Արմեն Աշոտյան. «Ավելի լավ էր բժիշկ դառնայի, քան զբաղվեի այսպիսի անշնորհակալ աշխատանքով»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 23, 2010 18:00

Այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում քննարկվեցին «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություներ մտցնելու հարցերը: Նիստի ընթացքում Աշոտյանը ներկայացրեց նախագծում կատարված խմբագրական փոփոխությունների մասին` այն, որ նախկին 15 դպրոցի փոխարեն կբացվեն 11–ը, որոնցից 9-ը` միջկառավարական համաձայնագրերի համաձայն, որտեղ օտար լեզվով առարկաները կդասավանդվեն 9–րդ դասարանից, իսկ մյուս 2–ը կլինեն մասնավոր` Դիլիջան և Իջևան քաղաքաներում, որտեղ օտար առարկաներն օտար լեզվով կդասավանդվեն 7–րդ դասարանից: Քվեարկությունը տեղի կունենա վաղը:

Մինչ Կառավարության նիստերի դահլիճում քննարկվում էր օտարալեզու դպրոցների հարցը, դահլիճի մուտքի մոտ ընթացող բողոքի ակցիան ավելի էր թեժանում: Հավաքվածները «Մայրենին զիջողը Հայրենիքն է զիջում», «Օրինագիծը հանել անդարձ, «Ոչ օտարալեզու դպրոցների վերաբացմանը», «Հանրապետական, արժանանաս Նժդեհի անեծքին» և այլ վանկարկումներով ու պաստառներով, հայրենասիրական-ազգային երգերով ու բանաստեղծություններով, իրենց դժգոհությունն ու բողոքն էին արտահայտում օրենքի նախագծի դեմ:

Նախարար Աշոտյանը, ով ի դեպ վերջին շրջանում խուսափում էր Կառավարության նիստերի դահլիճ մտնել այն մուտքով, որի մոտ հավաքվում էին բողոքի ակցիայի մասնակիցները, այս անգամ, չգիտես ինչու, համարձակություն արեց. ակցիայի մասնակիցներին հսկող մեկ տասնյակից ավելի ոստիկանները հազիվ կարողացան զսպել մարդկանց զայրույթը (Աշոտյանի վիճակն, իրոք, նախանձելի չէր լինի, եթե ոստիկանների չհաջողվեր մարդկանց ետ պահել):

Հեռանալով Կառավարության շենքի մոտից` Աշոտյանն, այնուամենայնիվ, չկարողացավ խուսափել ակցիայի մի քանի մասնակիցներից և լրագրողներից: «Հնարավոր չէ՞, արդյոք, այդ մի քանի դպրոցը բացել` առանց օրենքում փոփոխություն մտցնելու» «Անկախ»-ի հարցին Աշոտյանը պատասխանեց.

«Ցավոք, իրավական լուծման այլ տարբերակներ չկան: Եթե կա մեկը, ով կարող է մեզ այլ լուծումներ առաջարկել, թող առաջարկի,-ասաց նա` ևս մեկ անգամ շեշտելով «եթե կարող է»  արտահայտությունը:

Նշենք, որ առանց օրենքին «ձեռք տալու» խնդիրը լուծելու առաջարկներ ներկայացրել են և «ՀՅԴ»-ն, և «Ժառանգություն»-ը: Սակայն, ինչպես երևում է, Աշոտյանի համար իր իրավաբանից այն կողմ, այլ չափանիշ գոյություն չունի: Եթե նա ասել է` հնարավոր չէ, ուրեմն հնարավոր չէ:

Նախարարն իր զայրացած զրուցակիցներին փորձեց «բացատրել», որ այդ դպրոցներում հայագիտական առարկաների դասավանդումը նույնն է լինելու, ինչ որ հայկական դպրոցներում:

«Ուսումնական ծրագրի 33-37 տոկոսը լինելու են հայագիտական առարկաներ` հայերեն լեզվով»,-ասաց նա` վստահեցնելով, որ հայագիտակա առարկաների դասաժամերը մնալու են նույնը, ինչ որ կողքի հայկական դպրոցներում:

Աշոտյանի ջանքները, սակայն, ապարդյուն անցան, քանի որ մի երիտասարդի մոտ տրամաբանական հարց առաջացավ, թե այդ դեպքում ի՞նչ կարիք կա օտարալեզու դպրոցներ բացելու: Աշոտյանը հակադարձեց. «Իսկ ո՞վ է ասում օտարալեզու դպրոց, դրանք ոչ թե օտարալեզու, այլ երկլեզու դպրոցներ են լինելու,-ասաց նա,- մարդիկ այդպես են անվանում, քանի որ այդպես երևի հեշտ է խնդրի մասին խոսելը»:

Աշոտյանը դեմ չէ հայկական դպրոցներում օտար լեզուների դասավանդումը խորացնելու պահանջարկին, սակայն միաժամանակ խոստովանում է, որ դա անելը հեշտ չէ.

«Եթե այդքան հեշտ լիներ, ինձանից առաջ աշխատած տասնվեց նախարարներն արած կլինեին»:

Հայաստանում անօրինական ձևով գործող մոտ 30 օտարալեզու դպրոցների մասին Աշոտյանը նոր է իմացել և պատրաստվում  է այդ դպրոցներում տեսչական ստուգումներ անցկացնել:

«Միայն ֆրանսիականների մասին ենք իմացել,-ասաց նա,-դրանց պայմանագրերի ժամկետներն ավարտվել էին, և նրանց կողմից առաջարկ էինք ստացել պայմանագրերը երկարաձգելու, ինչին մենք չենք արձագանքել»:

Աշոտյանը, խոստովանելով իր անկարողությունը կրթական ոլորտի խնդիրները լուծելու առումով, միաժամանակ մարդկանց քննադատությունների  90 տոկոսը ոչ կոմպետենտ է համարում: Նա բոլոր փաստարկներին ի պատասխան, խորհուրդ է տալիս կարդալ օրինագիծը, որը ոչ մի վտանգ չի պարունակում և որտեղ, ինչպես ինքն է ասում ասում, ամեն բան սևով սպիտակի վրա պարզ գրված է, մնում է կարդալ ու հասկանալ:

Փաստորեն, Աշոտյանը կասկածի տակ է դնում ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլև ՀՅԴ, Ժառանգություն կուսակցությունների, Հանրային խորհրդի, Սփյուռքի և Հայաստանի բազմաթիվ քաղաքական-հասարակական կառույցների ներկայացուցիչների, մտավորականների ու գիտնականների հասկացողության մակարդակը` օրենքի նախագիծն ընկալելու առումով, քանի որ վերջիններս, ծանոթանալով օրենքի նախագծին, դեմ են արտահայտվել` համարելով այն հակասահմանադրական ու ապազգային:

Վերջում Աշոտյանն անձնական առաջարկ ստացավ` թողնել նախարարի պաշտոնը և զբաղվել իր մասնագիտությամբ: Նախարարն, ըստ երևույթին, դեմ չէր.

«Ավելի լավ էր բժիշկ դառնայի, քան զբաղվեի այսպիսի անշնորհակալ աշխատանքով»,-ասաց նա:

Դիտվել է 2496 անգամ:
Print Friendly

Leave a Reply