19 խնդիր և 80 հարց 3 ժամում. մասնագետները հիշեցնում են, որ դիմորդը մարդ է…

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 23, 2010 18:53

Տասը առարկաներից միասնական քննություններից ամենաաղմկահարույցը հայոց լեվից և գրականությունից հետո մաթեմատիկան էր: Այս առարկայից միասնական քննություն  է հանձնել 8845 դիմորդ, 9290 հայտագրվածներից 445-ը քննության չեն ներկայացել:

Մաթեմատիկայի միջին գնահատականը 10,3 է:  Չնայած Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացնում էր, թե մաթեմատիկայից դրական գնահատական ստանալը հեշտ կլինի, սակայն  դիմորդ-շրջանավարտների 25,51%-ը (2256 մարդ) անբավարար է ստացել: Գերակշիռ մասը` 56,47%-ը (4994 մարդ) ստացել է 8-13 միավոր: Իսկ 13,5-17 միավոր է ստացել դիմորդների 12,67%-ը: 17,5-20 միավոր է վաստակել դիմորդների 5,36%-ը: Առավելագույն 20  միավոր է ստացել միայն 4 դիմորդ:

Արդեն քննությունից հետո դիմորդները, ծնողները և կրկնուսույցները բողոքում էին, որ թեստերում ընդգրկված խնդիրները բարդ են եղել, իսկ քննական ժամանակը` քիչ:

17-ամյա Էմմա Սուքիասյանը ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դիմորդ  է: Նա աշխարհագրությունից ստացել է 17,5, իսկ մաթեմատիկայից` 9,25: Էմմայի ցածր գնահատականը մաթեմատիկայից շփոթության մեջ է գցել և՛ ծնողներին, և՛ դպրոցի ուսուցիչներին, և՛ կրկնուսույցին. Էմման դպրոցի բացառիկ սաներից է, և բոլորը նրանից բարձր գնահատական էին ակնկալում: Նա ասում է, որ քննության ժամանակ չէր կարողանում կենտրոնանալ կոնկրետ հարցի վրա և հանգիստ մտածել. «Հարցի վրա մի փոքր մտածելուց հետո վախենում էի, որ մյուս հարցերին էլ չեմ հասցնի անդրադառնալ, ժամացույցին նայելուց էլ նյարդային դողի մեջ էի ընկնում: Մի քիչ որ շատ ժամանակ լիներ, կհասցնեի»:

Մաթեմատիկայի 80 հարցից բաղկացած թեստը լուծելու և ձևաթղթի վրա անցկացնելու համար դիմորդներն ունեն ընդամենը 3 ժամ, այսինքն` ամեն հարցը լուծելուն և գրելուն կարող են տրամադրել ընդամենը 3 րոպե:

Էմման ասում է, որ քննական կենտրոնում տիրող մթնոլորտն էլ է խանգարել քննության նորմալ ընթացքին: «Իմ դիմաց նստած տղային դուրս հանեցին ծածկագրից օգտվելու համար, և ուղեղս դրանից հետո արգելակվեց,- պատմում է Գավառի թիվ 5 դպրոցում քննություն հանձնած  Էմման` հավելելով, որ քննասենյակում նաև աղմուկ է եղել,-պատկերացրեք, որ ես առաջին շարքից հանգիստ  խոսել եմ չորրորդ շարքում նստած դասարանցուս հետ ու նկատողություն չեմ ստացել: Խոսում էին բոլորը»:

Ճարտարագիտական համալսարանի դիմորդ Նարեկ Սարգսյանը մաթեմատիկայից 14,75 է ստացել: Նա ասում է, որ քննության համար 3 ժամը չի բավականացրել և հենց  այդ պատճառով է, որ ցածր գնահատական է ստացել: «Շատ խնդիրների համար արագ-արագ, առանց նորմալ մտածելու, պատասխան եմ ընտրել, քանի որ ժամանակը չէր բավականացնում»,- ասում է Նարեկը` հավատացած, որ եթե 30 րոպե ավել ժամանակ հատկացվեր քննությանը, ոչ միայն ինքը, այլև բոլոր դիմորդներն ավելի բարձր գնահատական կստանային: Նրա խոսքով` քննական թեստերում նաև որոշ հարցեր խճճված են եղել, պահանջը հստակ հասկանալը ժամանակ է խլել դիմորդից:

Կրկնուսույց Սուսաննա Մանուկյանն ասում է, որ 80 խնդիրը 3 ժամում լուծելն անիրական է: «Խելոք երեխաները զրկվել են ըստ իրենց գիտելիքների գնահատական ստանալու հնարավորությունից»,- ասում է նա և հավելում, որ միջին գիտելիքներ ունեցողը 3 ժամում 80 հարցից գրել է այնքան, որքան իմացել է և վաստակել գնահատական ըստ իր գիտելիքների, մինչդեռ բարձր գիտելիքներ ունեցողները չեն հասցրել գրել, ինչի հետևանքով իրենց իրական գիտելիքներից 2-3 միավոր ցածր են ստացել:

