քաղաքագետը Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը դիտարկում է  Թուրքիա-Հայաստան  և Ադրբեջան-Հայաստան գործընթացի համատեքստում: «Թուրքիան մտել է փակուղի և հիմա պասիվ դեր ունի: Այժմ  Հայաստանի և Արցախի վրա ճնշում գործադրելու գործընթացը տեղափոխվում է արևելք: Ադրբեջանի թուրքերի  կողմից նման գործողությունները կարող են աճող պրոգրեսիայի տեսք ընդունել: Սա սադրանք չէ, այլ ինտենսիվ զարգացող գործընթաց: Բայց վախենալ պետք չէ»,- ասում է Շիրինյանը:

Նա սահմանային միջադեպը բոլորովին էլ անսպասելի չի համարում. «Արդեն 300 տարի թուրքերի հետ գործ ունենք, էլ ի՞նչ անսպասելի»: Ըստ քաղաքագետի` Ադրբեջանի դիվերսիոն գործողությունը չի կարելի համարել հարցը ռազմական ուղիով լուծելու հաղորդագրություն` ուղղված Հայաստանին.  «Սա հաղորդագրություն է Թուրքիային, որ Ադրբեջանն այժմ գործողությունների ծանրությունն իր վրա է վերցնում»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով, սակայն,  սահմանային միջադեպը հաղորդագրություն էր Ադրբեջանից ուղղված ոչ միայն Հայաստանին, այլև բանակցային գործընթացում ընդգրկված միջնորդ երկրներին, որ եթե հայկական կողմը զիջումների չգնա, Ադրբեջանը հարցը կփորձի լուծել ռազմական ճանապարհով:  Բոզոյանի խոսքով` վերջին 2-3 տարիներին, երբ Թուրքիան ակտիվացել էր ու փորձում էր դեր ունենալ Ղարաբաղի հարցի լուծման գործում, դիվանագիտական ճակատում կարողացել է որոշակի հաջողության հասնել: Եվ Ադրբեջանը ակնկալում էր, որ դիվանագիտական ճակատի հաջողություններից բացի, հաջողություններ կունենա նաև տարածքային հարցում:

Քաղաքագետի կարծիքով` պատերազմի վտանգը  հիմա էապես մեծացել է. Ադրբեջանը կարծում է` քանի որ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական ոլորտում կարողացել է հաջողության հասնել Հայաստանի նկատմամբ, ապա կկարողանա նաև ռազմական ոլորտում: Բոզոյանի խոսքով` չնայած Ադրբեջանի սպառնալիքներին` միջազգային հանրությունը չի կարող Հայաստանին ճնշել և ստիպել զիջումների գնալ, հայկական կողմն էլ զիջումների գնալու տեղ չունի. «Ցանկացած զիջում աղետալի կլինի: Առաջին զիջմանը կհաջորդի երկրորդը և այդպես շարունակ»,- ասում է Բոզոյանը:

Զիջումներին ու փոխզիջումներին դեմ է նաև Լևոն Շիրինյանը: «1918-ից մինչ օրս  հայկական զինուժի և Ադրբեջանի թուրքերի բախումներում միշտ հաղթանակել է հայ զինվորը»,- ասում է Շիրինյանը` հավելելով, որ Ադրբեջանի համար հայկական բանակն անպարտելի  է նաև այսօր:

Զինված բախումը տեղի է ունեցել հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը. ադրբեջանական  2 տասնյակ զինվորականներից կազմված հետախուզական-դիվերսիոն խումբը ներխուժել է Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մերձակա դիրքերից մեկը: Ադրբեջանական գրոհը հաջողությամբ հետ է մղվել: Ադրբեջանական կողմը մարտադաշտում թողնելով մեկ զոհ` նահանջել է (վիրավորների և արդեն Ադրբեջանի տարածքում զոհվածների մասին տեղեկություններ չկան), հայկական կողմն ունեցել է 4 զոհ, 4 վիրավոր: ՀՀ նախագահ Սերժ մՍարգսյանը դիվերսիայից հետո հայտարարեց, որ այս տմարդի գործողությունը հատկապես անընդունելի է, քանի որ այն տեղի է ունեցավ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց: «Այս փաստը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կարծիքով էլ` բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: «Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար»,-նշել է Նալբանդյանը:

Միջադեպը դատապարտող հայտարարությամբ հանդես եկան նաև Մինսկի խմբի համանախագահները. «ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է  անում կողմերին հանդես բերել զսպվածություն ինչպես այդ տարածքներում, այնպես էլ իրենց հրապարակային ելույթներում և պատրաստել իրենց հասարակություններին խաղաղության, ոչ թե պատերազմի»:

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը` Բոզոյանը նշում է, որ դրանով համանախագահող երկրները կողմնակալություն չեն ցուցաբերել, կողմերի միջև հավասարակշռություն պահպանելը նրանց գործելաոճն  է և հայտարարություններն էլ միշտ ստանդարտ են լինում: «Ադրբեջանական կողմն էլ Հայաստանին է մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Իրողությունը պարզելու համար միջազգային հետաքննություն չի կազմակերպվել, ուստի համանախագահները պարտավոր են ֆորմալ կոչով դիմել երկու կողմերին էլ»:

Դիտվել է 1959 անգամ:
Print Friendly

Leave a Reply