Արմեն Աղայան. «Ռուսաստանը փորձում է «քավորի» դեր ստանձնել հայ- ադրբեջանական հարաբերություններում»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Մարիա Կարաթորոսյան | July 2, 2009 20:21
«Վրացական որևէ պաշտոնյայի պարգևատրումն այս թշնամական մթնոլորտում անհեթեթություն էր»,-այսօր ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից Միխայիլ Սահակաշվիլիին պատվո շքանշան շնորհելու փաստին: Հունիսի 24-25-ը Վրաստանի նախագահը Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա այցով ժամանել էր Հայաստան: Քաղաքագետի համոզմամբ` Հայաստանում Սահակաշվիլիի դեմ ցույցերի արգելումն ապացուցեց, որ մեր արտգործնախարության օրակարգում Ջավախքի հարց չկա: Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, սակայն, կարծում է, որ մեդալ տալը հայկական կողմի կոմպլեմենտար քաղաքականության նշան է: «Հայաստանը հստակ մեսիջ է ուղարկել Ռուսաստանին, դա նորմալ քաղաքականություն է, քանի որ Ռուսաստանն էլ հաճախ բանակցում է Ադրբեջանի հետ»,- ասաց նա: Բանախոսները կարծում են, որ ռուս- ադրբեջանական հարաբերությունների ջերմացումն ու տարեկան 500 միլիոն խմ գազ գնելու մասին Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված պայմանագիրը տարածաշրջանում ոչինչ չի փոխի: Պայմանագիրը կնքելու համար հունիսի 29-ին 1-օրյա այցով Բաքու մեկնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Համատեղ ասուլիսին Մեդվեդևն ու Ալիևը մի քանի անգամ հայտարարեցին, որ պայմանագիրը ոչ թե քաղաքական է, այլ կոմերցիոն: Աղայանը կարծում է, որ եթե հայկական ղեկավարության կողմից զիջումների պատրաստակամությունը չլիներ, Ռուսաստանն այդ զիջումը Հայաստանին երբեք չէր կարողանա պարտադրել։ «Սերժ Սարգսյանի հավակնոտ նախաձեռնությունն է պատճառը, որ ակտիվանում են «բրայզաները», որ «մեդվեդևները» Բաքու գնալիս Ղարաբաղի հարցն են քննարկում»,-ասաց նա` ավելացնելով, որ Ռուսաստանը փորձում է «քավորի» դեր ստանձնել հայ- ադրբեջանական հարաբերություններում։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքու այցի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել դրա համար:






Facebook
Tweet This
Email This Post