Մանուկյանն ասում է, որ այս տարվա թեստերում կան հարցեր, որոնք կարծես դիմորդին խճճելու միտում ունեն. «Այս տարի նաև բարդ խնդիրներն էին շատ անցած տարվա համեմատությամբ, այս տարի 15,5-ից  բարձր ստանալն ուղղակի անհնար էր»:

Մանուկյանը մատնանշում է, որ մի քանի տարի առաջ մաթեմատիկայի քննական տոմսերում ընդգրկված էր 8 խնդիր, և քննությունը տևում էր 4 ժամ. «Հիմա նույն բարդության խնդիրներին գումարել են ևս 11-ը և շրջանավարտից պահանջում են դա լուծել 3 ժամում: Երեխաներին հոգեպես ջարդում են` ըստ իրենց գիտելիքների չգնահատելով: Ասում են, թե այս տարվա 15-ը համարժեք է 20-ին: Այդ դեպքում ինչո՞ւ չենք անցնում 15 բալանոց համակարգին, եթե, միևնույն է, մնացած 5 բալին դիմորդները չեն արժանանում` անկախ իրենց գիտելիքներից»:

Մաթեմատիկայի ուսուցչուհի Էլմիրա Խաչատրյանն ասում է, որ թեստերում խնդիրներ կան, որոնք լուծելու համար դիմորդից առնվազն 15 րոպե կպահանջվի: «Սխալ է, որ և՛ հեշտ խնդրի համար և՛ շատ բարդի համար դիմորդը, միևնույն է, 0,25 միավոր է վաստակում: Մեկ բարդի փոխարեն դիմորդը կարող է 5 հեշտ խնդիր լուծել և վաստակել 1,25 միավոր»,- ասում  է Խաչատրյանը:

Կրկնուսույց Էմմա Խանաղյանը նույնպես նշում է, որ քննական ժամանակը բավարար չէ թեստերը լրացնելու համար. «Դիմորդը մարդ է, ոչ թե համակարգիչ: Պիտի ֆիզիկապես ի վիճակի լինի, չէ՞, 19 բարդ   խնդիրը  3 ժամում լուծել»:

Չնայած դիմորդների և ուսուցիչների պնդումներին, թե 3 ժամը բավարար չէ քննության համար, ԿԳ փոխնախարար, բողոքարկման հանձնաժողովի ղեկավար Մանուկ Մկրտչյանն ասում է, որ 3 ժամը քննության համար օպտիմալ ժամանակ է: Նրա խոսքով` 3 ժամից հետո դիմորդներն այլևս քննական թեստերի վրա չեն կարողանա մտածել, այլ կփորձեն ճիշտ պատասխանն իմանալու այլ միջոցներ գտնել:

Քննության գնահատականների հրապարակումից հետո էլ դիմորդների շրջանում այլ շփոթություն սկսվեց. ոմանք իրենց գրածից բարձր գնահատական են ստացել, ոմանք` ոչ: Էմման, օրինակ, 0,75 միավոր ավելի է վաստակել իր գրածից, իսկ Նարեկը` 0,5 միավոր, դիմորդներ էլ կան, ում գնահատականը նույնն է մնացել:

«Անհասկանալի է, թե ինչպես են որոշում, թե որ դիմորդին քանի միավոր պետք է բարձրացնեն»,- ասում է Նարեկը:

Գնահատականների հետ կապված խառնաշփոթը ԳԹԿ տնօրենն այսպես է բացատրում. «Մաթեմատիկայի գնահատումը մեր դիմորդները մի քիչ լավ չեն պատկերացնում, դրա համար էլ տանը գնահատականը ճիշտ չեն հաշվարկում: Այդ պատճառով էլ կարծում են, թե գնահատականը շատ կամ քիչ է բարձրացել»: Խաչատրյանը նաև նշեց, որ թեստերում եղել են վիճահարույց խնդիրներ, ինչպես, օրինակ` 10-րդ խնդիրը, որ երկրաչափությանն է վերաբերում: «Մի խնդիր կա, որի ձևակերպումը ոչ կոռեկտ ենք համարել. այստեղ 2 պատասխան է հնարավոր, ուստի որոշեցինք, որ դիմորդներին դրա  համար միավոր պետք է տրվի»,- ասում է Խաչատրյանը: Այս խնդրի համար  միավոր են վաստակել բոլորը, ովքեր այս խնդիրը չեն կարողացել լուծել կամ սխալ են լուծել: «Իհարկե, այս պարագայում խնդիրը ճիշտ լուծողները բողոքում են, որ իրենք ոչ բարենպաստ մրցակցային վիճակում են հայտնվում»,- ասում է Խաչատրյանը:

Դիտվել է 1993 անգամ:
Print Friendly

Leave a Reply