Հայաստանում բացվեց առաջին վիրտուալ համալսարանը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 3, 2009 15:15

untitled

Հայկական համալսարանական կրթության պատմության մեջ առաջին անգամ  աշխարհի ցանկացած կետից հնարավոր կլինի օն-լայն համալսարանական կրթություն ստանալ` Հայոց

լեզվու (արևելահայերեն, արևմտահայերեն), Հայոց պատմություն և Հայկական մշակույթ ֆակուլտետներում:

Մոտ 10 օր առաջ մեկնարկել են ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) ստեղծած Հայկական վիրտուալ համալսարանի ամառային շրջանի առաջին դասընթացները:

Աշխարհի 22 երկրների 17-82 տարեկան շուրջ 150 ուսանողներ ամեն օր վիրտուալ դասարան են գալիս Շանհայից, Ստամբուլից, Կորդոբայից, անգամ Ռեյունիոն կղզուց: Վրիտուալ համալսարանի հիմնադիր նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանի խոսքով` համալսարանի ստեղծման գաղափարը եղել է վաղուց:

«Համալսարանի ստեղծման հիմնական նպատակն էր հայ ուսանողին տալ հայեցի դաստիարակություն, ստեղծել օն-լայն կրթական համայնք:Ամբողջ աշխարհում օն-լայն կրթությունը արդիական է, և սա կնպաստի նաև փորձի փոխանակմանը»,-ասաց Զորյանը:

Վիրտուալ համալսարանի ուսանողները հիմնականում սփյուռքահայ երիտասարդներ են`  կանոնավոր ու  ազատ ունկնդրի կարգավիճակով: Ոչ հայախոս արևմտահայերը կարող են 6 լեզուներից որևէ մեկով ուսանել:

«Հայաստանից 3 դիմորդ արևելահայերենով սովորում են արևմտահայերեն: Համակարգը տառին համարժեք բառ է ցույց տալիս, այնուհետ հնչյունի արտասանությունը, հետո նորից մի քանի բառ, բացատրում է քերականությունը: Քայլ առ քայլ ամեն դասի մի քանի տառ ենք անցնում և սկսում ենք կարդալ»,-բացատրում է Սիրիայից ժամանած արևմտահայերենի  ուսուցչուհի Մարալ Լևոնյանը:

Հայաստանում աշխատող ուսուցիչներն ամեն օր օն-լայն պատասխանում են ուսանողների հարցերին և ապահովում  վիրտուալ ուսուցման կրթական և սոցիալական հաղորդակցման կողմերը:

Վիրտուալ համալսարանի միայն ամառային շրջանի դասընթացներն անվճար են: Աշնանային շրջանի դասերի հայտերը կսկսեն ընդունել օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 14-ը: 9-շաբաթյա դասընթացները կմեկնարկեն սեպտեմբերի 22-ին: Այս պահին 35 երկրի 382 դիմորդներ արդեն համալսարանի կայքում լրացրել են մասնակցության հայտը: Թե որքան մարդ կընտրվի, դեռ կազմակերպիչները չգիտեն:

Աշնանային դասերի մեկ կուրսը կարժենա 199 դոլար: Գումարի խնդիր ունեցող դիմորդները կրթաթոշակ ստանալու հնարավորություն կունենան, իսկ ամենաբարձր` «A» ստացած դիմորդներին կվերադարձնեն վճարած գումարը:

Դիտվել է 2549 անգամ:
Print Friendly

Leave a Reply