Սեքսը հեռուստացույցից անցնում էմեծ էկրան

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 23, 2010 16:09

Տարիներ շարունակ կին հեռուստադիտողների բանակը ուշադիր հետևում էր  «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի չորս ընկերուհիների առօրյա հոգսերին, ականատես լինում նրանց սիրային արկածներին, դրամատիկ պահերին, կանացի ընկերության ուրախություններին: Կարելի է ասել, որ հեռուստադիտողները իրենց հերոսուհիների հետ մեծացան և գրեթե նույն պահերն զգացին սեփական կաշվի վրա: Հեռուստասերիալի այս բաղկացուցիչ մասը, ինչպես նաև սեռական թեմաների ազատ քննարկումը ապահովում էր երկրպագուների մեծ բանակը: Այդ ամենն ապացուցվեց սերիալի հիման վրա նկարահանված ֆիլմի շնորհիվ, որը մեծ հետաքրքրությամբ դիտեցին թե՛ սերիալի երկրպագուհիները, թե՛ դրան անծանոթ կանայք:

Հեռուստասերիալի հաջող էկրանավորումից ոգևորված նկարահանվեց դրա շարունակությունը` «Սեքսը մեծ քաղաքում 2»: Բնականաբար, նույն թեմաներով առաջնորդվելը այն կդարձներ կրկնության կրկնություն, այդ իսկ պատճառով սեքսը մեծ քաղաքից տեղափոխվեց: Քերրին իր ընկերուհիների հետ որոշում է հանգստանալ: Տարիներ շարունակ հեռուստադիտողներին էկրանի մոտ պահող պատճառներից մեկը սերիալում ցույց տրվող առօրեականությունն էր, քաղաքային մթնոլորտը, իսկ հիմա Աբու-Դաբի տեղափոխվելու հետ մեկտեղ առաջանում է մի խնդիր` ինչպե՞ս չփոխել հեռուստասերիալի ուղղվածությունը, մնալ ճանաչելի երկրպագուների կողմից, միաժամանակ չձանձրացնել նրանց, նորություն ցույց տալ: Չէ՞ որ անպայման չէ ցույց տալ այն նույն խնդիրները, հոգսերն ու հաճելի պահերը, որոնք կանայք արդեն իսկ տեսնում են իրենց առօրյայում, կարելի է նաև ներկայացնել շատերին անհասանելի կյանք, իրադրություններ` համեմված ծանոթ հերոսուհիներով ու կանացի ընկերության ֆենոմենալ դրսևորումներով:

Հերոսուհիները Նյու Յորքից տեղափոխվում են Աբու Դաբի, նյույուրքյան առօրյա  անցուդարձն էլ սցենարիստները փոխարինում են տոնականով, մի քիչ հանդիսավորով, չէ՞ որ այստեղ Քերրին ընկերուհիների հետ հանգստանալու է եկել: Փոխվել են նաև հերոսուհիների պահվածքն ու մտածելակերպը. հիմա հերոսուհիներն արդեն քիչ ավելի մեծ են, ամուսնացած ու ամուսնական կյանքից հոգնած: Միգուցե  դա խանգարի ֆիլմի հաջողությանը, բայց քանի որ դրա երկրպագուհիների մեծ բանակը մեծացել է սիրած հերոսուհիների հետ միասին, ապա հոգնածությունը, ինչ-որ բան փոխելու, տեղափոխվելու ցանկությունը հավանաբար  նրանց նույնպես ծանոթ լինի:

Ամեն դեպքում այս ֆիլմը «Սեքսը մեծ քաղաքում»  անվանումը ժառանգել է հեռուստասերիալից, ինչը կօգնի գոնե դիտողների որոշակի քանակ հավաքել. կարևոր չէ, որ այս տարբերակում թե «սեքս», թե «քաղաք» չես տեսնի:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply